Հայերեն   English   Русский  

«Լայն փակված աչքերով». ինչո՞ւ են ազատ գործում Բաքվին ապավինած «հայերը»


  
դիտումներ: 2737

Օրեր առաջ բուռն քննարկումներ ծավալվեցին հայ նախկին սպա Նորայր Մինասյանի՝ իբր Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին տեղեկությունների շուրջ: Սա արդեն դառնում է հետաքրքիր: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ միանգամից ու բուռն կերպով սկսեցին քննադատել, հաճախ էլ` հայհոյել Նորայրին ենթադրյալ դավաճանության համար, բայց հետո Արշակ Զաքարյանի շնորհիվ կարծես թե լույս սփռվեց այս «մութ պատմության» վրա, քանի որ պարզվեց՝ անցյալ տարվա սեպտեմբերին Բաքու ճողոպրած Վահան Մարտիրոսյանի «թեթև ձեռքով» նման ապատեղեկատվություն տարածվեց մեր լրատվադաշտում:

Ինչ-որ մութ պատմություն կա, որի համար Վահան Մարտիրոսյանը փորձել է վրեժ լուծել Նորայր Մինասյանից: Բայց այս դեպքում սա չէ կարևորը: Վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում առաջինը Բաքվին հանձնվեց նույն Վահան Մարտիրոսյանը: Այնուհետև Բաքվի ճանապարհը բռնեց իրեն վտարանդի գրող ու իրավապաշտպան հռչակած Վահե Ավետյանը, այս տարի նոյեմբերի 8-ին էլ հայտնի դարձավ, որ Բաքվում է նաև մեկ այլ «նշանավոր» հայ, իրականում անհայտ, բայց իրեն «հայտնի լրագրող և իրավապաշտպան» հորջորջող Սյուզան Ջաղինյանը: Հիմա էլ` Նորայր Մինասյանին էին ուզում «տանել» Բաքու:

Մի կողմ թողնենք որակումները, հայհոյանքները, արդյոք վերոհիշյալ երեք հոգին դավաճան էին, թե ոչ: Երևույթը դիտարկենք սառը գլխով, առանց որակումների ու հույզերի:

Հաստատ նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ ցանկացած երկիր ունի իր հետախուզությունն ու հակահետախուզությունը, անվտանգության մարմիններն ու ծառայությունները, ինչպես, օրինակ՝ մեր Ազգային անվտանգության ծառայությունն է: Բնականաբար, Բաքվում էլ կան հասցեներ, որտեղ տեղակայված են նման կառույցներն ու ծառայությունները, և բնականաբար, պարապ նստած չեն, անընդհատ մտմտում են, թե ինչ անեն, որպեսզի հենց նման քայլեր անեն` հավաքագրեն վահանմարտիրոսյաններին, վահեավետյաններին ու սյուզանջաղինյաններին, նրանց օգտագործեն իրենց նպատակների համար, հոգեբանական լուրջ «հարձակումներ» գործեն այդ մարդկանց միջոցով: Ու ի սկզբանե հասկանալի էր նաև, որ Բաքվի հատուկ ծառայությունները չէին բավարարվելու միայն Վահան Մարտիրոսյանով, լինելու էին հետագա ջանքեր: Ու հենց այստեղ է, որ պետք է, ուղղակի պարտավոր էին տեղից շարժվել մեր համապատասխան կառույցները, մարմիններն ու ծառայությունները:

Հիշում ենք, չէ՞, թե ինչպես էինք բոլորս հռետորական հարց հնչեցնում նույն Վահան Մարտիրոսյանի հանձնվելու ժամանակ, թե այդ ինչպե՞ս Հայաստանում քրեական հետախուզման մեջ գտնվող մարդը կարողացավ ոչ միայն դուրս գալ Հայաստանից, այլև հանձնվել Ադրբեջանին: Դեռ Վահե Ավետյանի դեպքը մի կողմ, որովհետև նա բնակվում էր Շվեդիայում, միգուցե հայկական համապատասխան ծառայությունները չէին կարող իրենց գործողությունների տիրույթը հասցնել Շվեդիայի սահմաններից ներս, բայց Ավետյանին Ադրբեջանը սկզբում իր երկիր մուտք գործելու թույլտվություն չէր տալիս, ու վերջինս ստիպված վերադարձել էր Կիև: Այդ ժամանակ մեր հատուկ ծառայությունները հո կարո՞ղ էին ինչ-ինչ քայլեր ձեռնարկել: Բայց անարգել Բաքու հասավ նաև Սյուզան Ջաղինյանը:

Դեռ մի կողմ թողնենք նաև այն, որ Վահան Մարտիրոսյանը վաղուց արդեն դուրս էր բերվել Ադրբեջանից ու երկար ժամանակ ապրում ու «գործում» էր երրորդ երկրում: Ու այստեղ մեր հատուկ ծառայությունները եթե ուզեին՝ կարող էին, չէ՞, ինչ-որ քայլեր անել, որ գոնե, ասենք, կանխեին նրա գործողություններն այլ հայերի հետ, կամ գոնե ուշի ուշով հետևեին, թե ում հետ է շփվում, ինչ է խոսում, ինչ է անում, ում է սպառնում, ում է փորձում ծուղակը գցել: Որպեսզի Նորայր Մինասյանը, օրինակ, չհայտնվեր նման «անհարմար» վիճակում: Հիշում ենք, թե ինչպես համացանցում հայտնվեց Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնի ձայնագրությունը, ու բոլորն այդ «լրտեսական բարիքը» վերագրում էին հենց մեր հատուկ ծառայություններին:

Դեռ ոչինչ, որ հայկական հատուկ ծառայությունները չէին կարող «վնասազերծել» Վահան Մարտիրոսյանի, Վահե Ավետյանի ու Սյուզան Ջաղինյանի գործողություններից բխող հետևանքները: Հասկանալի է, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն էլ փորձելու են «պաշտպանել» իրենց այս գործիքներին, ու միգուցե նրանց մոտենալ չհաջողվեր, բայց մի՞թե դժվար էր կանխել նրանց վնասակար գործողություններն այլ հայերի նկատմամբ:

ԱԱԾ աշխատանք

Փառք ու պատիվ Արշակ Զաքարյանին, որ շատ արագ ու ամենակարևորը` արդյունավետ կարողացավ կապվել Նորայր Մինասյանի հետ, պարզել եղելությունը, քայլեր ձեռնարկել այս խիստ բացասական «սև խոռոչը» լցնելու ուղղությամբ: Բայց հարցն այն է, որ դա պետք է աներ ոչ թե մի սրտացավ քաղաքացի, այլ մի ամբողջ ծառայություն ու կառույց, որին մենք հենց նման աշխատանք կատարելու համար վարձել ու ամեն ամիս աշխատավարձ ենք վճարում, դեռ ավելին, հասկանում ենք, որ նրա գործողությունները պետք է գաղտնիք պարունակեն ու ոչինչ չենք հարցնում նրա ծախսերի, արդյունավետության մասին, հոգում ենք այս կառույցի համար անհրաժեշտ թանկարժեք բոլոր ծախսերը: Այսինքն` առաջինը ոչ թե Արշակ Զաքարյանը պետք է կապ հաստատեր Նորայրի հետ ու պարզեր, որ Նորայրն առաջիկայում իր միջոցներով կվերադառնա Երևան ու ամեն ինչ կպարզաբանի, այլ հատուկ ծառայությունները պետք է անմիջապես հասնեին Նորայրի մոտ, նրան, այսպես ասած, ապահով ու անվտանգ, ամենայն հոգատարությամբ տեղափոխեին Հայաստան ու վիժեցնեին Ադրբեջանի ու նրա` «յան» վերջավորությամբ ազգանունով գործակալների գործողություններն ու մտադրությունները:

Բայց մեր հատուկ ծառայությունները լռում են: Միգուցե ինչ-որ քայլեր անում են՝ չգիտենք ու չենք կարող միանգամից մեղադրել, բայց լռում են: Այնինչ սա այն դեպքերից է, երբ գոնե ինչ-որ ծպտուն մեր հատուկ ծառայություններից պետք է դուրս գար, թեկուզ՝ ոչինչ չասող, իրավիճակը «սվաղող», բայց ձայն, որ իմանայինք`մեր անվտանգությունն ապահովող կառույցները կան ու գործում են: Ոչինչ, որ չիմանայինք, թե ինչպես են գործում, արդյունավե՞տ են, թե՞ ոչ, այլ ընդամենը իմանայինք, որ գործում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: