Հայերեն   English   Русский  

​Բանկային հաշիվ (մաս 3)


  
դիտումներ: 4943

Բանկային հաշվի վերաբերյալ նախորդ երկու հոդվածներում բացահայտեցինք բանկային հաշվի ամենաէական կողմերը, մասնավորապես անդրադարձանք բանկային հաշվի պատմությանը, նշանակությանը, արդյունավետությանը, բանկային հաշվի պայմանագրին առաջադրվող պայմաններին, բանկի կողմից հաճախորդի բանկային հաշվով կատարվող գործառնությունների իրականացման ժամկետներին և այլն։ Եզրափակելով բանկային հաշվի թեման՝ անդրադառնանք բանկային հաշվի ևս մի քանի էական հարցերի։

Ինչպես գիտենք, բանկում հաճախորդների վերաբերյալ տեղեկությունները պաշտպանվում են բանկային գաղտնիքով։ Այդ պաշտպանվող տեղեկությունները նախևառաջ վերաբերում են հաճախորդի բանկային հաշվին՝ հաշվում եղած դրամական միջոցներին, հաշվով կատարված գործառնություններին և այլն։

Բանկը երաշխավորում է հաճախորդի բանկային հաշվի (այդ թվում՝ բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին տեղեկությունների) վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը։

Բացի հաճախորդներից և նրանց ներկայացուցիչներից, բանկը հաճախորդի բանկային հաշվի վերաբերյալ տեղեկություններ կարող է տրամադրել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և անձանց (բանկային գաղտնիքի ինստիտուտը կբացահայտենք հաջորդ համարներում)։

Ե՞րբ է դադարում բանկային հաշվի պայմանագրի գործողությունը։

Բանկային հաշվի պայմանագրի դադարեցման առաջին հիմքը հաճախորդի դիմումով այն լուծելն է: Հաճախորդի դիմումով բանկային հաշվի պայմանագիրը կարող է լուծվել ցանկացած ժամանակ: Անգամ եթե պայմանագրում այլ բան նախատեսված լինի, հաճախորդը, միևնույն է, իրավունք ունի այն ցանկացած ժամանակ լուծելու՝ այդ մասին դիմում ներկայացնելով բանկին:

Մյուսը դեպքը բանկի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքն է: Սակայն, ի տարբերություն հաճախորդի նախաձեռնությամբ լուծման, այս դեպքում գործընթացն ավելի բարդ է, քանի որ նման ցանկության դեպքում բանկը պետք է փորձի դատարանի միջոցով լուծել բանկային հաշվի պայմանագիրը: Բանկը նման պահանջ դատարան կարող է ներկայացնել երբ.

1) հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.

2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բանկային հաշվի պայմանագրի լուծումից հետո հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ հաճախորդի համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: