Հայերեն   English   Русский  

«Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկը


  
դիտումներ: 1849

Լինելով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավելագույնս լայն դաշինքով գնալու ջատագով քաղաքական ուժ՝ «Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որեւէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնության գալ հետեւյալ դրույթների շուրջ.

1.Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները հաղթելուց հետո ձեւավորելիք ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում են ՀՀԿ-ից որեւէ ներկայացուցչի ընդգրկումը:

  • 2.Ազգային համաձայնության կառավարությունը երկամյա ժամկետում հանրության դատին է ներկայացնում նոր սահմանադրության մեկ կամ երկու տարբերակ, ապա դնում այն հանրաքվեի: Սահմանադրության ընդունումից հետո եռամսյա ժամկետում ընդունում է Ընտրական եւ Կուսակցությունների մասին նոր օրենքները, որից հետո մեկամյա ժամկետում նշանակում համապետական (խորհրդարանական եւ/կամ նախագահական՝ կախված նոր սահմանադրության պահանջներից) ընտրություններ:

  • 3.Մինչեւ 2020 թվականին նոր իշխանության ձեւավորումը Ազգային համաձայնության կառավարությունը իրականացնում է արմատական ժողովրդավարական համակարգային բարեփոխումներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգում, իրավապահ եւ արդարադատության, սոցիալական, հարկա-մաքսային, ֆինանսա-տնտեսական, կրթական ոլորտներում, գործուն ջանքեր մղում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, ապահովում հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարողների համար, երաշխավորում ներքին եւ արտաքին ներդրումների իրավական պաշտպանությունը, խրախուսում տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը:
  • 4.Նոր ձեւավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն եւ արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչեւ ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ:
  • 5.Երաշխավորում է խոսքի ազատությունը, ապահովում է պետական կառավարկման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, հաստատում է իր գործունեության հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողական եւ մշտադիտարկային գործառույթները:
  • 6.Վերաձեւակերպում է իր հարաբերություները բոլոր գերտերությունների հետ՝ ինքնիշխան պետությանը հարիր չափանիշներին համապատասխան:
  • 7.Հռչակում եւ վարում է հայրենադարձության եւ ներգաղթի քաղաքականություն, ապահովում դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական եւ բարոյա- հոգեբանական հիմքերը:
  • 8.Հնարավոր առավելագույն չափով երաշխավորում է Հայաստան-Արցախի արտաքին եւ ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները:
  • 9.Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որեւէ զիջում Ադբեջանին, ինչպեսեւ որեւէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։
    Առայժմ չբացառելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության որեւէ, այդ թվում առանձին ցուցակով գնալու, ձեւաչափ, «Ժառանգությունն», այդուհանդերձ շարունակում է իր բոլոր ջանքերը գործադրել ընդդիմադիր հնարավորինս լայն դաշինքի ձեւավորման ուղղությամբ՝ տեսնելով դրանում երկրում իրավիճակ փոխելու եւ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն:
    «Ժառանգություն» կուսակցություն
    29 դեկտեմբերի 2016թ.
    Երեւան




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: