Հայերեն   English   Русский  

​Բանկային գաղտնիք (մաս 3)


  
դիտումներ: 3095

Բանկային գաղտնիքի վերաբերյալ մեր հոդվածների շարքում անդրադարձանք բանկային գաղտնի ինստիտուտին, դրա պատմական զարգացումներին, էությանը, բանկային գաղտնիքի պահպանման պահանջներին և հրապարակման օրենսդրական կարգավորումներին:

Շարունակելով բանկային գաղտնիքի թեման՝ այս հոդվածում կանդրադառնանք բանկային գաղտնիքի տրամադրմանն առնչվող ևս մի քանի էական հարցերի:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և հիմքերով: Բանկային գաղտնիքը օրենքով սահմանված դեպքերում տրամադրվում է պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին: Տրամադրման եղանակը բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է: Բանկային գաղտնիք տրամադրող սուբյեկտների կազմը բավականին նեղ է: Այսպես, բանկային գաղտնիք տրամադրող են համարվում միայն բանկերը, իսկ այն անձինք կամ կազմակերպությունները, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, այդ տեղեկությունները տրամադրելու իրավունք չունեն:

Հիմա բացահայտենք այն սուբյեկտներին, որոնց օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տրամադրվում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

1)Քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկերը քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում միայն դատարանի որոշման հիման վրա:

2)Դատարանին բանկերը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները օրենքով սահմանված կարգով տրամադրում են դատարանի համապատասխան որոշման/վճռի հիման վրա:

3)Ֆինանսական համակարգի հաշտարարին բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, oրենքին համապատասխան, տրամադրում է, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ:

4)Հաճախորդի ժառանգներին բանկերը հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, օրենքին համապատասխան, տրամադրում են, եթե ժառանգները կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացնում (ժառանգության վկայագիր):

5)Հարկային մարմիններին բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, օրենքին համապատասխան, տրամադրում է միայն դատարանի համապատասխան որոշման/վճռի հիման վրա:

6) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազոր մարմինը, եթե բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վերլուծվելով՝ գալիս է այն եզրակացության, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ կան, ապա ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

7)Վարկային բյուրոյին բանկերը և վարկային կազմակերպությունները բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում, ինչը չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: