Հայերեն   English   Русский  

Գավառի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


  
դիտումներ: 5244

Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կրթության բարեփոխումների ապահովման բաժնի պետ Անգին Մարտիրոսյանը, խմբի մյուս անդամներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանը, ՃՇՀԱՀ Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, Գերմանիայի Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, համալսարանական կրթության և ուսուցման կենտրոնի ղեկավար Մարգրեթ Բյուլոու Շրամը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ուսանող Սևադա Սարգսյանը:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը: Գործընթացին որպես համակարգող մասնակցում է նաև Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) տնօրեն Իրինգ Ուոսերը: Հավատարմագրումն իրականացվում է ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: