Հայերեն   English   Русский  

​Գրիգոր Գրիգորյան. «Առանց պարտության հաղթանակ չի լինում»


  
դիտումներ: 2445

Դեկտեմբերի 10-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի 2016 թվականի աշխարհի առաջնությունը:

Հոկտեմբերի վերջին կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունից հետո հայտնի դարձան այն մարզիկների անունները, որոնք հանդես կգան աշխարհի առաջնությունում:

70 կգ քաշային կարգում ոչ օլիմպիական քաշային կարգերի ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի երիտասարդ, բայց փորձառու ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: Հայ մարզիկը միջազգային մրցաշարերում հանդես գալու զգալի փորձ ունի, և, պատահական չէ, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը նրան է վստահել 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:

«Անկախի» հետ զրույցում երիտասարդ մարզիկը կարևորում է հաղթանակը Հայաստանի առաջնությունում և հույս հայտնում, որ աշխարհի առաջնությունում կկարողանա պատվով ներկայանալ, հաղթել և մեդալ նվաճել:

- Շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի առաջնությունում 4-րդ տարին անընդմեջ հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցմանը:

- Շնորհակալ եմ: Հայաստանի առաջնությանը և առհասարակ բոլոր մրցումներին պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ինձ համար շատ կարևոր է մշտապես լավ մարզավիճակով ներկայանալ և դիրքերը չզիջել: Կարևոր էր հաջող մտնել պայքարի մեջ և Հունգարիայում կայանալիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի անհատական առաջնությունում հանդես գալու հնարավորություն ստանալ:

Մրցակիցներիս ծանոթ էի: Նրանց հետ բազմիցս գոտեմարտեր եմ անցկացրել: Մրցաշարին մասնակցող յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է հաղթել, համալրել ազգային հավաքականի շարքերը և մասնակցել միջազգային մրցաշարերի:

Եզրափակչում մրցակիցս Վարուժան Կոջոյանն էր: Բավական լարված գոտեմարտ ստացվեց՝ եզրափակչին վայել դիտարժանությամբ: Վարուժան Կոջոյանը բավական ուժեղ էր: Բայց ես կարողացա ֆիզիկապես և հոգեբանորեն տրամադրվել գոտեմարտին:

4-րդ տարին անընդմեջ մեծահասակների Հայաստանի առաջնությունում, մրցելով Կոջոյանի հետ, նվաճեցի հաղթողի կոչումը: Ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուր հաղթանակ: Ուրախ եմ նաև, որ հուսախաբ չարեցի մարզիչներիս:

- Հաղթելով Հայաստանի առաջնությունում՝ Ձեզ հնարավորություն ընձեռվեց 70 կգ քաշային կարգում մասնակցել դեկտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ի՞նչ մարզավիճակում եք այժմ, քաշի նվազեցումը կարո՞ղ է խնդիր առաջացնել:

- Առաջնությունից հետո շատ կարճ դադար եղավ, այնուհետև վերսկսեցի մարզումներս: Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 8-ը հավաքականի հետ միասին Ծաղկաձորում մասնակցելու եմ ուսումնամարզական հավաքների: Ուշադրությունը կկենտրոնացնենք ֆիզիկական պատրաստվածության և տեխնիկայի վրա:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու են ուժեղագույն մարզիկները, որոնք լավագույնն են իրենց երկրների առաջնություններում: Ամեն ինչ անելու եմ հաջող հանդես գալու և մեդալով վերադառնալու համար: Ըմբշամարտում մարզիկները հաճախ են տարբեր քաշային կարգերում հանդես գալիս: Աշխարհի առաջնությանը մասնակցելու եմ 70 կգ քաշային կարգում: Մինչ դեկտեմբերի 10-ը ուժերս վերականգնելու բավականաչափ ժամանակ կա: Մարզավիճակս այժմ կայուն է: Մարզումների շնորհիվ ուսումնամարզական հավաքից հետո լրիվ պատրաստ կլինեմ:

- 70 կգ քաշային կարգը օլիմպիական չէ: Մտածու՞մ եք քաշային կարգի փոփոխության, վարկանիշային մրցաշարերի մասնակցելու և օլիմպիական խաղերում հանդես գալու մասին:

- Աշխարհի առաջնությունից հետո քաշային կարգս կփոխեմ և կրկին հանդես կգամ 74 կգ-ում: Ձգտելու եմ անել ամեն ինչ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Կարելի է ասել, որ դա լինելու է իմ գերնպատակը: Բնականաբար, մտածելու եմ ոչ միայն մասնակցության, այլև մեդալ ձեռք բերելու մասին:

- Մարզական կարիերայի ընթացքում եղե՞լ են գոտեմարտեր, որոնք առավել տպավորվել են:

- Ամեն գոտեմարտ իր պատմությունն ունի: Գոտեմարտից գոտեմարտ մարզիկն աճում է, փորձ է ձեռք բերում: Առավել տպավորիչ և հիշարժան են այն գոտեմարտերը, որոնցում հաղթել եմ: Բայց և այնպես մշտապես հնարավոր չէ հաղթել: Մարզիկի կարիերայում լինում են նաև պարտություններ, որոնք երբեմն էլ ավելի են կոփում և ուժեղացնում:

- Կա՞ն հատուկ հնարքներ, որոնց նախապատվություն եք տալիս և ավելի հաճախ կիրառում:

- Ըմբշամարտն անկանխատեսելի մարզաձև է: Դժվար է ենթադրել, թե մրցակիցդ պայքարի ինչ տակտիկա կընտրի: Միայն գոտեմարտելիս, պայքարի ժամանակ է հնարավոր ճիշտ գնահատել իրավիճակը, ծանոթանալ մրցակցին և հետո միայն մտածել այս կամ այն հնարքը կիրառելու մասին: Ես երբեք նախապես չեմ որոշում, որ հաղթելու համար հարկավոր է այս կամ այն հնարքը կատարել: Ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար, գոտեմարտի ժամանակ:

- Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը և հոգեբանորեն տրամադրվում գոտեմարտերին:

- Տարիների ընթացքում, փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ, կարողանում ես կենտրոնանալ, ավելորդ բաների մասին չմտածել: Մարզիչների խորհուրդներն են շատ կարևոր: Նրանք են ոգևորում մարզիկին գոտեմարտից առաջ և պայքարի մղում:

Հարկավոր է ամենակարևոր պահին չխառնվել, չընկճվել և վերահսկել հույզերը: Հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը: Հաճախ է պատահում, երբ ուժեղագույն մարզիկները հոգեբանորեն պատրաստ չեն լինում և պարտվում են:

Մշտապես հետևում եմ մարզիչներիս խորհուրդներին: Մրցաշարերի ժամանակ, ով կողքիս է լինում, նրան եմ լսում և նրա խորհուրդներով առաջնորդվում:

- Այսօր շատ հաճախ են ըմբշամարտիկները հանդես գալիս ակումբային առաջնություններում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

- Իմ կարծիքով՝ շուրջտարի հնարավոր չէ կատարյալ մարզավիճակում լինել: Հնարավոր է, որ մարզիկը չդիմանա այդչափ ծանրաբեռնվածությանը, որի հետևանքով առաջանա գերհոգնածություն, վնասվածքներ լինեն: Շատ մարզիկներ կան, որ փորձում են և կարողանում են համատեղել: Սակայն բոլորին չէ, որ հաջողվում է: Ակումբային առաջնությունները կարող են խանգարել մարզիկի կարիերային:

- Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել ըմբշամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Փոքր տարիքից եմ հաճախել ըմբշամարտի պարապմունքների: Ազատ ոճի ըմբշամարտով 3 ամիս զբաղվելուց հետո սկսեցի հաճախել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոց: Բայց մարզադահլիճում պարապմունքների ժամանակ մշտապես հնարքներ էի կատարում ըմբշամարտից: Մարզիչս խորհուրդ տվեց թողնել մարմնամարզությունն ու շարունակել զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով: Անգամ փոքր տարիքում ինձ համար առավել նախընտրելի էր այս մարզաձևը:

- Ի՞նչ է հարկավոր մարզիկին հաջողության հասնելու համար:

- Յուրաքանչյուր մարզիկ պետք է անմնացորդ և քրտնաջան աշխատի: Հարկավոր է գիտակցել, որ նպատակին հասնելու համար կարող են տարիներ պահանջվել, ուստի պետք է համբերատար լինել և երբեք չհուսալքվել, երբ ինչ-որ բան այնպես չի դասավորվում: Առանց պարտության հաղթանակ չի լինում: Պետք է մշտապես աշխատել սխալները շտկելու, հաջորդ անգամ դրանք թույլ չտալու ուղղությամբ: Ըմբշամարտն այնպիսի մարզաձև է, որ մրցակիցներից մեկը պարտվում է, մյուսը՝ հաղթում, այստեղ չկա ոչ-ոքի հասկացությունը: Իսկ հաղթում է նա, ով ֆիզիկապես և հոգեբանորեն ավելի պատրաստ է, ով ուժեղ է մրցակցից:

- Դեկտեմբերին Հայաստանը ներկայացնելու եք աշխարհի առաջնությունում: Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ներկայացնում եք մեր երկիրը միջազգային ասպարեզում:

- Պատասխանատվությունը կրկնապատկվում է, երբ ներկայացնում ես երկիրը: Ամեն գնով փորձում ես պատվով ներկայանալ և հուսախաբ չանել հայրենակիցներիդ: Սա հնարավորություն է, որ երկրիդ անունը ևս մեկ անգամ հիշատակեն: Մարզիկների հաջող ելույթների շնորհիվ է նաև, որ ճանաչում են մեզ ու մեր երկիրը: Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությունում հույս ունեմ, որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: Ջանք ու եռանդ չեմ խնայելու հաջող հանդես գալու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: