Հայերեն   English   Русский  

ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում 5 հավատարմագրված բուհերում


  
դիտումներ: 5255

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:

Գործընթացի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները բուհ են այցելում`տեղում ծանոթանալու որակի ներքին ապահովման համակարգերի գործունեությանը և փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանությանը սահմանված ժամանակացույցին: Այցելության ընթացքում տեղի է ունենում հանդիպում բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, իրականացվում է ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն: Բուհը ներկայացնում է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որի արդյունքները 2 տարին մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնի ՈԱԱԿ:

Արդեն իսկ մշտադիտարկում իրականացվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Առաջիկա շաբաթների ընթացքում այցեր տեղի կունենան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան:

Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի բուհին և ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովին:

Ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ՀԱՊՀ-ում, ՀԱԱՀ-ում, Հյուսիսային և Գլաձոր համալսարաններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: