Հայերեն   English   Русский  

Ըմբիշները մասնակցում են մրցաշրջանի վերջին ստուգատեսին


  
դիտումներ: 1293

Դեկտեմբերի 8-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու են ըմբշամարտի վերջին կարևոր ստուգատեսները: Սա նշանակում է, որ մրցաշրջանը Հայաստանի ըմբիշների համար դեռևս ավարտված չէ, այս կարևորագույն մրցաշարին մասնակցելու են նաև մեր պատվիրակները:

«Դինամո» ակումբը՝ Արսեն Մակվեցյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ին և 9-ին մասնակցելու է հունահռոմեական ըմբշամարտի ակումբային առաջնությանը: Ակումբը պետք է անի հնարավոր ամեն ինչ անցած տարվա ցուցանիշը կրկնելու համար: 2015 թ. դինամոյականները դարձան Իրանում կայացած երկրորդ խաղարկության արծաթե մեդալակիր:

«Դինամոյի» կազմում այս անգամ ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանն ու Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

Իսկ ահա մեր լավագույն ըմբիշներից Վարշամ Բորանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը ( 80 կգ) կմասնակցեն այս ոճի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը:

Սարգիս Քոչարյանի համար սա լինելու է առաջին խոշոր և պատասխանատու մրցաշարը մեծահասակների տարիքային խմբում: Հուսանք, որ հեռանկարային մարզիկը կկարողանա բավականաչափ լավ դրսևորել իրեն՝ ամրապնդելով տեղը ազգային հավաքականի կազմում:

Մարզիկները նշում են, որ արդեն իսկ հասցրել են մասնակցել ըմբշամարտի նոր կանոններով մրցաշարերին՝ հարմարվելով դրանց:

Նրանք ելույթ են ունենալու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն աշխարհի առաջնությունում թեժ մրցակցություն է ակնկալում, քանի որ ուժեղագույն ըմբիշներն են ներգրավվելու պայքարում:

Գլխավոր մարզչի գնահատմամբ՝ մեր մարզիկները լավ մարզավիճակում են, մնում է, որ իրենց իրական հնարավորությունները կարողանան ցուցադրել մրցագորգի վրա: Մասնագետը, ինչպես միշտ, ձեռնպահ է մնում կանխատեսումներ անելուց: Լևոն Ջուլֆալակյանը միաժամանակ նաև ընդգծում է, որ հունահռոմեականները միշտ էլ մրցումների մեկնում են մեդալների համար պայքարելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

Նույն ժամկետներում՝ դեկտեմբերի 10-11-ին, Բուդապեշտում ընթանալու է նաև ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թվականի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 23 տարեկանների 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանն ու 74 կգ քաշային կարգի մեծահասակների 2014 թվականի Եվրոպայի առաջնության և մինչև 23 տարեկանների 2015 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը: Նրանք հանդես են գալու, համապատասխանաբար, 61 կգ և 70 կգ քաշային կարգերում:

Տղաները ելույթ են ունենալու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ հավաքականի տղաներն ամենայն պատասխանատվությամբ են մարզվում, ինչը հաջող մասնակցության և մեդալներ ձեռք բերելու հույսեր է ներշնչում:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: