Հայերեն   English   Русский  

Վահագն Դավթյան. «2017-ը թող լինի մեդալաբեր հայ մարզիկների համար»


  
դիտումներ: 2817

2016 թվականի աշխարհի գավաթի խաղարկության և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մի շարք մրցաշարերի հաղթող մարմնամարզիկ Վահագն Դավթյանը, տարեվերջին մասնակցելով Գերմանիայի թիմային ակումբային առաջնության եզրափակիչ փուլին, «Ստրաուբենհարդտի» հետ նվաճել է բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը: Հայ մարզիկը հանդես է եկել օղակների վրա վարժությունով՝ թիմի համար վաստակելով 15.25 միավոր:

«Անկախի» հետ զրույցում Վահագնը պատմում է առաջնությանը մասնակցելու որոշման, եզրափակիչ փուլից ստացած տպավորությունների և 2017 թվականի ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Ու՞մ կողմից եղավ մարմնամարզության Գերմանիայի թիմային ակումբային առաջնությանը մասնակցելու առաջարկը:

- Շնորհակալ եմ: Հոկտեմբերին Թբիլիսիում մասնակցեցի միջազգային մրցաշարի և կարծում էի, որ դա տարվա վերջին մրցումն է լինելու: Բոլորովին վերջերս «Ստրաուբենհարդտ» ակումբի կողմից ստացա համագործակցության առաջարկ, որը չմերժեցի:

Մարզիկի համար շատ կարևոր է մշտապես լինել լավ մարզավիճակում: Իսկ մրցակցային փուլի առկայությունը շատ կարևոր է: Որքան շատ են մրցումները, այնքան ավելի հեշտ է պահպանել կայուն մարզավիճակ:

Նմանատիպ մասնակցության փորձ մինչ այս մրցաշարը չէի ունեցել: Գերմանիայի ակումբային առաջնություններին մասնակցել էր Արթուր Դավթյանը: Տեղյակ էի, որ այնտեղ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում, ակումբների կազմում հանդես են գալիս արհեստավարժ ու փորձառու մարզիկներ:

Սիրով ընդունեցի առաջարկը, պայմանագիր կնքեցի և մեկնեցի Գերմանիա:

Ողջունելի և ուրախալի է, որ մեծ թվով երկրպագուներ էին ներկա ակումբային առաջնության եզրափակչին: Նշանակում է՝ նրանք հետաքրքրվում են մարմնամարզությամբ, ինչպես, օրինակ՝ ֆուտբոլով ու բասկետբոլով, երկրպագում են մարզիկներին: Ինձ համար շատ հաճելի էր մասնակցել այդ առաջնությանը, անգամ զգում էի մարզասերների աջակցությունը, որոնք եկել էին երկրպագելու մեր թիմին: Այս առումով մարմնամարզությունը շատ ավելի նմանվում է թիմային մարզաձևերին:

- Դուք մասնակցեցիք առաջնության եզրափակիչ փուլին: Ակումբային առաջնության ընթացակարգն ինչպիսի՞ն է, ինչպե՞ս են կազմավորվում թիմերը:

- Առաջնությունն անցկացվում է տարվա ընթացքում, երկու փուլով: Պարզապես այնպես են դասավորում մրցումային փուլերը, որ դրանք չխանգարեն Եվրոպայի, աշխարհի և մյուս այլ պաշտոնական առաջնություններին, քանի որ ակումբներում մեծ մասամբ ընդգրկված են հավաքականների հիմնական կազմերի մարզիկներ: Առաջնության մի մասն անցկացվում է Եվրոպայի, իսկ երկրորդ մասը՝ աշխարհի առաջնությունից հետո:

Թիմերը կազմավորվում են տեղացի մարզիկներով և շատ քիչ լեգեոներներով: Ամեն թիմում ընդգրկվում է մոտավորապես 10 մարզիկ: Լեգեոներների թիվը 3-ից չի անցնում: Կանոնակարգի համաձայն՝ ամեն գործիքին մոտենում է 4 մարզիկ, և միայն մեկը կարող է լինել լեգեոներ:

Ես մասնակցեցի միայն եզրափակիչ փուլի մրցումներին: Եզրափակիչ դուրս էին եկել առաջնության 4 լավագույն ակումբները: Առաջնության հաղթող է ճանաչվում ամենաշատ միավորներ վաստակած թիմը:

- Նմանատիպ առաջնություններին մասնակցելը շատ կարևոր է նաև փորձի փոխանակման առումով: Մասնագիտական առումով նոր բացահայտումներ եղա՞ն:

- Հաստատ կարող եմ ասել, որ փորձի ձեռքբերման առումով շատ կարևոր են նմանատիպ առաջնությունները: Թիմերում ընդգրկված ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդ կազմի մարզիկները բավական ուժեղ են ու փորձառու, պարզապես միշտ չէ, որ նրանք կարողանում են տեղ գտնել երկրի ազգային հավաքականի հիմնական կազմում, քանի որ մրցակցությունն ուժեղ է: Մարզիկները շատ են, հենց դրա հաշվին էլ զարգանում է մարզաձևը:

Գերմանիայի մարմնամարզության դպրոցն ուժեղագույններից է Եվրոպայում և աշխարհում: Բայց մենք նրանց ոչնչով չենք զիջում:

Մեզ մոտ մարզումային գործընթացն իրականացվում է բարձր մակարդակով: Մարզիկների հետ աշխատում են բարձրակարգ և արհեստավարժ մարզիչ մասնագետներ:

Գերմանական ակումբի հետ մարզվել եմ միայն մրցումից մեկ օր առաջ: Այդ ժամանակ առհասարակ ծանրաբեռնված մարզում չեն անցկացնում ուժերը խնայելու համար: Թիմի մյուս անդամների հետ համեմատած՝ ամենից ծանրաբեռնված պարապմունքը ես անցկացրի: Գործիքին ընտելանալու խնդիր կար, քանի որ փոքր-ինչ տարբերվում էր:

- 2016-ը Ձեզ և մարմնամարզության հավաքականի համար եղավ հաջողված, ձեռքբերումներով և հաղթանակներով հարուստ տարի: Ի՞նչ ծրագրեր ունեք 2017-ին:

- Չեմ պատրաստվում սահմանափակվել այս տարվա ձեռքբերումներով, կրկնակի եռանդով շարունակելու եմ աշխատել ու առաջ շարժվել:

2016-ը նվաճումներով հարուստ էր և հաջողված տարի էր ոչ միայն ինձ համար, այլև մարմնամարզության հավաքական թիմի: Անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ սա լավագույն տարին էր: Եվրոպայի առաջնությունում մենք ունեցանք ոսկե մեդալակիր՝ Հարություն Մերդինյան: Բացի այդ, նվաճեցինք 3 արծաթե մեդալ: Երբևէ մեկ մեդալից ավելի չի հաջողվել նվաճել Եվրոպայի առաջնություններում: Սա աննախադեպ արդյունք է:

Արդեն որոշակիորեն պարզ է 2017 թվականի մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների գրաֆիկը: Գալիք տարի մրցումների քանակը կավելանա: Տարեսկզբին կմասնակցենք ուսումնամարզական հավաքի, այնուհետև կկայանա Հայաստանի առաջնությունը, որին կհաջորդեն միջազգային խոշոր մրցաշարերը: Հայաստանի առաջնությունը միշտ նախորդում է կարևորագույն ստուգատեսներին, որպեսզի դրանցից առաջ լավ մարզավիճակ ձեռք բերենք և լավագույն որակներով ներկայանանք:

- Ծանրաբեռնված գրաֆիկ եք ունեցել ողջ տարվա ընթացքում. մարզումներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումներ: Տարին էլ ավարտեցիք չեմպիոնական տիտղոսով: Հանգստի մասին կարելի՞ է մտածել:

- Մարզիկի համար հանգիստ ասվածը շատ հարաբերական է: Այժմ մրցակցական փուլեր չկան, բայց ես շարունակում եմ մարզումները:

Երբեք լրիվ չեմ դադարեցնում մարզումները, քանի որ հարկավոր է միշտ կայուն մարզավիճակում լինել՝ խուսափելով ծանրաբեռնվածությունից և վնասվածքներից: Անգամ եթե մրցումներն ավարտվում են՝ ես շարունակում եմ մարզվել: Պարզապես ծանրաբեռնվածությունը մի փոքր այլ է լինում:

- Մարմնամարզությունն այն եզակի մարզաձևերից է, որտեղ օլիմպիական վարկանիշ հնարավոր է ձեռք բերել միայն աշխարհի առաջնության ժամանակ: Հաջորդ օլիմպիական շրջափուլին ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել:

- Օլիմպիական խաղերից հետո մրցումների կանոնակարգում մշտապես փոփոխություններ են լինում: Մենք կծանոթանանք դրանց և ըստ այդմ կսկսենք աշխատել: Վարժությունս որոշակիորեն կբարդացնեմ:

Միայն աշխարհի առաջնությանը մասնակցելով և մրցանակային եռյակում հայտնվելով է հնարավոր օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Ես անպայման պատրաստվելու եմ:

Նշեմ, որ միայն ֆիզիկական պատրաստավածությունը բավական չէ: Հարկավոր է նաև սպորտային բախտ ունենալ: Աննշան վրիպումը կամ հարյուրերորդական միավորը կարող են ճակատագրական լինել: Ուստի հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է: Մեկը մյուսով փոխկապակցված է: Հնարավոր է՝ մարզիկը ֆիզիկապես շատ լավ մարզավիճակում լինի, բայց չկարողանա կառավարել հույզերը և անհաջողության մատնվի: Տրամադրվածությունը շատ կարևոր է: Անգամ եթե ամենաբարդ վարժությունն ու տարրն ես կատարում, հարկավոր է մտածել, որ դա հնարավոր է հեշտ և անսխալ կատարել:

- Հաշված օրեր են մնացել 2016 թվականի ավարտին: Ամանորյա ի՞նչ բարեմաղթանքներ ունեք:

- Թող տարին լեցուն լինի բարի ու լուսավոր իրադարձություններով: Դժվարություններն ու խոչընդոտները թող մնան անցյալում: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի խաղաղության հաստատման, առողջության և ձեռքբերումների տարի:

Հայ մարզիկներին մաղթում եմ հաղթանակներով հարուստ և առանց վնասվածքների տարի: Մարզական նվաճումների հետ են կապված մեր երազանքներն ու նպատակները: Ուստի, 2017-ը թող լինի մեդալաբեր տարի բոլորի համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: