Հայերեն   English   Русский  

​Սերը թևածում է մեր թատրոնում


  
դիտումներ: 4517

Օրերս տեղի ունեցավ «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: 2015-ին լրացավ մեծանուն հայ կինոռեժիսորի ծննդյան 90-ամյակը, ինչի առթիվ էլ որոշվեց ստեղծել մի յուրահատուկ մնայուն արժեք, որը լավագույնս կարտացոլեր Հ. Մալյան արվեստագետին ու մարդուն: Ընթերցողի սեղանին դրվեց 3 բաժնից բաղկացած մի գիրք, որում ներկայացվում են նրա մանկության մտորումները, պատառիկներ պատանեկան և երիտասարդական տարիներից, մուտքը կինոաշխարհ, թատրոն-ստուդիայի ստեղծումը և հայ ու այլազգի կինոգործիչների գնահատանքի խոսքերն ու հուշերը` զուգակցված վարպետի ձեռագրերով, ճեպանկարներով և լուսանկարներով: Նախագծի հեղինակներն են Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը և «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը: Գրքի և դրա ընթերցումից ծնված հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել Նարինե Մալյանի հետ:

- Տիկին Մալյան, ինչպե՞ս են ընթացել գրքի ստեղծման աշխատանքները:

- Շատ ծանր էր, բայց հաղթահարելի, որովհետև հայրիկի ամբողջ արխիվը պիտի նայեի. դա դժվար է հոգեբանորեն, հուշերի գիրկն ես ընկնում, վերապրում կորուստները: Նյութերի մի մասը վերցված են Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից: Նա կարծես ուղղորդում էր մեզ: Անպայման ուզում էինք այս տարվա վերջին հանձնել և հասցրեցինք: Հայրիկին արժանի գիրք է` իր տեսակի մեջ՝ առաջինը: Մեր ցանկությունն էր, որ գիրքը շնչող լինի և Մալյանին բացահայտի այլ կողմերից: Այսուհանդերձ Մալյանը դեռ լրիվ բացահայտված չէ… Նրա կուտակումները շատ էին, խորը գիտելիքներ ուներ թե՛ արվեստի, թե՛ գիտության բնագավառում: Շատ էր սիրում շախմատ խաղալ: Նաև լավ հոգեբան էր և միանգամից կարողանում էր ընկալել, հասկանալ մարդուն:

- Ընտանի՞ք, թե՞ գործ: Կա՞ր առաջնայնություն այս երկուսի միջև:

- Հայրս ամուսնացել է բավական հասուն տարիքում և ասեմ, որ ամեն ինչում նրան շատ է օգնել մայրս` Հասմիկ Մելքոնյանը, որ նաև նրա ֆիլմերի մոնտաժողն է եղել: Եվ այդ դժվարին մասնագիտության հետ մեկտեղ մայրս ազատել է հայրիկին ամեն տեսակի կենցաղային խնդիրներից:

- Մալյանը գրում է. «Հայրս` ռեժիսուրայի իմ առաջին ուսուցիչը, դրսի մեծ աշխարհից մեր փոքրիկ սենյակն էր բերում շունչը և շնչառությունը, կոմեդիան, դրաման ու ողբերգությունը, կատակն ու հումորը, արցունքը նաև…»: Ինչու՞ այսօր այդ ամենն իր տեղը չի գտնում մեր թատրոնում:

- Հենց շունչն է պակասում, և երբեմն էլ հայ մարդու ընկալման չափանիշներն են խախտվում: Տեսնում ենք մի կյանք, որ բացարձակապես կապ չունի մեր ապրած կյանքի հետ: Մեր թատրոնում փորձում ենք պահպանել մալյանական սերը: Շատերն են ձգտում աշխատել մեզ հետ, որովհետև ընտանեկան մթնոլորտի, անկեղծ շփումների կարիք բոլորն ունեն:

- Ինչպե՞ս եք հաղթահարում Հ. Մալյան մարդու, արվեստագետի կարոտը: Կարո՞ղ ենք ասել, որ թատրոնը փարատում է այն:

- Ոչ լիովին, որովհետև նրա հետ մի փոքրիկ զրույցն ապրեցնում էր, նա շատ ճիշտ զգում էր, թե ինչպես պետք է մարդուն հանել տրտմությունից: Թող ոչ մեկին չթվա, թե Մալյանի համար հեշտ է եղել ստեղծագործել սովետական շրջանում: Գուցե հենց իր բնավորությամբ է նա կարողացել հաղթահարել այն արգելքները, որ գործել են սովետական ցենզուրայի առկայության պայմաններում: Նա շատ հզոր էներգետիկա ուներ և բացի լավ ռեժիսոր լինելուց` նաև լավ կազմակերպիչ էր: Այսօր ես իմ կարոտն առնում եմ նաև նրա ֆիլմերը դիտելով:

- Մալյանը նշում է, որ դերասաններին ընտրում է «արյան կազմով»: Դուք ինչպե՞ս եք ընտրում Ձեր թատրոնի դերասաններին:

- Կա այդպիսի բան: Ինքս շատ դժվար եմ ընտրություն կատարում, որովհետև դերասանը կարող է շատ շնորհալի լինել, բայց ինչ-որ մի բան պահում է, որ չես հրավիրում թատրոն: Աշխատում եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր ճիշտ են ընկալում ինձ թե՛ իբրև մարդու, թե՛ իբրև արվեստագետի:

- Ձեր դերասանների զգալի մասը խաղում են նաև սերիալներում և կինոյում: Դա չի՞ խանգարում թատրոնի աշխատանքներին:

- Խանգարում է այնքանով, որ դժվար է փորձերի ժամերը հարմարեցնել: Մնացած հարցերում, գիտեք, դերասանը պիտի անդադար աշխատի, դա մարզանքի նման է:

- Մալյանն ասում է. «Վայ մեզ, եթե թատրոնում հայտնվեն ընտրյալներ, աստղեր»: Դուք կարողանու՞մ եք խուսափել այդ երևույթից:

- Փորձում եմ, որովհետև իսկապես աստղային հիվանդությամբ տառապող մարդու ես չեմ կարողանում կողքիս հանդուրժել: Ոչ թե այն պատճառով, որ ես ամենալուսավոր աստղն եմ, այլ որովհետև այդ վիճակը ինձ վանում է:

- Կինոռեժիսորը համոզված էր, որ թատրոն լինելու համար պետք է ունենալ և՛ քո դիտողը, և՛ մոլի հակառակորդները: Դուք թատրո՞ն եք այդ առումով:

- Իհարկե, ուղղակի երբեմն մոլի հակառակորդը դառնում է ընկեր, իսկ քո դիտողը` հակառակորդ: Դրա համար էլ առանձնապես չեմ խորանում գովասանքների մեջ: Պարզապես հաճելի է, երբ ընկալում են ներկայացումդ, գնահատում են քո աշխատանքը: Ինչ վերաբերում է խանգարելուն, եթե անդադար մտածենք այդ մասին՝ ոչ մի քայլ չենք կարող անել. մեր կյանքը խոչընդոտների հաղթահարման մի երկարատև ճանապարհ է:

- Հե՞շտ է այսօր լինել կին ղեկավար:

- Ոչ միշտ: Կին ղեկավարներ ես չեմ սիրում, եթե ճիշտն ասեմ, բայց կոնկրետ թատրոնի դեպքում ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ճանաչում եմ մեր փոքրիկ անձնակազմի մարդկանց փոքրուց, իրենք էլ ինձ են ճանաչում, և կա սիրո, ընտանիքի գաղափարը, որը թևածում է մեր թատրոնում:

- Սովորաբար մարդկանց թվում է, թե մեծերի զավակներին կյանքն ավելի հեշտ է տրվում, բայց նրանց ավելի դժվար չէ՞ կայանալ այդ առումով:

- Ասեմ այսպես. տանը երբեք չենք զգացել, որ մեր կողքին մեծ մարդ է ապրում, որովհետև Մալյանը պարզ էր, խաղաղ և շփման մեջ հասարակ: Դժվար է եղել այն առումով, որ սպասելիքներն ինձնից շատ են եղել: Նաև ինքդ էլ չես ուզում թերանալ: Պատասխանատվությունն է մեծ:

- Երվանդ Ղազանչյանը Ձեզ բնութագրելիս ասում է` հոր նման լուռ, համեստ, աշխատասեր, ստեղծող: Ինչպե՞ս կբնութագրեիք ինքներդ ձեզ:

- Դժվար հարց է: Երբեմն շուտ եմ բռնկվում: Աշխատանքի բնույթն այնպիսին է, որ կարող ես ինչ-որ մեկին նեղացնել, բայց հետո, երբ վերլուծում եմ վարքագիծս, ծանր եմ տանում:

- Արդեն 5 տարի է` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում ունեք: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Մրցանակներին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Էլի պատասխանատվության հետ է կապված: Եթե քեզ տրվել է այդ կոչումը, ուրեմն պիտի համապատասխանես դրան թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ստեղծագործական որակներով: Մրցանակների առումով իհարկե հաճելի է, բայց ցանկալի է, որ գնահատվի նաև նրանց աշխատանքը, ում հետ աշխատել եմ:

- Այսօր ի՞նչ նշանաբանով է ապրում ու ստեղծագործում Հ. Մալյանի անվան թատրոնը: Մալյանն ասում էր. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց… ես ոչ- ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց»: Արդիակա՞ն է այս միտքը:

- Մենք ստեղծագործում ենք ինքներս մեզնից չհեռանալու նշանաբանով: Մալյանի խոսքերն արդիական են, իհարկե, բայց պետք է կարողանալ դա անել, դրա վարպետությունն է պետք ունենալ:

- Այսօրվա Մալյանի թատրոնն ունի՞ իր ոչ մալյանականը:

- Դա անխուսափելի է, դա էլ է պետք: Մենք չենք կարող Մալյանի ոճը լիարժեք ձևով ներկայացնել, շարունակել, կա մեծ ցանկություն, և դա քիչ չէ:

- Իր ծննդավայրի մասին հուշերում Մալյանը գրում է. «Թելավում ապրում ու գործում էին աշխարհի բոլոր պիեսների բոլոր պերսոնաժները»: Այսօր մեր քաղաքը Ձեզ տալի՞ս է նոր ներկայացումներ ստեղծելու հնարավորություն:

- Երբեմն՝ շատ: Բայց ավելի շատ կինոյի նյութ կարելի է հավաքել: Զարմանալի է` ինչպես է մեր ժողովուրդը, այսքան դժվարություններ հաղթահարելով, անդադար պատերազմի շունչը զգալով, կարողանում է պահպանել իր տոկունությունը, հավատը, ոգին:

- Մալյանը բազում սցենարներ ուներ, որոնք մնացին չնկարահանված կամ պարզապես հնարավոր չեղավ նկարահանել: Դուք ունե՞ք երազած ու չբեմադրած ներկայացումներ:

- Ավելի մեծ մասշտաբի ներկայացման կարիքը կա, բայց այս պահին դա երևի իսկապես երազանքի ոլորտից է: Անհրաժեշտ են տեխնիկական, մարդկային և իհարկե՝ ֆինանսական ռեսուրսներ:

- Ձեր թատրոնում կողք- կողքի ապրում են դերասանների տարբեր սերունդներ: Ի՞նչն է նրանց իրար կապում:

- Դերասանների մեծ մասը Մալյանի սաներն են եղել, որոնց երեխաները դեռ մանկության տարիներից մասնակցել են փորձերին, իսկ այժմ նրանցից ոմանք թատրոնի երիտասարդ կազմն են ներկայացնում: Հիմա էլ նրանց երեխաներն են գալիս: Եվ գուցե հետագայում հենց նրանք էլ շարունակեն մեր գործը:

- Ինչպե՞ս կբնութագրեք ժամանակակից հանդիսատեսին:

- Հիմա էժանագին ծիծաղի պահանջը, ցածր մակարդակի կատակներով ոգևորվելն այնքան է տարածված, որ լուրջ տեքստ ընկալելու համբերություն հանդիսատեսը չունի: Պատճառներից մեկն այն է, որ եղավ մի մեծ շրջան, երբ կենցաղը խեղդեց ամեն ինչ: Այդ ժամանակ էլ սկսեցին երգիծական ժանրի ինչ-որ բաներ անել. դա ընկալվեց որպես թատրոն: Համոզված էլ չեմ, որ հաղթահարել ենք այդ թվականների ծանր հետևանքները: Միայն թեթև ժանրով մենք հեռու չենք գնա: Բայց այսօր մեր թատրոն բազում երիտասարդներ են գալիս, ինչն ուրախալի փաստ է: Գալիս են շատ երեխաներ և Թումանյանի 35 տարվա «Հեքիաթներ» ներկայացումն այնպիսի ոգևորությամբ են դիտում, խորությամբ ընկալում, որ հասկանում ես` այն ապրում ու շնչում է. դա մեծ ձեռքբերում է, որը մեզ ուժ է տալիս:

- Ի՞նչ բացեր ունի այսօր թատրոնը:

-Տեխնիկական վերազինման հարցը շատ կարևոր է թատրոնում՝ լույս, ձայն, բայց մենք չունենք համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետներ: Հետաքրքիր մտածող ռեժիսորներ են պետք, որոնք ոչ միայն արտաքին կողմն են ապահովում, այլև պահում են կենդանի մարդու շունչը: Ոգևորված մարդկանց պակաս էլ եմ զգում:

- Հենրիկ Մալյանի ֆիլմերը` որպես ազգային ոգու և զգացողությունների կրող, սիրվեցին թե՛ մեր ժողովրդի, թե՛, ինչպես գիրքն է փաստում, օտար հանդիսատեսի և կինոգործիչների կողմից: Խորապես ազգայինն ի վիճակի՞ է դառնալու խորապես համամարդկային:

-Մալյանը պատմում էր, թե «Նահապետ» ֆիլմն ինչ հետաքրքրություն է վայելել միջազգային ցուցադրությունների ժամանակ, իսկ մենք դեռ այն ժամանակ էլ խուսափում էինք ազգայինից` այն ընկալելով փափախի, խուրջինի, չարոխի շրջանակներում: Բայց այդքան պրիմիտիվ ընկալումը զարմանալի է. ազգայինը ոգին է, երբ մարդ կարողանում է այդպես մտածել ու ստեղծագործել, կամ չի կարողանում: Մալյանի ֆիլմերը չեն հնանում. սիրված են և ժամանակակից, որովհետև նա իր էությամբ, մտածողությամբ ժամանակակից մարդ է եղել:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: