Հայերեն   English   Русский  

​Հայկական հրաձգային զենքերի ևս մի քանի տեսակներ


  
դիտումներ: 3414

Երևանում անցկացված «ԱրմՀայԹեք 2016» ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ցուցահանդեսում իր հրազենային զինատեսակներն է ներկայացրել նաև «Գառնի Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ն կամ ավելի հայտնի` Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Այս ձեռնարկությունը ցուցադրում էր իր Կ-2Բ տիպի բանակային ատրճանակը, Կ-3 «բլուպապ» տեսակի ավտոմատները, Կ-8, Կ-12, Կ-12Մ, Կ-15 տիպի տարբեր տրամաչափերի ու տարբեր հեռահարության դիպուկահար հրացանները, որոնք նախատեսված են մոտակա, միջին, և հեռահար դիպուկահար մարտ վարելու համար, վերանորոգման տարբեր մասեր, բաղադրիչներ, փողեր և այլն:

«Հրաձգային զինատեսակները, վերանորոգման պահեստամասերը, զենքերի փողերը, ամեն ինչ ամբողջությամբ մեր արտադրության են, բացառությամբ՝ դիպուկահար հրացանների վրա տեղադրված օպտիկաներից: Սեփական մշակման զինատեսակներից ավելի կարևոր է ունենալ վերանորոգման պարագաներ, կարողանալ դետալներ պատրաստել: Որովհետև մարտի դաշտում վերանորոգման աշխատանքները, նորոգման աշխատանքները խիստ կարևոր են»,- մեզ հետ զրույցում նշեց «Գառնի Լեռ» ԳԱՄ ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Իհարկե, նորոգման աշխատանքները խիստ կարևոր են, բայց մենք ներկայացնենք ընկերության նախագծած և թողարկած հրաձգային զինատեսակներից մի քանիսը: Սկսենք ատրճանակներից:

Ընկերությունը դեռևս 1990-ականներին առաջին անգամ ներկայացրել էր իր Կ-2 տիպի բանակային ատրճանակը, իսկ այս ցուցահանդեսի ժամանակ էլ ներկայացնում էր դրա արդիականացված` Կ-2Բ տիպի 9 մմ տրամաչափով 12 փամփուշտանոց պահունակով բանակային ատրճանակը` նախատեսված սպայական և հրամանատարական կազմի սպառազինության համար: Այս ատրճանակներն օգտագործում են սովետական ՊՄ-9 տեսակի փամփուշտներ, աշխատում են ազատ փակաղակի հետդարձի սկզբունքով` ինքնալիցքավորվող են: Երկարությունը 195 մմ է, բարձրությունը` 138 մմ, փողի երկարությունը` 118 մմ, փողն ակոսավոր է` 6 հատ աջ պտույտով ակոսներով: Նշանառու կրակի հեռավորությունը 50 մետր է, նշանառու կրակի հեռավորությունը` 25 մետր, մարտական արագաձգությունը 30 կրակոց/րոպեում, գնդակի նախնական արագությունը 325 մ/վ: Այս ատրճանակների փամփշտատուփը, ինչպես նշեցինք, տեղավորում է 12 փամփուշտ, ինչը բավականին լավ ցուցանիշ է (օրինակ՝ սովետական ՏՏ կամ ՊՄ ատրճանակները 7-8 փամփուշներով են): Բայց ներկայումս ոչ միայն այս, այլև առհասարակ ատրճանակների կարիքը բանակում մեծ չէ:

Բավականին ուշագրավ նմուշ է հայկական K-3 ինքնաձիգը, որը նախագծված ու կառուցված է ներկայումս ռազմաշխարհում մեծ տարածում ու հարգանք վայելող «Բուլպապ» կոնստրուկցիայի եղանակով` փամփշտատուփը տեղադրվում է զարկանա-ձգանային մեխանիզմի հետ, դեպի խզակոթ: Այս զինատեսակի մշակումները սկսվել են դեռևս 1996 թվականից, բայց սկսել է արտադրվել 1999 թվականից, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար: Ինքնաձիգի քաշը, առանց պահունակների ու փամփուշտների, 2,7 կիլոգրամ է, ընդհանուր երկարությունը` 700 մմ, փողի երկարությունը` 415 մմ, տրամաչափը` 5.45 մմ, կրակում է ԱԿ-74-ի համար նախատեսված փամփուշտներով: Այս ինքնաձիգի տակտիկա-տեխնիկական տվյալները գրեթե նույնն են, ինչ լեգենդար ԱԿ-74-ի տակտիկա-տեխնիկական տվյալները. մարտական արագաձգությունը 600-650 կրակոց/վայրկյան է, գնդակի սկզբնական արագությունը` 900-1000 մ/վ, նշանառու հեռավորությունը մեխանիկական նշանոցով` 400 մետր է, օպտիկական նշանոցով` 1000 մետր: Այս զենքից հնարավոր է վարել մենահատ, կարճ և երկար կրակահերթերով: Ինքնաձիգը համալրվում է ԱԿ-74-ի համար նախատեսված 30 կամ 45 փամփուշտանոց պահունակներով: Կ-3 ինքնաձիգի համար մշակված է նաև «ենթափողային» նռնականետ, ընդ որում նռնակները ոչ թե տեղադրվում են փողի ներքո ամրացված առանձին նռնականետին, այլ հենց փողի մեջ ու գործի գցվում գնդակի միջոցով: «Բուլպապ» կոնստրուկցիան հնարավորություն է տալիս, որ Կ-3-ը իր մարտական ցուցանիշներով համեմատվի լեգենդար «Կալաշնիկով» ինքնաձիգների հետ, ընդ որում՝ ունենա ավելի բարձր դիպուկություն և ավելի քիչ հետադարձ ուժ: Հայկական ինքնաձիգը նաև անհամեմատ ավելի էժան է:

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց «Գառնի Լեռ» ԳԱՄ ընկերության զինվորական ներկայացուցչության պետ Վաչիկ Սաղաթելյանը, Կ-3-ի կրակի խտությունն անհամեմատ ավելի բարձր է ԱԿ-74-ների կրակի խտությունից, մոտ 3 անգամ: «Այն ունի նաև 2 առավելություն: Առաջինը` ատրճանակային բռնակն ու ձգանային համակարգը տեղադրված են ինքնաձիգի ծանրության կենտրոնի տակ, ինչը թույլ է տալիս ավտոմատ կրակահերթով ինքնաձիգից կրակելիս ավելի դիպուկ կրակ վարել, ինքնաձիգը քիչ է տատանվում»:

Կ-3 ինքնաձիգից շատ մասեր տեղ են գտել նաև ընկերության ստեղծած մեխանիկական փակաղակի սկզբունքով աշխատող դիպուկահար հրացաններում: Ինչպես նշում էր այս հրացանների գլխավոր կոնստրուկտորը (նրա անուն-ազգանունը գաղտնիք է), քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, դիպուկահարների պատերազմն ու համապատասխան հրացաններն ընկերությունը բաժանել է 3 սեկտորի՝ մոտիկ, միջին և հեռու տարածությունների, համապատասխանաբար՝ կարճ հեռահարության, միջին և հեռահար հրացանների: Կարճ տարածությունում մարտերի համար նախատեսված է 5,45 մմ տրամաչափի Կ-8 տեսակի դիպուկահար հրացանը, միջին հեռահարության համար նախատեսված են 7,62 տրամաչափի Կ-11-ը և դրա մոդիֆիկացված տարբերակը` Կ-11Մ տեսակի դիպուկահար հրացանը, իսկ հեռահարը` 12,7 մմ տրամաչափի Կ-15 հրացանն է: Արդյունավետ հեռահարությունը կարճ հրացանների համար նախատեսված է մինչև 600 մ , միջինը` 800-1000 մ, այս տեսակը կարող է փոխարինել ՍՎԴ-ին: Եվ հեռահարը արդեն 1000 մետրից ավելի է: Կոնստրուկտորը նաև նշեց, որ կարճ տեսակը խորհրդային երկրներում չի եղել, հետխորհրդային տարածքում այս հեռավորությամբ մարտ վարելու համար առաջինը Հայաստանում է առանձին զինատեսակ ստեղծվել, հեռահարն էլ աշխարհում առաջիններից մեկը ստեղծվել է Հայաստանում:

Անդրադառնանք հրացաններից մի քանիսին: Կ-11 դիպուկահար հրացանները նախագծվել են 1995-1996 թթ. և ոչ մեծ խմբաքանակներով արտադրվել մինչև 2005 թ.:

Ներկայումս ընկերությունը ներկայացնում է այս հրացանի արդիականացված` Կ-11Մ մոդելը, որում բարելավված են հիմնական տակտիկա-տեխնիկական տվյալները, կարգավորված են դիպուկությունը, կրակի խտությունը, մեխանիկական մասերն ավելի են հարմարեցված հարմար օգտագործելու համար:

Ընկերության զինագործների նախագծած մյուս հետաքրքիր նմուշը հեռահար Կ-15 խոշոր` 12.7 մմ տրամաչափի դիպուկահար հրացանն է: Այս նմուշն առաջին անգամ լայն հասարակությանը ներկայացվեց 2012 թ. հոկտեմբերի 26-27-ին` ՊՆ-ում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Այս խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի զանգվածը 18 կգ է, նշանառու կրակի հեռավորությունը` 2000 մ, արդյունավետ կրակի հեռավորությունը` 1600 մ, մարտական արագաձգությունը` 16 կրակոց րոպեում: Սա նույնպես աշխատում է մեխանիկական փակաղակի միջոցով:

«Գառնի Լեռ» ԳԱՄ ընկերությունն արտադրել է նաև 26 մմ տրամաչափի ազդանշանային HM-1 ատրճանակը, «Տիգրան» ատրճանակ-գնդացիրը և այլ արտադրանք, որոնք, սակայն, «ԱրմՀայԹեք 2016»-ի ժամանակ ցուցադրված չէին: Հույս կա, որ այս ընկերությունը ապագայում ևս կարող է իր նախագծած և ստեղծած զենքերի համար կիրառման «շուկաներ» գտնել ու զարգացնել թե՛ եղած զինատեսակներն ու մոդելները, թե՛ նոր` ավելի կատարյալ զինատեսակներ ստեղծել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: