Հայերեն   English   Русский  

​ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ


  
դիտումներ: 3167

Առավո՛տ լուսո,

Արեգա՛կն արդար,

Առ իս լույս ծագեա՜:

Բղխու՜մն ի հորե,

Բղխեա՜ ի հոգվույս

Բան քեզ ի հաճույս...

«Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»: Կիրակոս Գանձակեցի

Պահլավունիների տոհմը մեծ դեր է ունեցել հայոց կյանքում: Նրանք աչքի են ընկել ոչ միայն ռազմի և պետության կառավարման ոլորտներում, այլև հոգևոր-մշակութային մեծ գործունեություն են ծավալել: Պահլավունիների մեջ հոգևոր-մշակութային և գիտական ոլորտում մեծ ներդրում ունի հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցին (1166-1173), որ հայտնի է նաև Երգեցող, առավել շատ՝ Շնորհալի պատվանուններով: Հայ եկեղեցին մատուցած ծառայությունների համար սրբադասել է նրան:

Ներսես Շնորհալին ծնվել է 1102 թ., Հայոց Միջագետքի Անձիտ գավառի Ծովք ամրոցում: Հայրը իշխան Ապիրատ Պահլավունին էր, որ միջնադարյան հայտնի ռազմաքաղաքական գործիչ, զորավար և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու թոռն էր:

1045 թ. հայոց Բագրատունիների թագավորության կործանումից հետո Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, իր տոհմական կալվածքները հանձնելով Բյուզանդիային, ծառայության անցավ թշնամու երկրում, որտեղ կայսրը նրան շնորհեց Միջագետքի դքսի տիտղոս և բազում կալվածքներ շնորհեց Հայոց Միջագետքում: Եվ Ապիրատ իշխանը ժառանգեց իր պապից Ծովք ամրոցը:

XII դարի վերջից Պահլավունիների տոհմը կառավարման և ռազմի ասպարեզներում աստիճանաբար զիջեց իր դիրքերը, փոխարենը Պահլավունիներն իրենց տոհմի ձեռքում գրեթե մենաշնորհային դարձրին հայոց կաթողիկոսական գահը, ինչն առավել ապահով ու ազդեցիկ էր…

Ներսես Շնորհալի կաթողիկոսի եղբայրն էր Գրիգոր Գ Վկայասեր կաթողիկոսը, որ կաթողիկոսական գահը զբաղեցրել է 18 տարեկան հասակում: Ներսես Շնորհալին ինքն էլ 16 տարեկան հասակում օծվեց կուսակրոն քահանա և որպես խորհրդական միշտ եղբոր կողքն էր:

Նրանք ծրագիր մտահղացան հայոց կաթողիկոսական աթոռը դարձյալ տեղափոխել Անի: Սակայն քաղաքական իրադրությունը դա թույլ չտվեց: Դրան ընդդիմացան Կիլիկիայի իշխողները՝ Ռուբինյանները, որոնք, հայ քաղաքական միտքը և ուժը կենտրոնացնելով իրենց ձեռքում, Կիլիկիայում ձգտում էին թագավորության, ինչն էլ հաջողվեց 1198 թ. Լևոն Բ Մեծագործ արքային:

Եվ 1150 թ. Պահլավունիները ստիպված էին Անիի փոխարեն կաթողիկոսական աթոռը հաստատել Հռոմկլայում:

Ներսես Շնորհալին, ձեռնադրվելով կուսակրոն քահանա, ուսում առավ Կիլիկիո Կարմիր վանքի վարդապետանոցում և ուսանելով ժամանակի անվանի կրթական, գիտական գործիչ Ստեփանոս Մանուկի մոտ՝ տակավին երիտասարդ՝ ստացավ վարդապետի տիտղոս:

1166 թ.Ներսես Շնորհալին կաթողիկոսական գահին հաջորդեց իր մահացած եղբորը: Որպես կաթողիկոս նա բանակցել է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հետ՝ շոշափելով այդ եկեղեցիների հետ հայ եկեղեցու միասնության խնդիրները: Սակայն դեմ չլինելով եկեղեցիների միությանը՝ նա հայ եկեղեցու համար դավանաբանական և ծիսական մեծ արտոնություններ ու առանձնաշնորհումներ էր պահանջում:

Շնորհալու պատկերացումներով՝ ազգի համախմբողը հենց հայ առաքելական եկեղեցին պետք է լիներ: Նա եկեղեցուն վեր էր դասում ամեն ինչից՝ անգամ հայոց պետականության գաղափարից:

Իր կաթողիկոսության օրոք նա անհաշտ պայքար ծավալեց Հայաստանի լեռնային բարձր շրջաններում շուրջ 800 տարի ծվարած արորդիների համայնքների, ինչպես նաև քրիստոնյա-աղանդավորական շարժումների դեմ:

Ներսես Շնորհալին, հայ եկեղեցու առաջնորդ լինելով, ջանում էր երկիրը, անգամ զինվորականությանն ու աշխարհիկ իշխանավորներին դնել եկեղեցու ծառայության տակ և հաստատել հայ առաքելական եկեղեցու գերագահությունը բոլոր ոլորտներում:

Պահպանվել է Ներսես Շնորհալու նամակը Կեսարիայի Ալեքս եպիսկոպոսին՝ «Թուղթ առ Ալեքս», որում հայոց կաթողիկոսը բողոքում է, թե հայ զինվորականն այնքան է հղփացած, որ իրեն թույլ է տալիս… պահքի ժամանակ ձեթ օգտագործել: Ահա նման մեթոդներով հայ եկեղեցու առաջնորդը ցանկանում էր հաստատել իր գերագահությունը՝ պարտադրելով զինվորականին խստագույն պաս պահել, անգամ՝ առանց ձեթի գործածության: Մի՞թե նման կենսակերպով զինվորականն ի զորու կլիներ զենք գործածել:

Շնորհալին հայ հանրությունը բաժանում էր հինգ դասերի՝ հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ: Եվ հանրության գլուխ տեսնում էր, բնականաբար, հոգևորականությանը:

Միաժամանակ նա հանճարեղ բանաստեղծ էր, երաժիշտ, երգահան, աստվածաբան, պատմիչ:

Ներսես Շնորհալին անուրանալի մեծ ավանդ ունի հայ միջնադարյան մշակույթի զարգացման գործում: Նրա ստեղծագործություններից շատերը համամարդկային արժեք ունեն:

1146 թ. նա գրեց «Ողբ Եդեսիո» բանաստեղծությունը հայոց պատմության, մասնավորապես՝ Եդեսիայի հայության մասին: Այն քնարավիպերգական պոեմ է: Հեղինակը ողբը շարադրել է Եդեսիայի դեպքերից ուղիղ մեկ տարի անց որպես դեպքերի ականատես մասնակից, երբ հայաքաղաքը գրավեց Հալեպի Զանգի ամիրան, ավերեց այն և հազարավոր հայերի սրի ճարակ դարձրեց:

1152 թ. Շնորհալին բիբլիական թեմաներով գրեց «Հիսուս որդի» պոեմը, ինչն աննախադեպ երևույթ էր միջնադարյան համաշխարհային հոգևոր գրականության մեջ:

1166 թ. նա գրեց «Վանական ուղերձ» գործը, որով պարզաբանումներ էր մտցնում հայ հավատացյալի վարքուկանոնի վերաբերյալ, բացատրում և մեկնաբանում էր Ավետարանը: Այս աշխատությունը երկար ժամանակ յուրատեսակ կանոնագիրք հանդիսացավ հոգևոր-եկեղեցական կյանքում:

Նույն թվականին գրված «Թուղթ ընդհանրական» գործը մեծ հետք է թողել հայոց միջնադարյան մտածողության վրա և համարվում է Շնորհալու արձակի պսակը: Սակայն ավելորդ չէ նշել, որ այս աշխատության մեջ Շնորհալին դժգոհում է և քննադատում այն հոգևորականներին, որոնք զինավարժությամբ էին զբաղվում: Շնորհալու աշխարհընկալմամբ՝ եկեղեցին չպետք է մասնակցի հայրենիքի պաշտպանությանը:

Ներսես Շնորհալին մեծ ներդրում ունի նաև հայ միջնադարյան երգարվեստի բնագավառում: Նա դասակարգել է հայ հոգևոր երգերը, մանավանդ՝ շարականները: Ինքն էլ բազում շարականների հեղինակ է, որոնք մինչ օրս կիրառվում են հայ հոգևոր կյանքում:

Առանձնակի արժեքավոր է Շնորհալու «Նորահրաշ պսակավոր» շարականը, որում հեղինակը գովերգել է Ավարայրի հերոսներին: Իսկ «Հավատով խոստովանիմ» նշանավոր աղոթքը, որ գրվել է 1151 թ. և բաղկացած է օրվա 24 ժամերին համապատասխան տներից, համաշխարհային հոգևոր գրականության չգերազանցված գոհարներից է: Աղոթքը թարգմանվել է 36 լեզուներով:

Ներսես Շնորհալու չափածո ստեղծագործությունների պսակն անկասկած «Առավոտ լուսո»-ն է:

Նա մտերիմ էր միջնադարյան հայ բժշկապետ Մխիթար Հերացու հետ, հովանավորում էր բժշկապետին և նրա խնդրանքով գրեց «Յաղագս երկնի և զարդուց նորա» տիեզերագիտական պոեմը:

Արժեքավոր է հատկապես Շնորհալու «Վիպասանություն» պոեմը, որ գրել է 1121 թ.: Այն առաջին չափածո պատմագրական երկն է համաշխարհային գրականության մեջ: Նա անդրադարձել է հայոց Տրդատ Գ արքային, Աշխեն թագուհուն, Եդեսիայի երևակայական Աբգար թագավորին, որը, իբր, ժամանակակիցն էր Հիսուս Նազովրեցու և նամակագրական կապ է ունեցել նրա հետ:

Ավելորդ չէ նշել նաև, որ Ներսես Շնորհալին հեղինակն է ավելի քան 300 բանաստեղծական ոճով գրված հանելուկների, որով էլ դարձել է հայ գրականության մեջ այդ ժանրի հիմնադիրը:

Ներսես Շնորհալին նաև հայ առաջին մանկագիրն է: Մանուկների համար գրել է չափածո խրատների երկու շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը:

Ներսես Շնորհալի կաթողիկոսը մահացավ 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում: Թաղված է նույն վանքում:

Մահից հետո Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց Շնորհալուն: Նրա հիշատակը նշվում է ամեն տարի, Թարգմանչաց տոնին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: