Հայերեն   English   Русский  

​ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ.որի պատճառով գերմանացիները հարյուրավոր զոհեր ու վիրավորներ են ունեցել


  
դիտումներ: 3392

Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,

Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,

Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,

Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...

Միսաք Մանուշյան. «Կյանքիս երգը»

Օտար ափերում ապաստանած շատ հայեր կան, որոնք դարձել են այդ երկրների ազգային հերոս՝ պայքարելով հյուրընկալ ժողովրդի ազատության և պատվի համար: Նրանցից է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. սեպտեմբերի 1-ին, Հայոց Ծոփք-Կոմմագենե աշխարհում՝ հայոց աստվածների պանթեոնի հովանու ներքո՝ Նեմրութ սրբազան լեռան ստորոտին ծվարած Ադիյաման քաղաքում:

Միսաքը ծանր մանկություն է ապրել: Հայրը զոհվել է 1915 թ.՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Իսկ մայրը մահացել է սովից, գաղթի ճանապարհին: Միսաքն ու եղբայրը՝ Կարապետը, գաղթականների խմբի հետ հայտնվում են Տեր Զորի անապատներում, տեղի արաբների օգնությամբ փրկվում մահից ու հայտնվում Հալեպում:

Պատերազմի ավարտից՝ 1918 թ. հետո հայ որբախնամ հանձնախմբերը Միսաքին ու նրա եղբորը տեղափոխում են Լիբանան և հանձնում հայկական որբանոց: Չափահաս դառնալով՝ Միսաքը եղբոր հետ հեռանում է Լիբանանից և տեղափոխվում Ֆրանսիա՝ հաստատվելով Մարսել քաղաքում: Այստեղ Միսաքն աշխատում է գործարանում որպես խառատ՝ միաժամանակ խնամելով հիվանդ եղբորը: 1925 թ. Կարապետը մահանում է, և Միսաքը, թողնելով Մարսելը, հիմնական բնակություն է հաստատում Փարիզում:

Փարիզում Մանուշյանը սովորում է Սորբոնի համալսարանում որպես ազատ ունկնդիր: Փարիզում էլ՝ Հայ օգնության կոմիտեի գրասենյակում, հանդիպում է իր սիրուն՝ Մելինեին և ամուսնանում նրա հետ:

Դեռ պատանի տարիքում գրաճանաչ դառնալով՝ Միսաք Մանուշյանը սիրում էր գրականությունն ու արվեստը: Ստեղծագործում էր, հայերեն թարգմանում ֆրանսիացի գրողների գործերը: Մանուշյանի ստեղծագործությունները տպագրվում էին սփյուռքահայ մամուլում: Փարիզում նա հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը, իսկ 1937 թվականից՝ «Զանգու» շաբաթաթերթը, որում զետեղում էր նաև իր բանաստեղծությունները: 1946 թ. Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների «Իմ երգը» ժողովածուն:

Նա նաև ակտիվ հասարակական աշխատանքով էր զբաղվում ֆրանսահայ համայնքում, Հայ օգնության կոմիտեի կենտրոնական վարչության, նաև Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ էր:

1939 թ. սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Գերմանական նացիստները Ֆրանսիայում ազդեցություն և շատ կողմնակիցներ ունեին: Միսաք Մանուշյանը հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներից էր: Բայց, ուժերն անհավասար էին, և գերմանական բանակը, մտնելով Ֆրանսիա, շատ արագ գրավեց երկրի հիմնական մասն ու մայրաքաղաքը:

Փարիզում գերմանացիները ձերբակալեցին այն հասարակական գործիչներին, որոնք անվստահելի էին համարվում: Կոմունիստ լինելու համար ձերբակալվեց և համակենտրոնացման ճամբար տեղափոխվեց նաև Միսաք Մանուշյանը: Սակայն, կարճ ժամանակ անց նա ազատ արձակվեց՝ մեղադրանք չլինելու պատճառով: Ազատության մեջ Մանուշյանը միացավ Դիմադրության շարժմանը՝ ձևավորելով 50 հոգանոց պարտիզանական խումբ: Նա դարձավ Փարիզի և նրա շրջակայքում գործող Ազատ հրաձիգների ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատարը: Պարտիզանական կեղծանունը Ժորժ էր: Խումբը բաղկացած էր հունգարներից, լեհերից, ռումինացիներից, բայց մեծամասնություն էին հրեաները:

Նա իր պարտիզանական խմբով տասնյակ հարձակումներ է գործել գերմանացիների դեմ, ոչնչացրել է հարյուրավոր զինվորների, տասնյակ միավոր զինտեխնիկա:

1943 թ. նոյեմբերին Միսաք Մանուշյանի խումբը ձերբակալվում է գերմանացիների կողմից: Կինը՝ Մելինեն, խույս է տալիս ձերբակալությունից: Մանուշյանը բանտարկվում է Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Դիմանալով անմարդկային կտտանքներին՝ նա չի մատնում ընկերներին:

Այնքան մեծ էր Միսաք Մանուշյանի դերը Ֆրանսիայի դիմադրության շարժման մեջ, որ նրան ձերբակալելուց հետո գերմանական հրամանատարությունը այսպես կոչված՝ կարմիր պլակատը հրատարակեց: 15000 տպաքանակով լույս տեսած քարոզչական այդ թերթիկը կոչ էր՝ ուղղված Ֆրանսիայի ժողովրդին. գերմանական հրամանատարությունը մատնացույց էր անում, որ իրենց դեմ պայքարողները ֆրանսիացիներ չեն, նրանց ղեկավարը հայ է, որի պատճառով գերմանացիները հարյուրավոր զոհեր ու վիրավորներ են ունեցել:

Մահապատժից առաջ գրված նամակում Մանուշյանը կնոջը պատգամում է.

«Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով՝ այս կեսօրից հետո, ժամը 15-ին, կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժբախտ դեպք. դրան չեմ հավատում, բայց և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել. իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ՝ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար: Երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ, պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, որը կկարողանա քեզ երջանկացնել:

Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է՝ հիշատակներս տար Հայաստան, իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է, որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել, և եթե արել եմ՝ ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց՝ իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Մնաք բարով: Քո բարեկամ, քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան Միշել (ջանիկդ):

Հ. Գ. Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հազար ֆրանկ, եթե կարող ես վերցնել՝ վճարիր իմ պարտքերը և մնացածը նվիրիր Հայաստանին»:

Միսաք Մանուշյանը գնդակահարվեց 1944 թվականի փետրվարի 21-ին:

Ֆրանսիայի կառավարությունը Միսաք Մանուշյանին հետմահու շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան, իսկ ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրան բանաստեղծություն ձոնեց, որը հետագայում երգ դարձավ:

Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը 2009 թ. նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: