Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Կոչ խաղաղության


Նյու Յորք, հունվարի 1, 2017 թ.ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ստանձնեց իր պաշտոնը


  
դիտումներ: 538

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին օրն ինձ մի հարց է տանջում։

Ինչպե՞ս կարող ենք օգնել հակամարտությունների ճիրաններում գտնվող, պատերազմների հետևանքով

անտանելի զրկանքներ կրող միլիոնավոր մարդկանց, երբ այդ ամենի վերջը չի երևում։

Խաղաղ քաղաքացիական բնակչությունը մահաբեր զինատեսակների թիրախ է դառնում։ Կանայք, երեխաները և տղամարդիկ սպանվում ու վիրավորվում են, հարկադրված լքում իրենց տունը՝ զրկվելով սեփականությունից և գոյության միջոցներից։ Թիրախ են դառնում անգամ հիվանդանոցներն ու ավտոշարասյունները։

Այս պատերազմներում հաղթողներ չկան՝ պարտվում են բոլորը։ Հազար միլիարդավոր դոլարներ են ծախսվում՝ կազմաքանդելու հասարակություններ ու տնտեսություններ՝ սնելով անվստահությունն ու վախը, և այս արատավոր շղթան կարող է շարունակվել մի քանի սերունդ։ Ամբողջ տարածաշրջաններ են ապակայունանում, իսկ համաշխարհային ահաբեկչության նոր սպառնալիքից ապահովագրված չէ ոչ ոք։

Ամանորի այս օրերին բոլորիդ խնդրում եմ միանալ ինձ՝ նոր տարում ստանձնելով մեկ միասնական հանձնառություն.

եկեք խաղաղության հաստատումը մեր առաջնահերթ խնդիրը դարձնենք։

Եկեք 2017-ը դարձնենք տարի, երբ բոլորս՝ քաղաքացիները, կառավարությունները, առաջնորդները, կձգտենք հաղթահարել մեր տարբերությունները։

Մեր ամենօրյա կյանքում համերաշխությունից ու ապրումակցումից մինչև երկխոսություն և հարգանք քաղաքական հակառակորդների միջև... Մարտի դաշտում հրադադարի հաստատումից մինչև փոխհամաձայնություն բանակցությունների սեղանի շուրջը՝ հետամուտ լինելու քաղաքական կարգավորման...

Խաղաղությունը պետք է լինի մեր նպատակն ու ուղենիշը։

Այն ամենը, ինչի մենք ձգտում ենք որպես մարդկային ընտանիք՝ արժանապատվություն և հույս, առաջընթաց և բարգավաճում, կախված է խաղաղությունից։

Բայց խաղաղությունը մեզնից է կախված։

Կոչ եմ անում բոլորիդ միանալ ինձ՝ այսօր և ամեն օր խաղաղության հաստատման պարտավորություն ստանձնելով։

Եկեք 2017-ը դարձնենք խաղաղության տարի։

Շնորհակալ եմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: