Հայերեն   English   Русский  

​ՄԻՏՏԱՆԻ


  
դիտումներ: 3325

Հայկական լեռնաշխարհում հնագույն շրջանում հայոց շատ պետություններ են եղել, որոնց մասին պատմագիտությունը, ցավոք, ժլատ տեղեկություններ է հաղորդում: Այդ պետություններից է Միտտանին, որի պատմության մասին մեզ ավելի շատ օտար աղբյուրներն են փաստեր հաղորդում, քան հայրենական:

Միտտանին աղբյուրներում հիշատակվում է նաև Հուրի-Միտտանի: Պետության հիմնական բնակիչները հայկական հուրիական ցեղերն էին: Չնայած, թե՛ օտար, թե՛ հայրենական պատմագիտությունը մինչ օրս կասկածի տակ է առնում հուրիական ցեղերի հայկական ծագումը: Մանավանդ խորհրդահայ պատմագիտության մեջ հուրիների հայկական ծագման մասին որևէ աշխատություն չկա:

Սակայն անտրամաբանական է հուրիներին օտար ծագում և պատկանելություն վերագրել, քանզի Հայկական լեռնաշխարհում փաստված է հայկական ցեղերի և հայոց քաղաքակրթության անընդմեջ գոյությունն անհիշելի ժամանակներից (Սկզբից), և ակնհայտորեն անհնարին է այնտեղ այլ էթնիկ ծագմամբ պետական կազմավորումների գոյությունը պատմության հնագույն շրջանում:

Հայկական ավանդական պատումներում և դիցաբանության մեջ նշվում է հայերիս հրեղեն ծագումը (տե՛ս Վահագնի ծնունդը): Եվ Հուրի անունը կարելի է նաև մեկնաբանել հրեղեն: Ի դեպ, Հուրին նույնարմատ բառ է Ուրարտուի հետ: Եթե Ուրարտու բառի սկզբին ավելացնենք Հ տառը, ինչը բառասկզբին հեշտությամբ սղվում է, ամեն ինչ իր տեղը կընկնի. Հուրարտու՝ հուր-ար (արարում) - տու-վայր… Հրով արարված վայր: Այսինքն՝ Ուրարտու և հուրի բառերը նույնարմատ են և երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերին՝ հայերին:

Միտտանի պետությունը ձևավորվեց մ.թ.ա. XIX դարում՝ Հայկական բարձրավանդակի հարավային և հարավ-արևմտյան շրջաններում: Պետության մայրաքաղաքը Վաշշուգանեն էր:

Միտտանի պետության նախնական սահմաններն ընդգրկում էին Հայկական բարձրավանդակի հարավային և հարավարևմտյան հատվածները, Միջերկրական ծովի արևելյան հատվածը, մինչև Լեռնային Կիլիկիա, ներկայիս Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածները:

Միտտանիի տարածքը հզորության շրջանում ընդգրկել է նաև Սև ծովի հարավային ափերն ու Արարատյան դաշտը: Դա վկայում են եգիպտական աղբյուրները: Եգիպտացիները մարտակարգերի համար փայտանյութը ներկրում էին Միտտանիից, և ներկրում էին այնպիսի փայտանյութ, որը գոյություն ուներ միայն Մասիսի ստորոտում և Սև ծովի առափնյա հատվածում:

Հատկանշական է, որ Միտտանին կենտրոնաձիգ կառավարում չի ունեցել: Երկրի ներսում առանձին գավառները լիիրավ ներքին ինքնավարություն են ունեցել և կառավարվել են ավագանու և տեղական կառավարիչ-արքաների կողմից: Լայն լիազորություն ուներ Ավագների խորհուրդը, որ իրականացնում էր պետության կառավարումը մարզերում և համայնքներում:

Իսկ համայնքները Միտտանիում կազմակերպված և ուժեղ էին: Դրանք էին պետական իշխանությանը մատակարարում զինվորներ, զենքեր, հարկեր, մթերքներ, ամեն ինչ՝ ըստ իրենց տնտեսական զորության և կարողության: Ի դեպ, կառավարման այս մեխանիզմը Հայաստանում պահպանվեց հետագա դարերում ևս: Միայն տեղական արքաների և ավագանու տեղն արդեն հանդես էին գալիս իշխանական տները, և նրանց հարաբերությունները պետության հետ կարգավորվում էին Զորանամակով և Գահնամակով (պետաիրավական փաստաթղթեր միջնադարյան Հայաստանում):

Միտտանին զորեղ պետություն էր հատկապես մ.թ.ա. XVI-XIV դարերում: Միտտանիի արքաները կոչվում էին մեծ արքա, զորեղ արքա, տիեզերքի արքա… Պետության հզորության հիմքը մ.թ.ա. XVI դարում դրեց Պարատտառնա արքան, որ ընկճեց և իրեն ենթարկեց Ասորեստանը: Միտտանին ավելի հզորացավ մ.թ.ա. XV դարի կեսերին՝ Սաուսադատար արքայի գահակալման տարիներին: Իսկ մ.թ.ա. XIV դարի կեսերին՝ Տուշրատտայի գահակալման տարիներին, պետության սահմաններն ավելի ընդլայնվեցին՝ ընդգրկելով ողջ Հայկական լեռնաշխարհն ու Հյուսիսային Միջագետքը:

Միտտանիի դիցարանի գլխավոր աստվածը Միհրն էր՝ հայոց լույսի, արդարադատության աստվածը:

Միտտանին Առաջավոր Ասիայում առաջնության համար պայքարում էր Եգիպտոսի հզոր թագավորության դեմ: Առաջավորասիական առևտրական ուղիներին և Միջերկրական ծովի արևելյան ափերին տիրանալու համար, մ.թ.ա. XV դարի կեսին Թութմոս Գ փարավոնը մեծ զորքով շարժվում է հյուսիս, հաղթում հայկական զորքին:

Շատ չանցած՝ Միտտանին ռևանշի հասավ: Հայոց բանակը Սաուսադատարի գլխավորությամբ մի քանի ճակատամարտերում ջախջախեց եգիպտական զորքերը և վտարեց ելման դիրքերը:

Եգիպտոսի փարավոն Ամենհոտեպ Երկրորդը մեծ ջանքեր գործադրեց Միտտանիի աճող հզորությունը ջախջախելու և կրկին Եգիպտոսի գերիշխանությունն Ասիայում հաստատելու համար, սակայն այդ ջանքերն արդյունք չտվեցին: Հայոց բանակն արժանի հակահարված հասցրեց եգիպտացիներին Սաուսադատար արքայի գլխավորությամբ:

Ի վերջո, շարունակական պատերազմները հյուծեցին թե՛ եգիպտական, թե՛ Միտտանիի բանակները: Կողմերը Միտտանիի արքա Արտադամայի օրոք հաշտություն կնքեցին, որն ամրապնդվեց խնամիական կապերի հաստատմամբ: Շուրջ մեկ դար եգիպտական գահին հայոց արքայադուստրեր բազմեցին: Սույն քայլով Միտտանիի արքաները ոչ միայն կասեցրին Եգիպտոսի ագրեսիան, այլև հայոց արքայադուստրերի միջոցով իրենց ազդեցությունը տարածեցին Եգիպտոսում:

Այս արքայադուստրերի շարքում ամենանշանավորը Եգիպտոսի Նեֆերտիտի թագուհին էր՝ Միտտանիի արքա Տուշրատայի դուստրը: Ցավոք, հայտնի չէ Նեֆերտիտիի իսկական անունը: Նեֆերտիտի ղպտերեն նշանակում է՝ հյուսիսի գեղեցկուհին է գալիս… Միտտանիի արքայադուստը, գահ բարձրանալով Եգիպտոսում, շուտով այրիացավ: Երկրի կառավարումն անցավ նրա մանկահասակ որդուն, որի անունից էլ Եգիպտոսը երկար տարիներ կառավարեց Նեֆերտիտի թագուհին: Նա Եգիպտոսում (ամբողջ աշխարհում՝ առաջինը) կրոնական բարեփոխումներ իրականացրեց: Արգելելով եգիպտական հին աստվածների պաշտամունքը՝ Եգիպտոսում ներդրեց Հայաստանից ներմուծած Արևի՝ որպես միակ աստծու պաշտամունքը:

Բացի Նեֆերտիտիից, եգիպտական գահին հայտնի էին նաև հայ արքայադուստրեր Գիլու Հեպան, Տիան:

Հայտնի են Միտտանիի գահին բազմած արքաներից շատերի անունները. Կիրտա (մ.թ.ա. 1550-1525), Շուտարնա Ա (մ.թ.ա. 1525-1500), Պարատտարնա (մ.թ.ա. 1500-1470), Սաուասադատար (մ.թ.ա. 1470-1430), Արտադամա Ա (մ.թ.ա. 1430-1400), Շուտարնա Բ (մ.թ.ա. 1400-1375), Արտասշումարա և Տուշրատտա (մ.թ.ա. 1375-1350), Արտադամա Բ (մ.թ.ա. 1360-1340), Շուտարնա Գ (մ.թ.ա. 1340-1320), Շատտիվազա (մ.թ.ա. 1320-1300), Շատուարա Ա (մ.թ.ա. 1300-1285), Վասաշատա (մ.թ.ա. 1285-1275), Շատուարա Բ (մ.թ.ա. 1275-1260):

Սակայն Միտտանիի փառքը երկար չտևեց: Հայոց այս պետությունը ստիպված էր հիմա էլ պատերազմել հյուսիսում հզորացող խեթական պետության դեմ:

Մ.թ.ա. 1375 թ. մահացավ Միտտանիի թագավոր Շատուռնա Երկրորդը, որից հետո երկրում սկսվեց գահակալական պայքար նրա որդու` Արտաշումարայի և եղբոր` Արտադամայի միջև: Պայքարի ժամանակ Արտաշումարան սպանվել է պալատական Ուտխիի կողմից: Սակայն Արտաշումարայի կողմնակիցներին հաջողվել է գահ բարձրացնել նրա փոքր եղբորը` Տուշրատային: Սակայն դավադրություններն ու բանսարկությունները շարունակվել են Միտտանիի շուրջը: Այս ամենի մեջ մեծ էր Խաթիի և Եգիպտոսի խարդավանքը, որոնք դաշնակցած փորձում էին խորտակել Միտտանին: Իր հերթին Միտտանիի շուրջ օղակը սեղմվում էր, քանզի հարավում նրա դեմ թշնամանքով էին լցված վերստին հզորացող Ասորեստանն ու Բաբելոնը:

Երկարատև այս պատերազմում խեթերը կարողացան ջախջախել Միտտանիի բանակը, և հայոց հնագույն այս պետությունը մ.թ.ա. XIII դարում վերացավ պատմության թատերաբեմից: Վերջին գահակալը Վասաշատան էր:






Մեկնաբանություններ - 1

Suren Petrosyan     16.02.2017 Մենք ավելի շատ սովորում ենք Վահե Անթանեսյանի այս հոդվածներից, քան սովորեցինք դպրոցական տարիների մի քանի դասագրքերից: Շնորհակալ ենք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: