Հայերեն   English   Русский  

​Երգահանն իրականացնում է երազանքը՝ աշխատելով մանկապատանեկան խմբակների հետ


  
դիտումներ: 4382

Վերջերս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Արարատյան հայրապետական թեմը «Նարեկացի» արվեստի կենտրոնում կազմակերպել էր յուրահատուկ համերգ:

Համերգին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող երեխաներ մի քանի դպրոցներից: Նրանք կատարեցին հայրենասիրական և այլ թեմաներով երգեր:

Խմբակներից մեկի գեղարվեստական ղեկավարը երգահան Վարդուհի Խաչատրյանն է: Նրա սաները սովորում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում:

Երգահանը Անկախի հետ զրույցում պատմեց, որ միջոցառումը շատ գեղեցիկ էր, որովհետև ուշադրության կենտրոնում հենց երեխաներն էին: Նա մեծ հպարտությամբ նշեց, որ սաները բավականին լավ ելույթ ունեցան:

«Խմբակում աշխատելը և´ հաճելի է, և´ պատասխանտու, և´ հուզիչ պահեր է պարգևում: Այնտեղ սովորում են նաև մանկատան երեխաներ, որոնք ծնողներ չունեն: Երեխաներն այնքան տաղանդավոր են, էնպես եմ հուզվում նրանց կատարումների ժամանակ»,- խոստովանում է նա:

Գեղարվեստական ղեկավարը շատ ջերմ արտահայտվեց դպրոցում տիրող մթնոլորտի մասին. ամեն ինչ շատ լավ վիճակում է. թե´ դաստիարակները, թե´ տնօրենը շատ մեծ ուշադրություն են դարձնում երեխաների կրթությանը: Բազմաթիվ խմբակներ են գործում:

Ըստ նրա՝ հասարակությանը ինտեգրելու համար այս խմբակները շատ կարևոր են: Իրենք էլ ամեն ինչ անում են, որ երեխաները բեմ դուրս գան ու իրենց լիարժեք մարդ զգան.«Ես շատ ուրախանում եմ, որ նրանց համար կարողանում եմ մի փոքրիկ բան անել: Նրանք մեծ սիրով են դասերին մասնակցում: Ամեն անգամ, երբ ինձ տեսնում են, ասում են՝ «Վայ, ընկեր Վարդուհին եկավ, այսօր տեսնես՝ ինչ ենք սովորելու»:

Միաժամանակ երգահանն աշխատում է նաև Կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում: Վարդուհին դասավանդումմ է մանկապատանեկան խմբակում, որտեղ սովորում են 5-14 տարեկան երեխաներ: Այստեղ սովորում են ինչպես նշանավոր հեղինակների, այնպես էլ հենց Վարդուհի Խաչատրյանի երգերը. «Հիմնական ուղղությունները հայրենասիրական և ազգային արժեքների պահպանության երգերն են: Այստեղ մենք համակարգված աշխատանք ենք վարում երեխաների հետ, այսինքն՝ ոչ միայն երգեր ենք սովորեցնում, այլև բացատրական աշխատանք է տարվում, պարզաբանում ենք երգի սյուժեն: Դե, հինգ տարեկան երեխան բնակաբար շատ հաճախ չի հասկանում, թե ինչ է նշանակում տվյալ երգը համ հերոսը: Նա անգամ չգիտի, թե ով է Վարդան Մամիկոնյանը: Ես պատմում եմ, ծնողներին խնդրում եմ, որ ևս մեկ անգամ արձանը ցույց տան, նմանատիպ ֆիլմեր դիտեն»,- ասում է նա:

Մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է Սամվել Բալոյանը:

«Այստեղ պրոֆեսիոնալներ են կրթում: Բացի այդ, սովորեցնում են ոչ միայն մասնագիտությունը, այլև լավ մարդ են դառնում: Մենք նաև սովորեցնում են մարդասիրություն, հայրենաասիրություն, բարի կամեցողություն, որ շատ պետք է մարդուն լավ մասնագետ լինելուց առաջ: Դա մեր խմբակավարների գաղափարախոսությունն է` լոզունգը: Այն մեզ փոխանցել է մեր տնօրեն Թովմաս Պողոսյանը և երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավարը՝ Սամվել Բալոյանը: Նրանք ամեն ինչ անում են, որ մեր խմբերը առաջ գնան և´ Հայաստանում, և´ Հայաստանից դուրս: Նրանք շատ համերգներ են ունենում, պարբերաբար լինում են հյուրախաղեր» ,- նշում է Վարդուհի Խաչատրյանը

Նա ընդգծեց, որ անապահով ընտանիքի երեխաները, որոնք ունեն տվյալներ , երբեք գումարի պատճառով դուրս չեն մնում: Նրանց ընդունում են անվճար հիմունքներով:

Երգահանը շատ մեծ ծրագրեր ունի երկու խմբակների հետ կապված: Նա ցանկանում է, որ իր խմբակի երեխաները հանդես գան ազգային տարազներով, սակայն այդ ծրագիրը դեռևս չի իրականացվել:

«Փոքրիկների հետ աշխատելն արդեն իսկ մեծ բան է: Ես միշտ ունեցել եմ երազանք, ունենալ փոքրիկների խումբ, որոնց հետ աշխատելիս կարող եմ նաև իմ երգերը սովորեցնել: Մեծ բավականություն եմ ստանում, երբ փոքրիկներն իմ երգերն են կատարում: Դա ինձ համար մեծ բերկրանք է, անբացատրելի զգացողություն, որը հնարավոր չէ բառերով արտահայտել»:

Վարդուհի Խաչատրյանի համար երգարվեստում թեկուզ փոքրիկ քայլն առաջ արդեն իսկ մեծ ոգևորություն է: Նա շարունակում է ստեղծագրծել: Նրա հեղինակած «Հայոց բանակ» և «Հայ զինվոր» երգերը կատարում է ՀՀ ՊՆ զորական անսամբլը: Ներկա պահին Ներսիկ Իսպիրյանն աշխատում է Վ. Խաչատրյանի «Հայոց կռունկը» երգի գործիքավորման վրա, որն անդրադառնում է հայրենադարձության թեմային:

Երիտասարդ ստեղծագործողին ամեն շատ զարմացնում են հայ զինվորները.«Նրանց ոգին ինձ միշտ է ոգևորում: Ես չեմ սպասում, որ պատերազմ լինի նոր երգ գրելու համար: «Հայոց բանակ» երգը սպրիլյան դեպքերի ազդեցության տակ է ծնվել: Սակայն հայրենասիրական մուսան ինձ հաճախ է այցելում»:

Երգահանն ու մանկավարժը հենց իր երգերի ոգով է դաստիարակում իր սաներին՝ հայրենասեր և ազգային արժեքները գնահատող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: