Հայերեն   English   Русский  

​Հայկական «հատուկ նշանակության» արտադրանքը չի զիջում օտարերկրյա անալոգներին


  
դիտումներ: 1728

Չդադարող պատերազմական վիճակում գտնվող երկրների համար խիստ կարևոր է ունենալ սեփական հրազենային զինատեսակների արտադրություն: Սա հատկապես կարևոր է Հայաստանի պայմաններում, քանի որ մենք ունենք արտաքին աշխարհի հետ կապող խիստ սահմանափակ ուղիներ, ինչը նշանակում է, որ պատերազմական գործողությունների պայմաններում ամեն վայրկյան դրանք կարող են խափանվել: Իսկ նման պայմաններում երկիրը պետք է կախում չունենա դրսից զենքի ու ռազմամթերքի մատակարարումներից:

Այս համատեքստում «Անկախը» բազմիցս անդրադարձել է հայկական ընկերությունների կողմից ստեղծված ու ստեղծվող հրազենային զինատեսակներին, անդրադարձ է եղել նաև «Ասպար Արմս» ընկերությանը: «ԱրմՀայԹեք 2016» սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ իր բավականին ընդարձակ տաղավարն ուներ նաև «Ասպար Արմսը»: Այս ընկերությունն արդիականացնում է տարբեր զենքեր ու զինատեսակներ, նաև սեփական մշակումներն ունի, հիմնականում՝ հրազենային զինատեսակների: Ուշագրավ է, որ ընկերության կողմից արդիականացված հրազեններն անհամեմատ ավելի հարմար են կիրառման համար, բացի այդ, դրանց տակտիկատեխնիկական տվյալներն անհամեմատ ավելի բարելավված են, քան գործարանային տարբերակներինը, և ավելի լավ կրակային արդյունքներ են ապահովում: Իսկ ընկերության սեփական մշակումները` դիպուկահար հրացանները, տակտիկական ավտոմատներն ու ատրճանակները, ոչնչով չեն զիջում ռուսական կամ արևմտյան անալոգներին: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:

ԱՍՊ-01 բանակային ատրճանակ. նման կարգի ատրճանակները, հիմնականում նախատեսված են զինված ուժերի սպայական անձնակազմի սպառազինության համար: 9 մմ տրամաչափով այս ատրճանակը կշռում է 850 գրամ, փողի երկարությունը 100 մմ է, չափսերը՝ 175x125մմ, այսինքն՝ բավականին կոմպակտ ու կիրառման առումով հարմար ատրճանակ է, որն ունի 8 փամփուշտով փամփշտակալ: «Ասպար Արմսը» ստեղծել է նաև այս ատրճանակների կոլեկցիոն՝ ոսկեզօծ տարբերակները հատուկ նախասիրություններով գնորդների համար:

Մյուս հետաքրքիր «ստեղծագործությունը», որ ներկայացնում էր «Ասպար Արմսը», ԱՍՊ 45 տակտիկական ատրճանակն էր: «Այս տակտիկական ատրճանակը նախատեսված է հատուկ նշանակության ստորաբաժանումներում կիրառելու համար, այսինքն՝ այնպիսի զորքերի, որոնք առաջադրանքներ են կատարում, երբ քողարկման և անձայն մարտ վարելու խնդիրներ կան»,- բացատրեց «Ասպար Արմս» ընկերության տնօրեն Սամվել Մարգարյանը:

ASP-45 tactical-ը չափերով անհամեմատ ավելի խոշոր է՝ 225x145: Իսկ նախատեսված խլացուցիչով չափսերն ավելի են մեծանում: Այս ատրճանակը կշռում է 1500 գրամ, ինչը բավականին ծանր է համազորային կիրառման համար, բայց նորմալ քաշ է հատուկ նշանակության՝ տակտիկական խնդիրների լուծման դեպքում: Այս ատրճանակը կրակում է «Ասպար Արմս» ընկերության մշակած 45 ACP տրամաչափի փամփուշտներ, փողի երկարությունը 15 սմ է, ինչի շնորհիվ ատրճանակն ավելի հեռահար է: Փամփշտանոցում տեղավորվում է 10 կամ 14 փամփուշտ, այսինքն՝ մարտական արդյունավետությունն ավելի բարձր է, քան սովորական ատրճանակների դեպքում:

Ընկերության մշակած հաջորդ զինատեսակներն են ASR 300-ը և դրա փոքր-ինչ այլ՝ ASR 300C մոդիֆիկացիան: 7.62x35 մմ տրամաչափով այս հրաձգային զենքերը նախատեսված են դարձյալ հատուկ նշանակության զորքերում կիրառելու նպատակով, անձայն, քողարկված և դիպուկազարկ կրակ վարելու համար: ASR 300-ի փողը խլացուցիչով է, այն կշռում է 4.5 կգ, փամփշտակալի մեջ տեղավորվում է 10 փամփուշտ: 300C տարբերակն արդեն նույն զենքի ավելի երկար փողով տարբերակն է, այսինքն՝ ավելի հեռահար է:

«Հատուկ նշանակության հրացանների 80 տոկոսը՝ փողը, փողատուփն ու զարկանաձգանային համակարգը, այսինքն՝ զենքի մարտական մասերն արտադրում է «Ասպար Արմս» ընկերությունը: Այս զենքերը նույնպես նախատեսված են անձայն ու քողարկված մարտ և առավել դիպուկ կրակ վարելու համար»,- նշեց Սամվել Մարգարյանը:

Հատուկ նշանակության այս երկու դիպուկահար հրացանները կրակում են մենահատ, ինչը հնարավորություն է տալիս կրակոցից առաջացած գազերն ամբողջությամբ ուղղելու գնդակի դուրս մղման վրա՝ մեծացնելով գնդակի թե՛ նախնական արագությունը, թե՛ հեռահարությունը: Իսկ օրինակ՝ ավտոմատ կամ կիսաավտոմատ եղանակով աշխատող զենքերի դեպքում վառոդի այրումից առաջացած գազերի մի մասն ուղղվում է հետադարձ մեխանիզմը գործի գցելուն, ինչը թուլացնում է բուն գնդակի թռիչքի վրա ազդող ուժը:

Այս զենքերի անալոգները ռուսական ռազմարդյունաբերության թողարկած «Վալ» և «Վինտորեզ» տեսակի դիպուկահար զենքերն են, որոնք օգտագործում են ռուսական հատուկջոկատայինները: «Ասպար Արմսի» ստեղծած զենքերի տակտիկատեխնիկական տվյալները, ինչպես նշում էին շատ մասնագետներ ու սիրողներ, ոչ միայն չեն զիջում ռուսական անալոգներին, այլև որոշ առումներով գերազանցում են դրանց:

AS 300-ն արդեն ավտոմատ կրկահերթերով կրակող զինատեսակ է. այս զենքի փողատուփը հստակ հիշեցնում է Կալաշնիկովի ինքնաձիգների փողատուփերը, բայց սա խորը մոդիֆիկացված ու արդիականացված տարբերակ է. փողը դարձալ համալրված է խլացուցիչով, փողակալները արդիականացված են և հարմարեցված տարբեր օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային սարքերով ու հարմարանքներով համալրելու համար: Արդիականացված խզակոթի և ավելացված բռնակների շնորհիվ այն ավելի հարմար է կիրառման առումով՝ խզակոթը կարգավորվող է: Այս ամենի շնորհիվ այս զինատեսակի մարտական արդյունքներն անհամեմատ ավելի բարելավված են, քան Կալաշնիկովի ինքնաձիգները «կարող էին երազել»

Սամվել Մարգարյան

Ընկերությունը նաև զբաղվում է Կալաշնիկովների ու այլ զինատեսակների արդիականացմամբ: Տաղավարում կարողացանք գնահատել մի քանի աշխարհահռչակ զինատեսակների արդիականացումները, որոնք արտաքնապես արդեն քիչ նմանություն ունեին իրենց գործարանային «նախնիների հետ»: Օրինակ՝ հանրահայտ ՍՎԴ տիպի դիպուկահար հրացանը, ՌՊԿ տիպի ձեռքի գնդացիրն ու ՊԿ տիպի գնդացիրը: Ինչպես նշում էին ընկերության ներկայացուցիչները՝ «Ասպար Արմսում» խորը արդիականացման և փոփոխությունների ենթարկված տարբերակները շատ ավելի լավ կրակային արդյունքներ են ցույց տալիս (ընկերության գաղտնիքն է, թե ինչի շնորհիվ է կրակային հնարավորությունը բարելավվում):

«Օրինակ՝ ՍՎԴ դիպուկահար հրացանի դեպքում փոխված է հրազենի փողը՝ գործարանային փողից ոչինչ չի մնացել: Փոխված է նաև խզակոթը՝ շատ ավելի հարմար խզակոթ է տեղադրվել մեր կողմից արդիականացրած հրազենի վրա, որը տարբեր հարթություններով աշխատանքի համար է հարմարեցված և անհամեմատ ավելի հարմար ու հեշտ կիրառելի է դարձնում ՍՎԴ-ն, ինչպես նաև դիպուկահարին անհամեմատ ավելի լավ արդյունքներ գրանցելու հնարավորություն է տալիս: Փոխված է նաև զենքի փողակալը. գործարանային արտադրության փողակալները փայտից էին, ինչը զենքի վրա գիշերային տեսողության սարքեր տեղադրելու և կիրառելու հնարավորություն չէր տալիս: Մեր մշակած արդիականացված համալիրների պարագայում տեղադրված են նաև գիշերատեսիլ սարքեր և տակտիկական խլացուցիչ, որոնք թե՛ ապաքողարկիչ գործոններն են վերացնում, թե՛ հնարավորություն են տալիս օգտագործելու նաև գիշերատեսիլ սարքը»,- նշում է Սամվել Մարգարյանը:

Պատվերի դեպքում «Ասպար Արմսում» նախատեսում են նաև սեփական ու արդիականացվող զինատեսակների սերիական արտադրություն սկսել և դուրս գալ միջազգային շուկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: