Հայերեն   English   Русский  

​Հայաստանը՝ ուղեղների մատակարար զարգացած գիտություն ունեցող երկրների համար. գիտական տարվա ամփոփում


  
դիտումներ: 5136

Ընթացիկ տարին Հայաստանում ապրող գիտնականի և գիտության համար առանձնապես չի տարբերվել նախորդ մի քանի տարիներից: Սա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանի կարծիքն է: «Գիտական ոլորտը կարծես ինքնուրույն, իներցիայով է գործել, ինչպես նախորդ երեք-չորս տարիներին»,- ասում է նա:

Ամփոփելով տարին՝ Իշխանյանը նշում է, որ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները շատ չեն և ցույց են տալիս, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Գիտնականը հիշեցնում է, որ Հայաստանում գիտաշխատողների մեծ մասը տարեցներ են: Այդ խմբի միջին տարիքն այս տարի արդեն 63 է: Իշխանյանը կանխատեսում է, որ այս խմբի միջին տարիքի աճին զուգահեռ կարող են մի շարք բացասական փոփոխություններ տեղի ունենալ, օրինակ՝ գիտական դպրոցներ կվերանան: «Հետևաբար, այն ստատիկ վիճակը, որի մասին ասացի, իրականում խիստ բացասական երևույթ է: Երբ չի բուժվում հիվանդությունը և շարունակ խորանում է, նշանակում է, որ վիճակը լավ չէ և վատ ավարտ կունենա»,- ասում է նա:

Ի տարբերություն տարեց գիտնականների խմբի՝ երիտասարդ գիտնականների խմբի միջին տարիքը չի փոփոխվում՝ 25-32 տարեկան: Ըստ Իշխանյանի՝ պատճառն այն է, որ որքան երիտասարդներ գիտություն են գալիս, նույնքան էլ կայանալուց հետո հեռանում են:

«Վերջին տարիներին իշխանությունները հաճախ էին շահարկում, որ ունենք կայուն թիվ երիտասարդ գիտնականների խմբում: Մենք դեռ տարիներ առաջ ասել ենք, որ դա խաբուսիկ թիվ է, իմաստ չունի դա ներկայացնել որպես դրական միտում: Վերջին տարվա ընթացքում ԳՊԿ-ն և ակադեմիան ևս արդեն ընդունում են, որ դա խաբուսիկ թիվ է,- ասում է Իշխանյանը:- Բուհն ավարտելուց հետո որոշակի թվով երիտասարդներ են գալիս գիտահետազոտական ինստիտուտներ: Մնում են մի քանի տարի, մինչև պաշտպանեն թեկնածուական ատենախոսությունը, մի քիչ կայանան, ապա հոսում են այլ ոլորտներ կամ արտագաղթում են»:

Իշխանյանը փաստում է, որ Հայաստանն իր սուղ ռեսուրսներով դարձել է ուղեղների մատակարար զարգացած գիտություն ունեցող երկրների համար. «Այս երիտասարդների առկայությունը նույնիսկ վնասակար երևույթ է, որովհետև մենք մեր սահմանափակ ռեսուրսներով պատրաստում ենք կադրեր օտարների համար»:

Հարցին, թե եթե կառավարությունը գիտակցում է երիտասարդներին դեպի գիտություն գրավելու անհրաժեշտությունը և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ, ապա ինչո՞ւ հետո ջանք չի թափում նրանց գիտությունում պահելու համար, Իշխանյանը նշում է, որ դրա համար բավարար ֆինանսական միջոցներ չկան:

«Արվում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Դա հնարավորությունների հարց է: Երիտասարդ գիտնականին կայանալուց հետո գիտության մեջ պահելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք քիչ թե շատ տանելի պայմաններ կապահովեն նրա համար, չէ՞ որ նա պետք է ընտանիք կազմի, կարողանա ընտանիք պահել, լուծել պարզագույն սոցիալական խնդիրներ: Իսկ դրա համար ֆինանսական միջոցներ չկան: Եղած ֆինանսները սուղ են և հազիվ բավարարում են ներհոսքն ապահովելուն: Այսինքն՝ խնդիրը կրկին գիտության ֆինանսավորման ավելացմանն է հանգում»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ գիտության բնականոն զարգացման համար անհրաժեշտ է ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսի չափով ֆինանսավորում:

Անդրադառնալով նոր կառավարությանն ու նրա ծրագրին՝ Իշխանյանն ասում է, որ գիտությանը վերաբերող ընդամենը երեք դրույթ պարունակող ծրագիրն աղքատիկ էր ու անընդունելի: Գիտական հանրության մոտ հատկապես մեծ դժգոհություն է առաջացրել այն դրույթը, ըստ որի՝ 2018 թվականից սկսած՝ գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասը պետք է ուղղորդվի դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր:

«Ակնհայտ է, որ այդ ձևակերպումը տրվել է հասարակության աչքին թոզ փչելու համար: Այսինքն, երբ ասում են՝ ցանկալի է, որ լինեն կիրառական մշակումներ, որոնք օգտակար կլինեն երկրի տնտեսությանը, դա հնչում է շատ գեղեցիկ: Թվում է, թե շատ ճիշտ է, գիտությունն արդյունք պետք է բերի: Բայց դա՝ առաջին հայացքից: Որպեսզի գիտական արդյունքը դառնա կիրառական մշակում, անհրաժեշտ է մեծ ներդրումներ կատարել հենց կիրառական ինստիտուտներում: Բայց այդ ինստիտուտները, այսինքն՝ կոնստրուկտորական բյուրոները և մյուսները Հայաստանում ոչնչացված են, գոյություն չունեն: Երկրորդ՝ մեր տնտեսությունն ամենևին զարգացած չէ, որ կարողանա տալ գիտատար պատվերներ: Ենթադրենք՝ կարող ենք ստեղծել շատ լավ մեքենա, բայց գործարան չկա, որ դա արտադրի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու»,- ասում է նա:

Իշխանյանը նշում է, որ երբ կառավարությունն ասում է, թե ֆինանսները պետք է ուղղել կիրառական արդյունքին, դրա տակ նկատի ունի ֆինանսների վերաբաշխում դեպի կիրառական մշակումներ. «Բայց կիրառական մշակումները հնարավոր չեն, որովհետև հայտնի է, որ գիտական արդյունքը կիրառական մշակում դարձնելու համար 10 անգամ ավելի շատ ֆինանսներ են պետք: Եթե կառավարությունն ասեր, որ ավելացնում է ֆինանսավորումը 10 անգամ և ավելացված ֆինանսավորման 9/10-րդն ուղղում է կիրառականի զարգացմանը, մենք կարող էինք միայն ողջունել: Բայց ասում է, որ չի ավելացնելու գումարները, բայց ուզում է, որ լինի կիրառական արդյունք: Դա հնարավոր չէ: Պակասեցնելով հիմնարար գիտության ֆինանսավորումը՝ մենք կորցնում ենք մեր վերջին ունեցվածքը, պարզապես փոշիացնում ենք այն: Մինչդեռ հիմնարար գիտությունը մշակույթ ձևավորող երևույթ է և կիրառական զարգացումների ու բարձրակարգ կրթության հիմքը»:

Իշխանյանն ասում է, որ գիտական շրջանակներում խնդիրը բազմիցս քննարկվել է, ու հնարավոր բոլոր օղակներով իրենց դժգոհությունն են հայտնել կառավարությանը: Նա հույս ունի, որ կառավարությունը գիտակցել է, որ այդպիսով վտանգելու են գիտության զարգացումը Հայաստանում, և նախընտրական փուլում կվերանայեն իրենց մոտեցումը:

Իսկ որպես տարվա կարևորագույն ձեռքբերում գիտության ոլորտում Իշխանյանը նշում է անդամակցությունը ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին: «ԵՏՄ մտնելուց հետո շատ կորուստներ ունեցանք ըստ իս, և այդ կորուստներից մեկը կարող էր լինել եվրոպական կրթագիտական տարածքին չինտեգրվելու վտանգը, որը մեզ զրկում էր առաջնագծային գիտությունում գործելու և համապատասխան ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունից: Կարևոր է, որ հաջողվել է կնքել այդ համաձայնագիրը»,- ասում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: