Հայերեն   English   Русский  

Ներդրումների հոսքը կախված է նաև ընտրությունների ընթացքից. Արամ Սաֆարյան


  
դիտումներ: 4113

2016 թվականը դժվարին, ծանր տարի էր Հայաստանի տնտեսության համար: Սա ընդհանուր միտում էր ամբողջ աշխարհի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը՝ ամփոփելով անցնող տարին:

«Տարին նշանավորվեց Արևմուտք-Ռուսաստան ռազմաքաղաքական հակամարտությամբ, ինչպես նաև՝ նավթի, գազի և հանածոների նկատմամբ միջազգային գների խիստ անկմամբ: ՀՀ տնտեսության մեջ տարբեր միտումներ կան և դեռևս պարզ չէ, թե արդյոք այս տարին նախորդի պես կավարտվի աճով, թե՝ ոչ»,- նշեց պարոն Սաֆարյանը

Ըստ նրա՝ ԵՏՄ անդամակցության շնորհիվ ավելի ծանր խնդիրներից հնարավոր եղավ խուսափել: Ավելին եղան ձեռքբերումներ, մասնավորապես արտահանման ծավալները աճ գրանցեցին: Փորձագետը գտնում է, որ այս միտումը պահպանվելու է 2017 թվականի ընթացքում:

«Մեր 25-ամյա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ից ՌԴ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալները գերազանցել են 87 տոկոսը, ինչն աննախադեպ ցուցանիշ է և լավատեսության հիմք է տալիս»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանի դիտարկմամբ՝ հանրությունն ակնկալում է, որ կառավարության գործունեության արդյունքում դրական տեղաշարժ կլինիև շեշտեց, որ դա հնարավոր է երկու դեպքում. «Եթե գարնանը, նոր ընտրակարգով կայանալիք ընտրությունները չխարխլեն երկրի կյանքը, եթե հաջողվեց կայունության մթնոլորտ ապահովել այնպիսի ընտրություններով, որոնք թե ներսի, թե դրսի համար ընկալելի և ընդունելի կլինեն, ապա ներդրումների ներհոսք կլինի Հայաստան»:

Երկրորդ` եթե ՀՀ կառավարությունը տնտեսական զարգացման գործընթացները վերցնի իր ձեռքը ու մասնակիցը դառնա երկրում տնտեսական զարգացումներին`հանդես գալով տնտեսավարողի և ոչ թե կարգավորողի դերում, ապա դրական արդյունքներ կլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: