Հայերեն   English   Русский  

​Ամենամեծ մարտահրավերը մեր երկրի միավորումն է՝ Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Սլավիկ Առուշանյան


  
դիտումներ: 43414

«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, 1989-1990 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, 1995-2000 թթ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն է:

- Պարոն Առուշանյան, նշեցինք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ կնշեք:

- Ասեմ, որ անկախության գործընթացում ես էլ ներդրում ունեմ, որովհետև այն ժամանակ ԳԽ պատգամավոր եմ եղել և անձամբ մասնակցել եմ անկախության հռչակագրի քննարկմանը: Այն ժամանակ ես կուսակցական աշխատող էի, թվում էր, թե ես էլ կուսակցական նոմենկլատուրային պիտի պաշտպանեի, բայց հաշվի առնելով մեր ազգային շահը՝ ես վեր կանգնեցի կուսակցական շահերից:

Անկախության մասին ես այլ պատկերացումներ ունեմ: Լիարժեք անկախություն հնարավոր չէ ունենալ, անգամ աշխարհի ամենահզորները նման բան իրենց թույլ տալ չեն կարող: Ուղղակի պետք է կարողանանք մեր ազգային շահը համապատասխանեցնել ստեղծված իրադրությանը և այդ իրավիճակից հնարավորինս շատ օգտվել: Ինչքան ավելի շատ կարողանանք ինքնուրույնություն ձեռք բերել, չվնասելով մեր անվտանգությունը, այնքան անկախությունն ավելի մեծ նշանակություն կունենա մեր ժողովրդի ճակատագրում:

Անկախությունը, իհարկե, յուրաքանչյուր ազգի երազանքն է, բայց դա իդեալ է: Երբեմն կարելի է նաև ինչ-որ չափով էլ անկախության հարցում զիջումների գնալ հանուն գոյատևման, որովհետև մենք, ինչպես տեսնում ենք, Ղարաբաղում դեռ չենք կարողացել վերջնականապես լուծել մեր ֆիզիկական գոյության հարցը: Մեր անկախության ամբողջ պայքարն առաջին հերթին պետք է լինի մեր գոյատևման հարցի լուծման համար:

Գոյատևման հետ միասին նաև Արցախի և Հայաստանի միավորման հարցն եմ կարևորում, որովհետև ինչքան չենք միավորվում, այնքան հետագայում ստիպված ենք լինելու մեր լավագույն հայրենասերների կորուստ տալ: Միջազգային հարաբերություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ստիպված ենք լինում թեկուզ մեր ֆիզիկական գոյության համար, թեկուզ մեր չնչին անկախության համար զոհեր տալ:

Պատմության մեջ հաճախ է եղել, երբ հարցը ժամանակին չի լուծվել, ինչպես, օրինակ՝ մեր սխալ դիրքորոշման հետևանքով ազգային ազատագրական պատերազմի ժամանակ 6 հազարից ավելի հայրենասեր զոհվեց: Եվ հիմա պետք է այնպես անենք, որ հետագայում նոր զոհեր տալու հնարավորություն չստեղծվի, ամեն ինչ պիտի անենք, լինի դա դիվանագիտության ոլորտում, ռազմական պայքարի նախապատրաստման, զենք-զինամթերքի արտադրության, առաջավոր տեխնոլոգիաների կիրառության ոլորտում:

Ոչ ոք երաշխավորված չէ, որ առաջին դիրքում գտնվելով՝ մի քանի ժամ հետո իր վրա հարձակում չի լինի: Դրա համար մեր բանակը կամ առաջին գծի պաշտպանները տեխնիկապես այնպես պիտի զինված լինեն, որ զինվորը խրամատից դուրս չգա, բայց կարողանա 2-3 կմ և ավելին վերահսկողության տակ պահել և ժամանակին կարողանա արձագանքել ցանկացած ոտնձգության: Հետևաբար, առաջին հերթին պետք է լրջորեն ֆինանսավորել մեր ինքնապաշտպանությունը: Պետությունը պարտավոր է ֆինանսական ներդրումներ կատարել այդ բնագավառում. սիրողական մակարդակով հնարավոր չէ ինքնապաշտպանությունը ժամանակակից մակարդակի հասցնել:

Բացթողում է նաև այն, որ Խորհրդային Միությունից մնացած կոլտնտեսությունները քայքայեցին: Կամավոր պետք է լիներ, ոչ թե բռնությամբ բոլորը քայքայեին: Փաստորեն, միանգամից քայքայեցին, և մարդիկ անպատրաստ էին ինքնուրույն տնտեսության, բացի այդ, ամեն մարդ չի կարող ինքնուրույն տնտեսություն վարել:

Իսկ ձեռքբերումն անկախությունն է, որ ունենք այն ժամանակվա համեմատությամբ, սա ամենամեծ ձեռքբերումն է: Իմ կարծիքով՝ ձեռքբերում է նաև այն, որ Հայաստանը թուրքերից ազատվեց: Եթե Խորհրդային Միության կազմում այդպես շարունակեինք՝ բոլոր հայերը կհավաքվեին Երևանում՝ շրջապատված ադրբեջանցիներով, և միայն Երևանը ոչնչացնելը դժվար բան չէր լինի: Մեծ ձեռքբերում է, որ կործանման վտանգը վերացավ: Ղարաբաղն էլ փաստացի անկախություն ստացավ, չնայած ես գտնում եմ, որ անկախությունը Ղարաբաղի համար չարիք է, մեր նպատակը անկախությունը չէ, այլ մեր ազգի հետ միասին ապրելը:

- Այն ժամանակ անկախության համար պայքարելիս ինչպիսի՞ն էիք տեսնում անկախ Հայաստանի ապագան:

- Ես լրիվ անկախ Հայաստանի կողմնակից չէի և հնարավոր էլ չէ, որ Հայաստանը լրիվ անկախ լինի, անպայման որոշ պետությունների հետ պետք է հարաբերություններ պաշտպանի: Կոնկրետ միայն մեկի հետ հարաբերություններ ունենալը կործանարար է, յուրաքանչյուր պահի կարող են քեզ ստիպել անել այն, ինչ ուզում են: Ուստի նորմալ հարաբերություններ պետք է պահպանենք նաև ուրիշ պետությունների հետ, յուրաքանչյուրի հետ՝ տարբեր: Օրինակ, Իրանի հետ հարաբերությունները եթե չլինեին, դժվար կարողանայինք կանխատեսել, թե ինչ կլիներ, նաև Վրաստանի հետ և իհարկե Ռուսաստանի հետ, որը մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, թեկուզ որոշ դեպքերում գործում է իրենց շահերին համապատասխան, բայց մենք էլ պետք է այնպես անենք, որ մեր շահերն էլ լրիվ ոտնատակ չտան, կարողանանք հասկացնել, որ մինչև այստեղ կարող ենք զիջել, սրանից հետո չենք կարող:

Այն ժամանակ, կարելի է ասել, մեզ կերակրում էին շվեդական սոցիալիզմով, ես էլ էությամբ սոցիալիստ եմ և հավատացած եմ, որ Հայաստանի ապագան սոցիալական պետություն ստեղծելն է: Սոցիալական հավասարություն պետք է լինի, ճիշտ է, լրիվ իդեալական հավասարություն հնարավոր չէ, բայց աշխարհի առաջավոր փորձը, մասնավորապես՝ Շվեդիայինը, պետք է ուսումնասիրենք և կիրառենք մեզ մոտ, որ չլինի այնպես, որ հայրենիքը պաշտպանելիս բոլորը հավասար են, բայց հայրենիքի արտոնություններից բոլորս հավասար չենք օգտվում: Պիտի գոնե տեսականորեն հայրենիքից օգտվելու հավասարությունը բոլորի մոտ լինի, պետք է յուրաքանչյուր ղեկավար հասկանա, որ պետությունը միայն ինքը չէ, որ որևէ հարցով իր մոտ եկած քաղաքացին էլ այդ պետության հավասար քաղաքացին է, ինչպես ինքը, և նրա նկատմամբ այնպիսի վերաբերմունք դրսևորի, որ մարդը պատկառանք զգա իր պետության և պետական ծառայողի նկատմամբ: Մինչդեռ, հաճախ լինում է այնպես, որ հենց այդ չինովնիկների անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով շատ երիտասարդներ հուսալքվում են և հեռանում հայրենիքից:

- Երբեմն անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախության: Ձեր կարծիքով՝ այն ժամանակ որքանո՞վ էինք պատրաստ անկախության:

- Միշտ էլ պատրաստ ենք անկախության: Հարցը դա չի, հարցն այն է, որ այն տարիներին դրսից էլ պայմաններ ստեղծեցին, որ հետ դառնանք այդ անկախության գաղափարից, ոչ թե իդեալական անկախության, այլ մեր եղած լիազորություններն ընդլայնելու գաղափարից ձեռք քաշենք: Ամեն տեսակ պայմաններ ստեղծեցին, ընդհուպ նաև պատերազմը հրահրելը: Ադրբեջանը ցանկանում էր, ինչպես նախկինում, Ղարաբաղն իր իշխանության տակ պահել, դրա համար ոչնչի առջև կանգ չառավ: Բայց տեսավ, որ Խորհրդային Միության օրենքներով չի կարող մեզ իր ենթակայության տակ պահել, Միությունում էլ զգում էին, որ Հայաստանը Ղարաբաղի հարցը լուծելու համար ձգտելու է անկախության, և այդ պատերազմը հրահրվեց, որպեսզի հետ կանգնենք մեր անկախությունից: Ցավոք, մեզ մոտ էլ քաղքենիներ գտնվեցին, որոնք իրենց օրվա ստամոքսի խնդիրները լուծելն ավելի բարձր գնահատեցին, քան մեր անկախությունը կամ մեր երկրի ապագան:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

-Տնտեսությունը քանդեցինք, պետությունը լրիվ ձեռ քաշեց տնտեսությանը մասնակցելուց: Կարծում եմ՝ տնտեսության ճյուղերի մի մասն ամբողջությամբ կամ որոշակի տոկոսը պետք է պետական լինեին, որպեսզի պետությունն իր հարկային բեռի ողջ ծանրությունը զգար: Երբեմն հարկային բեռն այնքան ծանր է, որ ամեն մարդ չի կարողանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես տեսնում եք, հիմնականում այն մարդիկ են զբաղվում, որոնք անմիջապես կապ ունեն պետության հետ և պետական բյուջեից են սնվում:

Ամենամեծ սխալներից մեկը դա է, որ մեր տնտեսությունը կարծես թե մոնոպոլիզացիայի ուղղությամբ է գնում, մինչդեռ փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի առնվազն մեր տնտեսության 60 տոկոսը:

- Իսկ ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ո՞րն եք համարում:

- Մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը մեր երկրի միավորումն է, Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, երկրորդը՝ ինքնապաշտպանության կազմակերպումը, երրորդը՝ բնակչության աճի խթանումը:

- Պարոն Առուշանյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Կարծում եմ՝ դասեր քաղել են և արդեն զբաղվում են ինքնապաշտպանության նոր տեխնոլոգիաներին համապատասխան զենք-զինամթերքի արտադրության հարցերով:

Այս ապրիլյան պատերազմն իմ կարծիքով ցույց տվեց, որ ինչպես միշտ, այնպես էլ հիմա, մեր ժողովուրդն ավելի պատրաստակամ գտնվեց հայրենիքը պաշտպանելու հարցում, քան իշխանությունները:

Պատերազմից հետո պետք է մանրամասն քննարկվի, բոլոր մեղավորները վեր հանվեն: Քանի որ քիչ երեխաներ ենք ունենում, և յուրաքանչյուր ընտանիքի համար երեխայի կորուստը ողբերգություն է, իշխանություններն էլ չեն համարձակվում ճշմարտությունը բարձրաձայնել, նույնիսկ այն մարդիկ, որոնց մեղքով են զոհվել, չեն ներկայացնում, թե ինչպես են զոհվել, բոլորին հավասար հերոսացնում են: Չի կարելի, դա էլ է վտանգավոր, պետք է ճիշտ գնահատականներ տրվեն, որպեսզի սխալներն էլ հետագայում չկրկնվեն:

Գոնե հիմա լավ է, որ վերջապես սկսեցին բանակն արդիական զենքով ապահովելու հարցով զբաղվել:

- Իսկ Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:

- Իմ կարծիքով՝ միջազգային բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ նախ միավորվենք, մեր հարցը լուծենք: Հետո մենք ավելի լրջորեն պետք է զբաղվենք մեր ներքին բարոյական ու տնտեսական հարցերով: Չպետք է առանձնացնենք, միայն բարոյականով զբաղվելն էլ է սխալ, միայն տնտեսականով էլ, դա կոմպլեքս հարց է, պետք է համաչափորեն զբաղվել երկուսով էլ: Այնպես պետք է անենք, որ գոնե այս անգամ կարողանանք մեր ձեռք բերած հաղթանակներն իրավաբանորեն ձևակերպել, որ միջազգային հանրությունը հասկանա՝ ինչ է կատարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: