Հայերեն   English   Русский  

​ԱՔԼՈՐԻ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ


  
դիտումներ: 2251

2017 թվականը չինական օրացույցով աքլորի տարի է: Եկեք աքլորի հետ ճամփորդենք հայոց պատմության քառուղիներում և տեսնենք, թե աքլորի կանչն ինչ է ավետել կամ ինչ իրադարձություններ է գրանցել մեր պատմության ժամանակագրության մեջ:

Աքլորի տարվա առաջին արժանահիշատակ իրադարձությունը վերաբերում է մ.թ.ա. IX դարին:

Մ.թ.ա. 827 թ. - Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը Սարդուրի Ա արքայի կողմից: Վանը Ուրարտուի /Արարատյան թագավորության մայրաքաղաք եղավ մինչև մ.թ.ա. VII դարը: Հետագայում՝ 908-1021 թթ. Վանը նաև Վասպուրականի հայկական թագավորության մայրաքաղաքն էր:

Մ.թ.ա. 95 թ. - Գահ բարձրացավ Տիգրան Մեծը: Իր 40-ամյա գահակալության ժամանակամիջոցում զորեղ տիրակալը նվաճումներ կատարեց աշխարհի չորս կողմերում՝ Մեծ Հայքի թագավորությունը դարձնելով Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը:

Մ.թ.ա. 83 թ. - Տիգրան Մեծը գահ բարձրացավ Ասորիքում: Թուլացած Սելևկյան պետությունը, զգալով Տիգրանյան Հայաստանից եկող վտանգը, գահը կամավոր հանձնեց հայոց արքային, որը բազմեց նաև Սելևկյան գահին՝ որպես Սելևկյան պետության թագավոր:

Մ.թ.ա. 71 թ. - Զարեհ արքայազնի ապստամբությունը Տիգրան Մեծի դեմ: Ահա՝ աքլորը կանչեց… Հազիվ ունեցանք հզոր պետություն, բայց հայոց զորեղ տիրակալի դեմ ապստամբում է ոչ այլ ոք, քան իր սիրասուն որդին: Զարեհը սպանվեց Տիգրան Մեծի հրամանով: Ավելորդ չէ նշել, որ Տիգրանի դեմ ապստամբեցին նաև նրա Արտաշես և Տիգրան որդիները:

Մ.թ. 1 թ. - Արտաշեսյան հարստության անկումը: Վերջին գահակալը Էրատո թագուհին էր: Նա հրաժարվեց գահից, և քանի որ Արտաշեսյանների տոհմը մարել էր արական գծով, գահը մնաց թափուր: Հայաստանն անցավ Հռոմի գերիշխանության տակ:

37 թ. - Հռոմա-պարթևական պայմանագրով Մեծ Հայքը տարածքային կորուստներ ունեցավ: Երկու հզոր երկրները մասնատեցին Հայաստանը թուլացնելու նպատակով:

61 թ. - Պետոսի արշավանքը Հայաստան: Պետոսը գոռոզ ու ամբարտավան զորավար էր: Նա անգամ հարկ չէր համարում հռոմեական բանակի ճամբարում պահակներ նշանակել: 62 թ. հայոց զորքը, Տրդատ Ա Արշակունի արքայի գլխավորությամբ, շրջապատեց հռոմեական ճամբարը, գերեվարեց ողջ զորքը և նվաստացրեց՝ անցկացնելով անարգանքի լծի տակով: Դա Հռոմի երբևէ ունեցած ամենախայտառակ պարտությունն էր: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

253 թ. - Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը, սպանեց հայոց Խոսրով Ա արքային: Դրանից օգտվելով՝ Սասանյանները գրավեցին Հայաստանը:

301 թ. - Հայքի քրիստոնեացումը: Չինական աքլորի կանչը արժեհամակարգային կտրուկ փոփոխություններ մտցրեց հայոց երկիր: Նոր կրոն հաստատվեց՝ տասնյակհազարավոր հայերի կյանքի գնով ու հայոց հին մշակույթի ոչնչացմամբ:

337 թ. - Պարսկական բանակն արշավեց Հայաստան, սակայն արժանի հակահարված ստանալով՝ փախուստի դիմեց:

385 թ. - Գահ բարձրացավ Խոսրով Գ: Նա ջանքեր գործադրեց գահավիժող հայոց պետության փրկության համար, սակայն, ցավոք, ապարդյուն ջանքեր:

481 թ. - Ակոռիի ճակատամարտը: Վահան Մամիկոնյանի գլխավորած 300 հայ քաջեր, մարտի բռնվելով 7100 պարսիկի դեմ, գլխովին ջախջախեցին ու փախուստի մատնեցին ոսոխին: Համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ, ցավոք, չարձանագրված ու չգնահատված աննախադեպ մարտ:

637 թ. - Սասանյան պետության կործանումը: Նոր կազմավորված արաբական խալիֆայության հարվածներից կործանվեց հին աշխարհի երբեմնի զորեղագույն տերություններից մեկը:

661 թ. - Գրիգոր Մամիկոնյանը՝ Հայոց իշխան: Բյուզանդամետ այս իշխանը հայոց կաթողիկոսի հետ վիժեցրեց Թեոդորոս Ռշտունու կնքած հայ-արաբական փառահեղ պայմանագիրը:

685 թ. - Աշոտ Բագրատունին՝ Հայոց իշխան: Աշոտն աչքի ընկավ հայրենասիրությամբ, հայրենատիրությամբ: Նրա օրոք սկսվեց Բագրատունիների տոհմի վերելքը:

781 թ. - Տաճատ Անձևացին՝ Հայոց իշխան: Աքլորի տարում շատ են նոր գահակալները… 2017 թվականը ընտրությունների տարի է, գուցե նախանշա՞ն է…

925 թ. - Սևանի ճակատամարտը, Բեշիրի զորքերի ջախջախումը: Աշոտ Բ Երկաթ հայոց արքան հայոց պատմության մեջ եզակի ծովամարտում ջախջախեց արաբական բանակը:

961 թ. - Անին՝ Հայաստանի մայրաքաղաք: Աշոտ Գ Ողորմածը Անին հռչակեց Հայաստանի մայրաքաղաք: Նա երկիրը ենթարկեց վարչական բարեփոխումների: Ձևավորվեց Հայոց տունը՝ հայկական առանձին թագավորությունների դաշնությունը:

1021 թ. - Սև տարի հայոց պատմության համար: Վասպուրականի թուլամորթ ու անկամ գահակալ Սենեքերիմ Արծրունին հայրենադավ եղավ և իր երկիրը հանձնելով Բյուզանդիային՝ տեղափոխվեց Փոքր Հայք՝ բյուզանդական ծառայության տակ:

1021 թ. - Հայոց գահ բարձրացավ երբեմնի ամենաթուլամորթ ու ամենակամազուրկ գահակալներից մեկը՝ Հովհաննես-Սմբատ Գ-ն (1021-1041): Նրա օրոք հայոց պետությունը գահավիժեց դեպի անկում:

1021 թ. - Ամենայն հայոց դավաճան կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում բյուզանդական Վասիլ կայսրին կտակ գրեց, որի համաձայն՝ հայոց արքայի մահից հետո Անին ու հայոց երկիրը կտակվում էր կայսրությանը:

1045 թ. - Հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի դավաճանությամբ ու նենգադավությամբ կործանվեց Բագրատունիների հայոց թագավորությունը:

1105 թ. - Սելջուկ Խզըլ ամիրան ասպատակեց հայոց հյուսիսային գավառները, գրավեց ու ավերեց Լոռէ քաղաքը, Հաղպատն ու Սանահինը:

1129 թ. - Լևոն Ա Ռուբինյանը՝ Կիլիկիայի հայոց իշխան: Նա կառավարեց մինչև 1137 թ., երբ բյուզանդական մեծ բանակից կրած պարտությունից հետո գերեվարվեց և սպանվեց:

1165 թ .- Անին կրկին գրավեցին Շադդադյանները: Մինչ այդ անեցիներն ապստամբել էին սելջուկյան իշխանության դեմ, հաղթանակ տարել և արքա ընտրելու փոխարեն՝ անձնատուր եղել վրացիներին: Սակայն վերջիններս քաղաքը դարձյալ հանձնեցին Շադդադյաններին:

1225 թ. - Խորեզմի տիրակալ Ջալալ ադ-Դինի արշավանքը Հայաստան: Փախչելով մոնղոլների հետապնդումներից՝ Խորեզմի արքայազնը հայտնվեց Հայաստանում: Օգտվելով հայ իշխողների միջև կրոնական երկպառակտչական վեճերից՝ նա Գառնիի ճակատամարտում ջախջախեց Իվանե Զաքարյանի գլխավորած մեծաքանակ զորքն ու մեկը մյուսի հետևից գրավեց Անին, Դվինը, Թիֆլիսը…

1225 թ. - Հայ իշխանները սպանեցին Կիլիկիո Ֆիլիպ արքային: Ֆիլիպը Անտիոքի դքսի որդին էր, հայոց արքայադուստր Զապելի ամուսինը: Գահ էր բարձրացել պայմանով, որ պետք է կառավարեր ինչպես հայոց արքա՝ հայոց ավանդույթներով: Սակայն, արհամարհելով թե՛ պայմանը, թե՛ հայոց ավանդույթները՝ նա կառավարման ողջ համակարգը հանձնեց լատիններին՝ մեկուսացնելով հայ իշխաններին: Ի վերջո, հայ ավագանին ըմբոստացավ, գահազուրկ արեց նրան ու սպանեց:

1249 թ. - Հայ իշխանների ապստամբությունը մոնղոլների դեմ: Թույլ ելույթ, որ ճնշվեց մոնղոլների կողմից ամենայն դաժանությամբ:

1345թ. - Կոստանդին Դ-ն՝ Կիլիկիայի թագավոր: Լատինամոլ այս գահակալն իր անհեռատես քաղաքականությամբ հայոց թագավորությունն ավելի գլորեց վիհը՝ երկիրն առաջնորդելով դեպի կործանում:

1441 թ. - Կաթողիկոսական աթոռի հաստատումը Էջմիածնում: Կիլիկիայի թագավորության կործանումից հետո 1441 թ. հայոց կաթողիկոսությունը հաստատվեց Էջմիածնում: Դա շրջադարձային իրադարձություն էր հայոց պատմության մեջ:

1441 թ. - Ժայթքեց Հայկական լեռնաշխարհում վերջին հրաբուխը՝ Թոնդուրեկը:

1717 թ. - Մխիթարյան միաբանության հիմնադրումը Սուրբ Ղազար կղզում: Մխիթար Սեբաստացու հիմնած միաբանությունը գործում է մինչ օրս և հայ մշակույթի ու գիտության իսկական դպրանոց է հանդիսանում:

1801 թ. - Վրաստանի հետ Ռուսաստանին միացավ Լոռին ու Տավուշը: Ռուսական բանակը, նաև Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի առաջնորդությամբ մտնելով Վրաստան, այնտեղ տապալեց արքայական իշխանությունն ու Վրաստանը կցեց Ռուսաստանին: Կայսրությանը միացան նաև Լոռին, Տավուշը:

1813 թ .- Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Այս պայմանագրով պատերազմում պարտված Պարսկաստանը Ռուսաստանին զիջեց Արցախը:

1849 թ. - Երևանի նահանգի կազմավորումը: Լուծարվեց հայկական մարզը, որի հետ հայությունը հույսեր էր կապում, թե ազգային անկախ պետականության սկզբնավորման նախանշան է: Եվ ձևավորվեց Երևանի նահանգը՝ որպես ռուսական կայսրության վարչատարածքային միավոր:

1861 թ. - Ճորտատիրության վերացումը: Ռուսաստանում (այդ թվում՝ Արևելյան Հայաստանում) վերջապես վերացավ ճորտատիրական հասարակարգը:

1885 թ. - Վանում հիմնվեց Արմենական կուսակցությունը՝ հայ քաղաքական առաջին կուսակցությունը, որ մի քանի անգամ կազմալուծվեց, վերանվանվեց. այժմ՝ Ռամկավար ազատական կուսակցություն:

1909 թ. - Ադանայի հայերի կոտորածը: Հայ հեղափոխական դաշնակցության և երիտթուրքերի դաշինքի արդյունքում վերջիններս Թուրքիայում տապալեցին սուլթանի իշխանությունն ու կառավարություն ձևավորեցին: Սակայն շատ չանցած՝ Ադանայում և շրջակա գյուղերում կազմակերպեցին 30 հազար հայերի կոտորածը՝ ապացուցելով, որ «քաղաքակիրթ» թուրքն էլ թուրք է:

1921 թ. - Փետրվարյան ապստամբությունը: Փետրվարի 18-ին Հայրենիքի փրկության կոմիտեն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, ապստամբություն բարձրացրեց և տապալելով բոլշևիկյան կարգերը՝ Հայաստանը հռչակեց անկախ: Հայոց այս անկախությունը գոյատևեց մինչև ապրիլի երկուսը:

1921 թ. - Հայոց պատմության ամենասև տարին: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան բաժան-բաժան արեցին Հայաստանը: Կարսի ստորացուցիչ պայմանագրերի տակ իր ստորագրությունը դրեց Խորհրդային Հայաստանի կառավարությունը:

1921 թ. - Կովբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:

1945 թ. - Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայ ժողովրդի 650 հազար մարտիկ՝ շարքայինից մինչ մարշալ, մասնակցեց պատերազմին: Նրանցից 350 հազարը զոհվեցին: Պատերազմում շահեցին Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան: Հայոց բազմահազարամյա պատմության ողջ ընթացքում երբևէ հայը միաժամանակ այդքան ռազմիկ մարտադաշտ չի հանել:

1981 թ. - Շահագործման հանձնվեցին Երևանի մետրոպոլիտենը, Զվարթնոց օդանավակայանը: Այս և նմանատիպ շատ կառույցներ հայ ժողովրդի մեծ զավակի, իսկական երախտավորի՝ Անտոն Քոչինյանի ծրագրերն էին, բայց այսօր, ցավոք, նրա վաստակը վերագրվում է ուրիշին:

Թող ձեր վաստակը երբեք ոչ ոք չկարողանա յուրացնել, ու ամեն հայ նոր տարուն ինքնաբավ լինի նյութապես ու հոգեպես: Շնորհավոր ամանոր, հա՛յ: Չինական աքաղաղի կանչը 2017 թվականին թող միայն բարին ավետի:

Նկարում՝ Հայոց ծիսական տոնածառը՝ Կենաց ծառը:

Հայերը հնում զարդարել են հիմնականում ծիրանենի, ուռենի, բարդի, չինարի, կաղնի ծառերը, զարդարել են գունավոր ժապավեններով (հազարան հավքի գույներով), ընդեղենով, չրերով....

Կենաց ծառի կողքին հայոց ամանորյա ծիսակարգում կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ուչամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց Ձմեռ պապը` հանձին Կաղանդ պապի, կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: