Հայերեն   English   Русский  

Արևից «սնվող» հաջողակ բիզնես, որտեղ ջանք են թափում, որ մեր ապագան լինի ավելի լավը


  
դիտումներ: 4182

Երբ արդեն ակնհայտ էր, որ աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մասնավորապես` արևային էներգետիկայի ոլորտում, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում այս շուկայում թե՚ ներդրումային, թե՚ սպառողական ծավալներն էապես մեծանալու են, Հայկ Չոբանյանը որոշում կայացրեց բիզնես սկսել արևային էներգետիկայի ոլորտում: Տեխնոլոգիաները զարգանում էին երկրաչափական պրոգրեսիայով և արդեն պարզ էր` Հայաստանն աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկն է, որտեղ այս ոլորտը լուրջ հաջողություններ է ունենալու:

«Մեր արևային օրերի քանակով ու ռադիացիայի ուժգնության մակարդակով մենք ունենք առավելություն: Այսինքն` բոլոր պայմանները կային, որպեսզի մեր երկրում արևային էներգետիկայի օգտագործումը լինի բառիս բուն իմաստով մասսայական: Այստեղ բնականաբար դեր խաղաց հենց բուն բիզնեսի էությունը, որովհետև սա և՚ բիզնես է, և՚ ռեալ տնտեսական շահ յուրաքանչյուր օգտագործողի համար, և՚ բնապահպանական շահ մոլորակի համար: Այսինքն` հաճելի է այս գործով զբաղվելը»,- «Անկախին» խոստովանեց արևային էներգետիկայի տեխնոլոգիաների ու համակարգերի բիզնեսով զբաղվող «Արփի սոլար» ընկերության հիմնադիր, հիմնադիրների խորհրդի նախագահ Հայկ Չոբանյանը:

Հայաստանում այսպիսի բիզնես վարելու գաղափարը նրա ու ընկերների մտքում ծագեց 2010 թ., ու հենց այդ ժամանակ էլ սկսվեցին հետազոտական աշխատանքները: Բուն բիզնեսը մեկնարկեց 3 տարվա հետազոտական աշխատանքներից հետո՝ 2013 թ.: Եվ ուշագրավ է, որ հիմնվելուց հետո շատ արագ «Արփի սոլարը» դարձավ Հայաստանում այս շուկայի առաջատարը. մեկ տարվա ընթացքում ընկերության նախագծերի քանակն այնքան մեծացավ, որը արդեն հավասար էր մինչ այդ Հայաստանում եղած բոլոր նախագծերի քանակին` միասին վերցրած:

«Մյուս կողմից` մեր նպատակը ոչ թե Հայաստանում ապրանք վաճառելն էր, այլ արտադրություն հիմնելը, և մենք հասկանում էինք, իհարկե, որ շատ արագ` առաջիկա 1-2 տարվա մեջ հնարավոր չէ, որ երկրում այնպիսի պահանջարկ առաջանա, որն ապահովի արտադրության և առհասարակ բիզնեսի շահութաբերությունը: Եվ մենք գիտակցաբար գնացինք երկարաժամկետ ներդրման, համոզված էինք, որ շահութաբերությունը երբևէ լինելու է»,- նշում է ընկերության հիմնադիրը:

Ստեղծման օրվանից մինչ օրս բազմաթիվ ներդրումներ են կատարվել այս ընկերությունում, և միայն վերջերս է ընկերությունը սկսել ներդրումներն ինչ-որ ձևով վերադարձնել: Հիմնադիրի խոսքով՝ իրենց բիզնեսի զարգացման ժամանակահատվածը, որն ուղղակիորեն համապատասխանում է Հայաստանում արևի օգտագործման կրիտիկական ծավալներին, դեռևս առջևում է ու վստահ են՝ իրենց ներդրումները իզուր չեն եղել: Առհասարակ՝ ցանկացած գործում, ցանկացած բիզնեսում, նշում է Հայկ Չոբանյանը, հաջողելու համար անհրաժեշտ է առնվազն երեք հանգամանք. առաջինը պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք այդ գործի վարպետներն են: Երկրորդ հանգամանքը անհրաժեշտ ռեսուրսներն են, որ պետք են ընկերության համար, այսինքն՝ ակտիվները: Եվ երրորդ հանգամանքը մրցունակության ապահովումն է. այսինքն` ինչով է քո բիզնեսը կամ ընկերությունը առավել, որպեսզի դիմադրի և մրցունակ լինի շուկայում գործող այլ ընկերությունների համեմատ:

Հիմնադրման պահին բիզնեսը սկսել են 5 հոգով, բայց անմիջապես ձեռնամուխ են եղել ենթակառուցվածքների արագ ձևավորմանը: Չոբանյանի դիտարկմամբ՝ «Արփի սոլարը», որպես բիզնես, շատ դանդաղ է աճել, բայց աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Այսինքն` ամեն ամիս և ամեն տարի ավելի են մեծանում աճի տեմպերը: Դրան նպաստում են օրենսդրությունն ու ինստիտուցիոնալ դաշտը, որ ձևավորվել են այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար, ինչպես նաև իրենց գովազդային արշավներն են մարդկանց իրազեկությունն էապես բարձրացրել: Հիմա մարդիկ ավելի տեղյակ են, որ Հայաստանում էլ կա ընկերություն, որը զբաղվում է արևային էներգետիկայի համակարգերի արտադրությամբ ու տեղադրումով: Բայց խնդիրներ կան, որ դեռ պետք է հաղթահարվեն:

«Այսօր արդեն անհրաժեշտ է աշխատել, որ մարդիկ երկու հիմնական հենքի հիման վրա իրենց մտածելակերպը փոխեն. առաջինը տնտեսելու մշակույթն է, որը որոշակի քաղաքակրթական մակարդակ է: Այսինքն` ընկալել, որ տնտեսելը վատ բան չէ` բացասական երևույթ չէ, հակառակը` շատ դրական է, մարդ պետք է սովորի, իմանա ու կարողանա տնտեսել… Սա մասսայական մշակույթ չէ, բայց կամաց-կամաց փոխվում է: Մյուսը բնապահպանական հենքի վրա մտածելակերպի փոփոխությունն է: Չնայած նրան, որ օրինակ՝ մեկ արևային ջրատաքացուցչի ներդրումը կբերի մոտավորապես 500 ծառի էֆեկտ. այսինքն` մեկ արևային համակարգով այնքան ածխաթթու գազ չի արտանետվում բնություն, որը կլանելու համար 500 ծառ անհրաժեշտ լիներ: 1000 ընտանիքի դեպքում դա 500 հազար ծառի էֆեկտ է` դա մի ամբողջ անտառ է, հասկանո՞ւմ եք… Այսինքն՝ բնապահպանական էֆեկտը բավականին բարձր է, չնայած իրենք՝ բնապահպանները շատ չեն օգտվում այլընտրանքային էներգետիկայի համակարգերից: Ինչ վերաբերում է սոցիալական կողմին` վճարունակությանը և այլն, դա ընդհանրապես տեղին չէ, քանի որ մենք այսօր առաջարկում ենք համակարգեր, որոնց համար դուք վճարում եք ամսական այնքան, որքան այսպես թե այնպես վճարում եք գազի կամ էլեկտրաէներգիայի համար, ոչ մի լումա ավելի: Որոշակի ժամանակ անց, երբ համակարգի արժեքի գումարը լրանում է, արդեն դրանից հետո համակարգն ընդհանրապես անվճար է դառնում: Այսինքն` այստեղ նույնիսկ սոցիալական խնդիր չկա, քանի որ միևնույն է, մարդը 15 կամ 20 հազար դրամն ամսական վճարում է` չգնելով արևային համակարգ, գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց: Խնդիրը մշակութային է: Այսինքն` ցանկացած նորություն դժվարությամբ է մտնում հասարակություն, եթե անգամ դա աշխարհի ամենափառահեղ, հրաշալի և օգտակար նորույթն է: Ակնհայտ է, որ ժամանակ է պահանջվում»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարդիկ իրենց կարծիքը կփոխեն «շոշափելու» արդյունքում, երբ տեսնեն, որ հարևան-բարեկամ-ընկեր-ծանոթը օգտագործում է այսպիսի համակարգ, և դա արդյունավետ է:

Արփի սոլար

Մի քանի հետաքրքիր հանգամանք. արևային ջրատաքացուցչի տեղադրման շնորհիվ մարդը 20 տարվա ընթացքում, այսօրվա սակագներով հաշված, տնտեսում է իր ծախսելիք գումարի մինչև 85-90 տոկոսը: Բայց ակնհայտ է, որ էներգակիրների սակագները 20 տարիների ընթացքում բարձրանալու են: Արևային ֆոտովոլտային համակարգերի պարագայում էլ խնայողությունը կազմում է մոտ 50 տոկոս: Բայց մարդիկ դեռ մեծ ոգևորությամբ չեն անցնում այլընտրանքային էներգետիկային: Այսպես թե այնպես սայլը տեղից շարժվել է, և «Արփի սոլարն» էլ իր գոյության ընթացքում շուրջ 1000 նախագիծ է իրականացրել: Ընկերության հիմնադիրի խոսքով՝ տարեկան առնվազն 2 անգամ ավելի շատ նախագծեր են իրականացվում: Ընկերության հիմնադիրը ոչ միայն բիզնես նախագիծը հաջողված է համարում, այլև շեշտում է` Հայաստանում քիչ կան այսպիսի պոտենցիալ ունեցող բիզնես նախագծեր:

Հաջողակ բիզնեսմենից, ըստ մեր զրուցակցի, պահանջվում է հստակ գնահատել բոլոր ռեսուրսները, որպեսզի ինչ-որ փուլում կանգ չառնես, որովհետև բիզնեսի կայացումը ժամանակ է պահանջում: Եվ շատ բիզնեսներ մեռնում են ոչ թե այն պատճառով, որ կենսունակ չեն, այլ որովհետև կես ճանապարհին ուղղակի փակվում են: Պարզվում է, որ գործարարն ինչ-ինչ պատճառներով, սկսած անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունից և վերջացրած համբերության հատնումով, պատրաստ չէր:

«Այստեղից գալիս են գործարար հատկանիշներ, որ բզինեսմենը պարտադիր պետք է ունենա. համբերատար լինի, հետևողական լինի և գնա մինչև վերջ, որովհետև եթե իսկապես ունի համապատասխան ռեսուրս, համապատասխան մասնագետ և մրցակցային որևէ առավելություն, հնարավոր չէ, որ այդ բիզնեսը չկայանա, բացառվում է: Առավել ևս մեր երկրում, որտեղ որևէ ծառայության, որևէ արտադրության, որևէ ոլորտում մրցակցային որևէ ավելցուկ չկա: Միգուցե Հայաստանում ավելի շատ վարսավիրանոցներ կան, քան անհրաժեշտ է, բայց չկա մրցակցային առավելությամբ վարսավիրանոց, որն այնպիսի ծառայություն մատուցի, որը բացարձակ կլինի: Իսկ եթե չկա, դա նշանակում է` միշտ տեղ կա նորն անելու, ավելի լավը անելու: Նույնը վերաբերում է ամեն ինչին: Ես չեմ կարող նշել մեր երկրում մի ոլորտ, որտեղ մրցակցային ավելցուկն այնքան մեծ է, որ դրա կարիքն ընդհանրապես չկա: Քո շրջապատում ցանկացած բաց կամ թերություն բիզնես անելու նոր հնարավորություն է: Կոշկակարի պատմություն կա, որ ինչ-որ մի երկրում ասում է` ես չեմ կարող այստեղ բիզնես անել, որովհետև այստեղ մարդիկ բոբիկ են ման գալիս, բայց մեկ ուրիշն էլ ասում է` այստեղ ֆանտաստիկ հնարավորություններ կան, քանի որ բոլորը բոբիկ են ման գալիս, այիսնքն` պետք է սովորեցնել կոշիկ հագնել ու հետո կոշիկը տալ: Նույն մոտեցումը մեր բիզնեսի դեպքում է»,- պարզաբանում է Հայկ Չոբանյանը:

Նրա կարծիքով՝ բիզնեսի հաջողության ու մասնավորապես իրենց հաջողության ամենամեծ գրավականն այն է, որ շատ են սիրում ու հաճույքով են անում իրենց աշխատանքը: Չոբանյանը նշում է՝ մարդը հոգևոր ու էմոցիոնալ արարած է` հատկապես XXI դարում, և հաջողությունը գտնում է նրանց, ովքեր գնում են գաղափարի հետևից: Այս առումով էլ ուշադրություն է հրավիրում վերջին 10 տարիների ամենահաջողված մարդկանց ու բիզնեսների վրա և շեշտում՝ այսօրվա ամենահաջողված բզինեսներն ու մարդիկ նրանք են, որոնք գնացել են գաղափարի հետևից: Եվ «Արփի սոլարն» էլ գնացել է ոչ թե արագ գումար աշխատելու, այլ գաղափարի հետևից, որն է՝ Հայաստանը արևային էներգետիկայի համար հիանալի վայր է, ու այս ոլորտը վաղ թե ուշ պետք է պայթյունով զարգանա, քանի որ օգտակար է թե՛ բիզնեսի տեսանկյունից, թե՛ մարդկանց ու երկրի: Ոչ նյութական ներդրումներից մեկն էլ գործարարը համարում է սեփական գործի ճշմարտացիության հավատը ու այդ հավատն այլոց փոխանցելու կարողությունը:

«Մեր մարքեթինգն ու վաճառքը մի քիչ այլ բնույթ ունեն, մենք ոչ թե ապրանք ենք վաճառում, այլ համոզում ենք մեր այցելուին լինել արևային համակարգ օգտագործող: Այսինքն` նրա մեջ նախ այդ փոփոխությունը պետք է կատարվի, որ կարևորի այլընտրանքային էներգետիկայի օգտագործումը, պետք է իմանա, որ դա իրեն տնտեսապես օգուտ կտա, երկրին ու տնտեսությանը, բնությանը օգուտ կտա: Դրանից հետո նա կարող է դառնալ մեր հաճախորդը կամ ոչ, կամ մեկ ուրիշ գործընկերոջ կամ մրցակցի հաճախորդը: Եվ եթե մենք խորապես չհավատանք դրա՝ չենք կարող դիմացինին համոզել, ընդհանրապես հաջողություն չենք ունենա: Չի կարելի անկեղծ չլինել, միգուցե որոշ շատ կարճ ժամանակ բիզնեսը որոշակի հաջողություն ունենա, բայց հետո անխուսափելի է ձախողումը: Ես այդ կարծիքին եմ»,- նշում է նա:

Ըստ մեր զրուցակցի՝ շատ կարևոր է, որ ծրագրերը լինեն երկարաժամկետ: «Արփի սոլարն» էլ երկարաժամկետ ծրագիր է, որովհետև առաջիկա 10 տարում, համոզված է Չոբանյանը, իրենց բիզնեսն անընդհատ աճելու է:

«Իմ կարծիքով, եթե մարդու գործի մեջ միսիոներական բան չկա, ապա նրա կյանքն անիմաստ է: Մեր գործի մեջ միսիոներական բան կա: Այսօր մի դարաշրջան է, երբ աշխարհի շատ երկրներ են գնում այս ճանապարհով, որովհետև աշխարհի ապագան դա է: Հիմա մենք էլ, միգուցե թույլ, բայց որոշակի չափաբաժիններով փորձում ենք այդ ամենը ստեղծել նաև մեր երկրում` ի պատիվ մեր գործընկերների, որոնց ես երբեք մրցակից չեմ ասում: Բոլորն էլ, մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, ջանք են ներդնում, եռանդ են ներդնում, որ մեր երկրի ապագան լինի ավելի լավը, քան այսօր է»,- եզրափակեց Հայկ Չոբանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: