Հայերեն   English   Русский  

​«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը նաև տղամարդկանց իրավունքներն է պաշտպանում


  
դիտումներ: 5125

Համաձայն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ամփոփ տվյալների՝ տարեկան Հայաստանում տեղի է ունենում ընտանեկան բռնության շուրջ 2 հազար ահազանգ, որոնց մեծ մասը` կանանց նկատմամբ, ամուսինների և սկեսուրների կողմից: Միակ ուժային կառույցը, որին բռնության ենթարկված կինը կարող է դիմել, ՀՀ ոստիկանությունն է, սակայն այսօր բռնության շատ դեպքեր քրեորեն պատժելի արարքներ չեն համարվում, և շատ հաճախ բռնության ենթարկված կանայք մնում են անպաշտպան: Ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ ընտանեկան բռնությունը Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերներից է, որը պետք է հաղթահարել՝ ցուցաբերելով կիրթ, գրագետ և համալիր մոտեցում, համագործակցելով պետական և ոչ պետական կառույցների հետ: Դրա համար նրանք առաջարկում են ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք:

Նախ հասկանանք` ինչ է ընտանեկան բռնությունը. դա համակարգված գործողությունների ամբողջություն է, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական (աշխատանքի արգելք, գումարից զրկում և այլն) ճնշումներով ամուսին-կին, ծնող-երեխա, ընտանեկան-ազգակցական հարաբերություններ կառուցած այլ անձանց միջև (ամուսնու ծնողներ և այլք):

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով` օրենքի ընդունման նախաձեռնությամբ դեռևս 90-ականների վերջերին առաջինը հանդես է եկել իրենց կազմակերպությունը` իբրև այդ ոլորտում գործող առաջին հասարակական կազմակերպություն: 2007 թ. ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ նեգրավված են եղել պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, 2009-ին պատրաստվել է նախագծի վերջնական տարբերակը, սակայն մինչ օրս օրենքն Ազգային ժողով չի հասել ու չի վավերացվել: Այս պահին ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմնվելով հասարակական կազմակերպություների կողմից առաջարկված նախագծի վրա, մշակում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նոր նախագիծ, որը հավանաբար հաջորդ տարի կմտնի Ազգային ժողով: «Նկատեք, որ օրենքի նախագիծը կոչվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք, ոչ թե կանանց նկատմամբ բռնության,- պարզաբանում է Սուսաննա Վարդանյանը` նշելով, որ հանրության մեջ կան սխալ պատկերացումներ այս օրենքի և առհասարակ ընտանեկան բռնություն հասկացության վերաբերյալ:- Դա ընկալվում է իբրև կնոջ նկատմամբ բռնություն ամուսնու կողմից, սակայն դա ավելի լայն խնդիր է»:

Օրենքի ընդդիմախոսներն ասում են, որ օրենքի ընդունումն ուղղված է հայկական ընտանիքի դեմ: Հիմնական ընդդիմախոսն այս հարցում Համահայկական ծնողական կոմիտեն է, որի նախագահ Արման Բոշյանը բազմիցս է հայտարարել, թե այս օրենքը պարտադրված է Արևմուտքից` քայքայելու հայկական ընտանիքները:

Օրենքի նախագծի դեմ պայքարողները խոցելի են համարում նաև 4-րդ հոդվածի 4-րդ կետը, որով սահմանվում է, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ. «Ընտանիքի անդամներ են համարվում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք և զուգընկերները (զուգընկեր է համարվում այն անձը, որը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ)»:

Բացի դա, ընդդիմախոսները կարծում են, որ ՀՀ քրեական օրենսգիրքը լիովին բավարարում է նման խնդիրների լուծմանը, և բնավ հատուկ ընտանեկան բռնությունների մասով նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա:

Սուսաննա Վարդանյանը հակադարձում է. «Քրեական օրենսգիրքը միայն այն ժամանակ է ուժի մեջ մտնում, երբ որ առողջությանն է վնաս հասցվում և քրեական գործ է հարուցվում, իսկ կանխարգելման հարցով ոստիկանությունը լծակներ գրեթե չունի: Մեր առաջարկած օրենքը նախատեսում է կանխարգելիչ քայլեր, որոնք կանխելու են հնարավոր հանցագործությունը և չեն հասցնելու այն աստիճանի, երբ արդեն ուշ է»:

Սուսաննա Վարդանյանը չի մեղադրում այն մարդկանց, որոնք անկեղծորեն կարծում են, թե Հայաստանում այդ խնդիրն այն աստիճանի հասունացած չէ, որ նման օրենք ընդունելու անհրաժեշտություն լինի: Ընդամենը հորդորում է` ժխտելուց առաջ փորձեն հասկանալ խնդիրը. «Հավատացեք, եթե ես էլ այսքան երկար տարիներ այս ոլորտում չլինեի, անձամբ չառնչվեի հազարավոր դեպքերի հետ, ապա իմ անձնական շրջապատից ելնելով` միգուցե մտածեի, որ Հայաստանում այդ խնդիրը չկա»:

Անահիտ Աղոյան

Նշենք, որ վերջերս այս հարցին անդրադարձել էին նաև Հանրային խորհրդում: Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Աղոյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ առաջիկայում իրենց հանձնաժողովում կազմակերպվի քննարկում: Անահիտ Աղոյանը նշում է, որ մի քիչ զարմացած է Հանրային խորհրդում հարցի քննարկման ժամանակ տղամարդկանց արձագանքից. Հանրային խորհրդի անդամների որոշ մասն ընդգծված բացասական վերաբերմունք է արտահայտել օրենքի նախագծի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա: «Վերջին հաշվով, մենք թերություններից զերծ հասարակություն չենք, և ինչպես բոլոր երկրներում, մեր ընտանիքներում էլ կա խնդիր՝ անկախ իրավիճակից և ավանդույթներից: Եթե մենք ունենք լավ ավանդույթներ ու լավ ընտանիք՝ չի նշանակում, որ այդ օրենքը մեզ պետք չէ: Միգուցե օրենքն օգնում է, որ ամրապնդվի մեր ընտանիքը»,- ասում է Անահիտ Աղոյանը:

Այն տեսակետը, որ օրենքն ուղղված է հայկական ընտանիքի դեմ, Աղոյանը պարզապես չի ընդունում. «Ցանկացած նոր գաղափար, որ ծնվում է Հայաստանում, փորձում են հասցնել գռեհկության աստիճանի: Դա վերաբերում է նաև գենդերային հավասարության մասին օրենքին, տղամարդկանց և կանանց իրավահավասարության խնդիրներին և այլն: Այդ ամենն այնքան է գռեհկացվում, որ դառնում է մարգինալ խմբի հետաքրքրության առարկա, բայց իրականում այն տնտեսական, քաղաքական մշակութային, սոցիալական, կրթական արժեք ունեցող երևույթ է: Նույնն էլ՝ այս օրենքը: Դա կարող է սաստող, չափավորող դեր ունենալ ընտանիքներում»:

Բացի դրանից, օրենքին հակադարձող տղամարդկանց նա հիշեցնում է, որ ընտանիքներում բռնություն կա ոչ միայն կնոջ, երեխաների նկատմամբ, այլև հենց տղամարդու նկատմամբ. «Տղամարդու վրա գենդերային դեր կա դրված, նա ունի պարտավորություններ՝ պիտի շատ վաստակի, պիտի լավ պահի իր ընտանիքը և այլն: Եվ հաճախ, երբ տղամարդը բավարար չի վաստակում, հենց տան անդամները սկսում են նրան մեղադրել, հոգեբանական ճնշման ենթարկել: Իսկ հոգեբանական բռնության ենթարկված տղամարդն ավելի անմխիթար վիճակում է հայտնվում, քան հոգեբանական բռնության ենթարկված կինը, որովհետև տղամարդը՝ այն էլ հայ տղամարդը, չի խոսում իր խնդիրների մասին»:

Անահիտ Աղոյանը կարծում է, որ այս օրենքի ընդունումը կօգնի նաև այն առումով, որ հասարակությունը կվերարժևորի շատ նորմեր ու կանոններ. «Հենց թեկուզ տղամարդու իրավունքների առումով. իսկ ո՞վ է ասում, որ այդ գենդերային դերը դրված է տղամարդու վրա, որ նա պարտավոր է ամեն ինչ հասցնել: Ի վերջո, այդ ծանրաբեռնվածության հետևանքով տարբեր երկրներում տղամարդկանց կյանքի տևողությունը 5-12 տարի նվազում է: Եթե մենք սկսենք այս խնդրի մասին խոսել՝ դա դառնա հանրային քննարկման առարկա, միգուցե այդ կարծրատիպերը փոխվեն: Հասարակությունը տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ ինչ-որ գենդերային դերեր է ստեղծել, բայց չի նշանակում, որ դա այսօր չի կարելի փոխել: Խոսել այս խնդիրների մասին նշանակում է լիցքաթափել հասարակությունը, իսկ երևույթները ծածկելով` մենք դրանք չենք լուծում, ընդհակառակը, կուտակում ենք»:

Սուսաննա Վարդանյան

Այն տեսակետին, թե հայկական ընտանիքն ամուր է, լավագույններից է աշխարհում և այլն, Անահիտ Աղոյանը նույնպես վերապահումով է մոտենում. «Շատ դեպքերում հայ ընտանիքը պահպանվում է կնոջ զոհողության, երեխաների զոհողության, կնոջ ու երեխաների կամ տղամարդու իրավունքների խախտման գնով, բայց դա նորմալ չէ: Իսկ այդ մարդկանց թերարժեքությունն ազդում է ողջ հասարակության վրա»,- ասում է նա:

Անահիտ Աղոյանը չի կիսում նաև տեսակետը, թե քրեական օրենսգիրքը բավարար է այդ խնդիրները կարգավորելու համար. «Մենք մասնագետներ գրեթե չունենք, որոնք հասկանան, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնություն, խտրականություն և այլն: Ամբողջ աշխարհում այդպիսի մասնագետներ են պատրաստում, հատկապես՝ իրավաբաններ, որոնք կարողանում են գնահատել իրավիճակը, իսկ մեզ մոտ այդ մասնագետների խնդիրը կա: Շատ դեպքեր կան, երբ տեսնում ես, որ գործող իրավական համակարգը չունի այդ հնարավորությունը: Այնպես որ, ես կարծում եմ` չպետք է վախենալ այս օրենքն ընդունելուց, ուղղակի պետք է այն գրագետ և պրոֆեսիոնալ ձևով կազմվի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: