Հայերեն   English   Русский  

​Առողջական տարին


  
դիտումներ: 1894

Արդեն տարվա վերջին օրերն են, 2016-ը ճանապարհ է ընկել՝ տեղը զիջելու նորին:

Ի՞նչ արդյունքներով է այն հեռանում: Ահա 2016-ին առողջության ոլորտում կատարված գլխավոր ձեռքբերումները:

Դեղ ծերության դեմ

Ըստ ամենայնի՝ գերունակություններ կհայտնվեն շուտով բոլոր մարդկանց մոտ: Ամերիկուհի Էլիզաբեթ Պերիշը՝ կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավարը, որոշել է դառնալ պատմությանը հայտնի «առաջին չծերացող կինը»: Նրան ներարկվել են ծերությունը դանդաղեցնող գեներ:

Իսկ Ճապոնիայում արդեն սկսել են կամավորների վրա փորձարկել մի դեղամիջոց, որը հավանական է՝ դառնա ծերության դեմ երկար սպասված միջոցը: Նիկոտինանիդմոնոնուկլեոտիդ անվանված նյութը փորձարկել են մկների վրա ու մեծ արդյունավետություն գրանցել. նյութը ծերացման պրոցեսն արգելակել է ու, ինչպես հաղորդվում է, 70%-ով կարգավորել նյութափոխանակությունը, տեսողությունն ու մկանների աշխատանքը:

Արհեստական կյանք

Կենսաբանության ոլորտում մեծ ձեռքբերում է համարվել պատմության մեջ առաջին արհեստական կենդանի օրգանիզմի ստեղծումը, դա ֆանտաստիկ համարձակ ու բարդ աշխատանք էր, որ կատարել է ամերիկացի գիտնականների թիմը՝ հայտնի գենետիկ Քրեյգ Վենտերի ղեկավարությամբ: Նրանք, հիմնվելով գեների ու դրանց տեխնոլոգիական մանիպուլյացիաների մասին նորագույն գիտելիքների վրա, փորձանոթում ստացել են բնության մեջ գոյություն չունեցող մի բակտերիա՝ syn3.0 կոդային անունով:

Նանոբժիշկներ

Դրանք փոքրագույն ռոբոտներ են, որոնք ճամփորդում են արյունատար անոթներով ու դեղամիջոցը հասցնում հստակ նշանակությամբ՝ ճանապարհին մաքրելով խցանված անոթները, անհրաժեշտության դեպքում էլ իրականացնում վիրահատություններ: Դա իսկական գիտական ֆանտաստիկայի է նման, սակայն իրականություն է, որ այժմ կիրառվում է տարբեր երկրներում: ԱՄՆ-ի Դրեքսելյան համալսարանի կենսաֆիզիկոսները վերջերս այդ ոլորոտւմ կարևորագույն առաջընթացի մասին հաշվետվությամբ են հանդես եկել: Նրանք սովորել են շարժել, միացնել ու անջատել հատուկ միկրոմասնիկներից կազմված մագնիսական դաշտի շղթան:

Երբ սնունդը թույն է

Ինչից է, որ շատակերները չեն կարողանում կանգ առնել: Ինչն է արգելափակում կշտանալու բնական մեխանիզմը: ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի ֆիզիոլոգները դրա նոր՝ մոլեկուլյար բացատրությունն են գտել: Պարզվում է, որ ավելորդ կալորիաները բարակ աղիքում խանգարում են ուրոգուանիլին նյութի սինթեզը, որն այլ կերպ անվանում են «կշտանալու հորմոն»: Փաստորեն, ուղեղը կշտանալու մասին ազդանշաններ չի ստանում, որ ժամանակն է դադարեցնել ուտելը: Նոր հայտնագործության շնորհիվ կստեղծվեն դեղամիջոցներ, որոնք գիրության դեմ կուղղվեն:

Արհեստական ենթաստամոքսագեղձ

2016-ը նշանակալից է եղել առաջին տեսակի շաքարային դիաբետով հիվանդների համար: Վերջապես ամերիկյան առողջապահության նախարարությունը պաշտոնական սերթիֆիկատ է հանձնել մի սարքավորման համար, որը հայտնի է որպես արհեստական ենթաստամոքսագեղձ: Սարքավորումը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ չափում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու ավտոմատ կերպով կատետրով ինսուլին է ներարկում անհրաժեշտ չափաքանակով: Ավելի քան 300 հիվանդի հետ անցկացված փորձարկումներով ապացուցվել է նոր սարքավորման անվտանգությունն ու արդյունավետությունը:

Պայքար խռռոցի դեմ

Մարդկային լավագույն մտքերը դեռ շարունակում են աշխատել շատ ընտանիքների քունը թունավորող խնդրի լուծման միջոցներ գտնելու ուղղությամբ: Խոսքը խռռոցի մասին է: Կալիֆոռնիայի համալսարանից մի ընկերություն թողարկել է քթին հագցնելու սարքավորում, որը խլացնում է խռռոցի ձայնը՝ ակուստիկ տատանումներ ստեղծելով հակափուլում:

Նույն խնդրին է ուղղված նաև Կրասնոդարից Բորիս Գաուֆմանի ստեղծած սարքավորումը, որը պացիենտի մարմնի վրա սկսում է տատանվել, երբ նա այն դիրքն է զբաղեցնում, որի դեպքում հաճախ սկսում է խռռացնել:

Նոր համ

Մարդուն հայտնի համապնակում ոչ միայն քաղցր, թթու, աղի ու դառնահամ կա, ինչպես մինչ այժմ ենթադրվում էր, այլև ուրիշ համեր: Վերջին տարիներին գիտնականները բացահայտել են մսային համ՝ «ումամի», ապա յուղալի՝ «օլեոգուստուս»: Իսկ հիմա մի նոր երանգ է ավելացել այդ պնակում: Օրեգոնի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նոր համային զգացում՝ կապված օսլայի հետ, որը կարելի է նկարագրել ինչպես բրնձի կամ մակարոնեղենի համ: Հիմա գիտնականները փորձում են լեզվի վրա գտնել այն ռեցեպտորները, որոնք պատասխանատու են այդ համի համար: Բացահայտումը անկասկած կօգնի սննդարդյունաբերությանը՝ ավելի ճշգրիտ մշակելու այն բաղադրությունները, որոնք սնունդն ավելի ախորժալի կդարձնեն:

Ավելի լավ է հովացնել

Մեծ հետազոտություններ են կատարվել տաք ըմպելիքների օգտագործման վտանգներն ապացուցելու ուղղությամբ: 2016-ին դրանք հրատարակվել են Lancet ամսագրում: Գիտնականներն ընդհանրացրել են այդ թեմայով կատարված ավելի քան 1000 աշխատանքների տվյալները ու հանգել մի եզրակացության, որ 65 աստիճանից տաք ընպելիքները կարող են նպաստել կերակրափողի քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, ռեստորաններում թեյի ու սուրճի մատուցման ստանդարտ ջերմաստիճանը 82-85-ից բարձր է լինում: Հետազոտողները կարծում են, որ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ տաք ըմպելիքները ներառել են քաղցկեղածին մթերքների շարքում, ինչպես տապակած կամ վերամշակած միսն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: