Հայերեն   English   Русский  

​Երկարակեցության առեղծվածային բաղադրատոմս՝ հայկական խոհանոցից


  
դիտումներ: 2469

Հայկական խոհանոցի ամենաառեղծվածային խորտիկներից է «նիշաստան»: Ավանդական նիշաստայի բաղադրատոմսը հնագույն ժամանակներից պահպանվել է Ջավախքի հայերի մոտ:

Նիշաստա բառը թուրքերենով օսլա է նշանակում, որը մասնակիորեն բացատրում է դրա բաղադրությունն ու նշանակությունը:

նիշաստա

Նիշաստան հարուստ է բազմաթիվ օգտակար հատկություններով, իսկ տեղի բնակիչները հայտնի են իրենց երկարակեցությամբ: Պատրաստման գործընթացը բավականին համբերություն և կանոնների պահպանում է պահանջում:

Աշնան սկզբին՝ հացահատիկների բերքահավաքից հետո, մեծ կաթսաների 1/4 չափով ցորեն են լցնում, այնուհետև ավելացնում են ջուր և թողնում արևի տակ: Ջուրն ամեն օր փոխվում է, իսկ ցորենը 40 օր մնում է արևի տակ, մինչև դրա հատիկները չսպիտակեն: Այնուհետև ցորենը ձեռքով մանրացվում է՝ թեփից ազատվելու նպատակով: Զանգվածը մաղում են բամբակյա կտորի միջոցով, ինչի շնորհիվ ցորենի հատիկները մնում են կտորի վրա, իսկ պղտոր սպիտակ զանգվածը նստում է մեծ կաթսաների հատակին:

Որպեսզի նստվածքը կարծրանա, դրա վրա մի քանի շերտ կտոր են գցում, վրան մոխիր լցնում, որպեսզի խոնավություն կլանի: Այնուհետև այն չորացնում են ու կտրատում: Պատրաստման գործընթացը տևում է մոտ երկու ամիս:

Շատ հետազոտողներ նշում են այս ճաշատեսակի հիպոալերգիկ բնույթը, ինչպես նաև զարմանալի բուժիչ հատկությունները: Ցորենը հեշտ է մարսվում, ամրապնդում ու վերականգնում է օրգանիզմի վնասված հյուսվածքները: Այն պարունակում է շատ օգտակար վիտամիններ և միկրոտարրեր, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, ամրապնդում իմունային համակարգը, հարստացնում արյունը թթվածնով ու անհրաժեշտ նյութերով:

Շատ ամերիկացի բժիշկներ մատնանշում են պարկինսոնիզմով, տևական գլխացավերով ու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ դրական տեղաշարժ:

Իսկ տեղացիները «նիշաստան» անվանում են երկարակեցության դեղորայք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: