Հայերեն   English   Русский  

​Հայկական բիզնես, որ մեզ մոտեցնում է ապագային


  
դիտումներ: 4414

Հաջողության պատմություն թե՛ վիրտուալ իրականությունում, թե՛ իրական կյանքում. երբ սիրում ես գործդ ու հավատում ուժերիդ:

Arloopa

Համացանցում, հատկապես` սոցիալական ցանցերում վերջին ժամանակներս անընդհատ աչքիս էին զարնում մինչ այդ ինձ լրիվ անծանոթ Arloopa անունով VR ակնոց-սաղավարտները: Հետաքրքրությունս ավելի շարժվեց, երբ վիրտուալ ու իրական տիրույթներում ինձ հայտնի, երբեմն էլ մտերիմ մարդիկ սկսեցին այդ ակնոց-սաղավարտներով լուսանկարներ հրապարակել և գովել Arloopa-ն: Այդ ժամանակ էլ իմացա, որ այս սարքերը, ավելի ստույգ՝ դրանց ամբողջ ծրագրային ու հավելվածային ապահովումները ստեղծել է հայկական ընկերություն:

Arloopa ապրանքանիշը, որը հայտնի է VR և AR խաղերի ու հավելվածների մշակմամբ, առաջարկում է սեփական VR ակնոց-սաղավարտները, որոնցով կարելի է դիտել 360 աստիճան տեսանյութեր, խաղալ VR խաղեր և օգտվել VR հավելվածներից:

Նախ ասենք, որ AR (Augmented Reality) թարգմանաբար նշանակում է լրացված իրականություն, իսկ VR ( Virtual Reality)՝ վիրտուալ իրականություն: Վիրտուալ կամ երևակայական իրականությունը կամ VR համակարգերը հնարավորություն են տալիս մարդուն հայտնվելու իրականին նմանվող աշխարհում, որն ամբողջովին ստեղծել են ծրագրավորողները: Այս նոր տեխնոլոգիայի գլխավոր ձեռքբերումն այն է, որ մարդը վիրտուալ տարածքում ոչ թե պարզ դիտորդ է, այլ ակտիվ գործող, այդ իրականության անբաժանելի մասը:

Սա արդեն հետաքրքիր է, քանի որ VR-ը ՏՀՏ ոլորտում այն նորագույն ուղղություններից է, որոնք դեռևս իրենց առաջին քայլերն են անում, նույնիսկ սխալված չենք լինի ասել՝ չոչ են անում տեխնոլոգիաների զարգացման քառուղիներում: Եվ բնականաբար, խիստ հաճելի է, երբ հանկարծ հայտնաբերում ես, որ այս նորագույն սեգմենտում բավականին հաջող հանդես եկող հայրենական ընկերություն կա: Ավելին, այդ ընկերությունը բավական հաջող ու կայուն բիզնես է վարում: Խոսքը Arloopa ապրանքանիշը ստեղծած հայկական «Իքս Թեք» (X-TECH) ընկերության մասին է, որն իր գործունեությունը սկսել է 2008 թ. և սկսել է որպես վեբ ծրագրավորմամբ և դիզայնով զբաղվող ընկերություն, բայց ժամանակի ընթացքում բազմազանացնելով իր ծառայությունների ու արտադրանքի ուղղությունները, հասկանալով շուկայի փոփոխությունների միտումը, վերափոխվելու անհրաժեշտությունը՝ սկսած 2010-2011 թվականներից շարունակել է գործունեություն ծավալել մոբայլ հավելվածների ու լուծումների, այնուհետև՝ խաղերի և ապա վիրտուալ իրականության սեգմենտներում:

«Սկզբում ընդհանրապես մարդ չկար, միայն ես եմ եղել բավականին երկար ժամանակ, այնուհետև կամաց-կամաց սկսեցի համագործակցել ֆրիլանսերների հետ, հետո մի աշխատող ընդունեցի, հետո դարձանք երեք հոգի ու այդպես կամաց-կամաց սկսեցինք աճել: Հիմա «Իքս Թեքի» մշտական աշխատակիցների թիվը մոտ մեկ տասնյակ է՝ չհաշված ժամանակ առ ժամանակ ընկերության նախագծերին մասնակցող ֆրիլանսերներին: Սկսելու համար ընկերոջիցս 2000 դոլար պարտքով փող վերցրի ու սկսեցի աշխատել: Մեծ ծախսեր չենք արել. սկզբում նույնիսկ գրասենյակ էլ չկար, տանն էի աշխատում: Դրանից առաջ աշխատում էի գերմանական մի ընկերությունում, փորձ ունեի, ու մի պահ էր եկել, որ պետք է ընտրություն անեի. գերմանական ընկերությունը Հայաստանում փակվեց, կա՛մ պետք է գնայի ուրիշ տեղ աշխատելու, կա՛մ էլ ինչ-որ բան ինքնուրույն սկսեի, սեփական գործն անեի: Իսկ այդ ցանկությունը միշտ էլ մեջս վառվում էր: Եվ ես որոշեցի գնալ այդ ռիսկին ու սկսել սեփական գործը»,- «Անկախին» պատմեց «Իքս Թեք» (X-TECH) ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը:

Մի խոսքով, վեբից անցում եղավ մոբայլ հավելվածների ստեղծմանը, խաղերին, որոնցից էլ՝ վիրտուալ ու լրացված իրականությանը: Այսպիսի փոխակերպումների շնորհիվ հիմա ընկերությունը գործունեություն է իրականացնում 4 հիմնական ուղղություններով. վեբ, մոբայլ հավելվածներ, խաղեր և լրացված ու վիրտուալ իրականություններ: Արման Աթոյանն ու նրա թիմակիցները 2014 թվականին հասկանում են, որ լրացված ու վիրտուալ իրականության ուղղությունը մեծ թափով զարգանում է, այս դաշտ մտնելու շատ մեծ հեռանկարներ կան:

«Որովհետև այս ոլորտը փոխում է բոլոր պատկերացումները: Պատկերացրեք օրինակ՝ խաղի օրինակով, որ արդեն խաղում ես ոչ թե երրորդ դեմքով, որպես կողքից խաղացող, այլ խաղի մեջ ես, խաղի հերոսն ես: Կամ լրացված իրականության դեպքում կարող ես քո սմարթ սարքը պահել գրքի վրա, ու այն, ինչ գրված է, օրինակ՝ քիմիական փորձ է նկարագրված կամ ֆիզիկայի ինչ-որ պրոցես, կարող է տեղի ունենալ քո աչքի առջև: Դա շատ կարևոր մեսիջ էր մեզ համար հասկանալու, որ սա հետաքրքիր ուղղություն է, հաստատ պետք է զբաղվել դրանով: Սա այն ոլորտն է, որտեղ աշխարհի 10 խոշորագույն ՏՀՏ ընկերություններից առնվազն 8-ը լուրջ ներդրումներ են անում՝ գիտակցելով, որ այս տեխնոլոգիաները փոխում են բոլոր կրթական, բիզնես և այլ ոլորտների պատկերացումները, որոնք նախկինում կային»,- նշում է Արման Աթոյանը:

Իրոք, մի պահ պատկերացնենք, որ մի VR ակնոց-սաղավարտի շնորհիվ մի այնպիսի վարժանք կարող ենք անցնել, որը նախկինում շատ թանկ, նույնիսկ անհնար էր: Կամ օրինակ՝ պատմության դասաժամին երեխան կարող է ոչ միայն կարդալ տեքստը, այլև մասնակցել պատմական ինչ-որ իրադարձության, ասենք՝՝ Ավարայրի ճակատամարտին: Կամ տանը վիրտուալ մարզչի, ուսուցչի հետ դաս պատրաստել, սպորտով զբաղվել, մեքենա վարել սովորել և այլն: Այստեղ բոլոր սահմաններն ու պատկերացումներն արդեն վերանում են:

«Եվ պետք է մի բան գիտակցենք, որ սա կարող է դառնալ հիանալի գործիք մեզ պես երկրների համար, որոնք ունեն մտավոր մեծ պոտենցիալ, մշակույթ, բայց այս ամենն այսօր ներկայացնելու խնդիր ունեն: Միգուցե դժվար է այսօր զբոսաշրջիկին բերել այստեղ ու ցույց տալ այն, ինչ ուզում ենք՝ մեր պատմությունը, մշակույթը, բնությունը և այլն, բայց եթե կարողանանք այնպես ճիշտ ձևով ներկայացնել, որ ինչ-որ մեկը, օրինակ, կարողանա Իտալիայում նստած վիրտուալ տուր անել դեպի Հայաստան, հասկանա, որ արժե նաև գալ Հայաստան՝ դա կարող է բոլորովին այլ բնույթի ազդեցություն ունենալ մեր տնտեսության այդ բնագավառի վրա: Մենք այդպիսի առաջարկություն էլ ենք ներկայացրել, որ այսօր մեր պետությունը կարող է իր վրա այդպիսի մի առաջնորդություն վերցնել ու ասել, որ մեր երկրի կառավարման, բիզնես պրոյեկտներում մենք ներդնում ենք այս տեխնոլոգիաները: Դա մեսիջ կարող է դառնալ Google-ի, Facebook-ի և մնացած մեծ ընկերությունների համար, որոնք հետաքրքրված կարող են լինել այստեղ լաբորատորիաներ ունենալու, մեր երկրի հետ համագործակցելու համար: Ու քանի որ մենք փոքր երկիր ենք՝ մեզ մոտ կարելի է տարբեր պիլոտային պրոյեկտներ իրականացնել: Այստեղ կարելի է ստեղծել համապատասխան լուծումներ, որի սպառողն ամբողջ աշխարհն է, որտեղ դաշտն այս պահին ազատ է, քանի որ նոր է, և մենք կարող ենք օգտվել այս հիանալի առիթից, կարող ենք ստեղծել մեր պրոդուկտները, որոնք ռեալ կարող են վաճառվել»,- նշում է Արման Աթոյանը:

Սա, ըստ ամենայնի, հաջողակ բիզնես է, չնայած ընկերության հավակնությունները շատ ավելի մեծ են: Հաջողելու համար առաջին չափանիշը, ընդգծում է Արման Աթոյանը, աշխատասիրությունն է ու ճիշտ թիմը. առանց դրանց հաջողություն չես կարող արձանագրել: «Միգուցե ունենաս շատ ֆինանսական միջոցներ, ռեսուրսներ և այլն, բայց եթե չունես աշխատասիրություն և լավ թիմ՝ այդ ռեսուրսներն ինչ-որ ժամանակ հետո կսպառվեն, ու արժեք չես ստեղծի: Ինձ թվում է, որ թիմի անդամներն էլ իրենց գործը պետք է սիրեն: Մեզ դա է օգնել»,- նշում է նա ու հավելում, որ հաջողելու համար պետք է նաև հավատալ, որ կարողանալու ես անել այն, ինչ նախաձեռնել ես: Կարևոր է նաև գիտելիքը, որը Հայաստանի դեպքում մեծ մասամբ ինքնուսուցման հիմքերով է լրացվում:

Այսպիսով, Արման Աթոյանը խորհուրդ է տալիս բիզնես սկսելիս շատ ծախսեր չանել, այլ պետք է նվազագույն ծախսերից սկսել. այսինքն՝ միշտ պետք է խնայել, յուրաքանչյուր մանր ռեսուրսը ծախսել առավել կարևոր ու օգտակար նպատակով:

Բացի նրանից, թե ինչ պետք է անել բիզնեսում, հաճախ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ չպետք է անել: Արման Աթոյանը սիրով ներկայացնում է իր փորձը. բիզնեսում չպետք է խաբել, անպատասխանատու գործընկերներ ընտրել, չպետք է զբաղվել մի բանով, որը քոնը չէ, որից ոչինչ չես հասկանում: Իսկ եթե շատ ես ուզում, բայց չես հասկանում՝ ուրեմն պետք է սովորես, հասնես մի մակարդակի, որ արդեն ամեն ինչ հասկանաս ու հստակ պատկերացնես:

Չպետք է նաև սկսել այն մարդկանց հետ, որոնք երկար ժամանակ դժվարություններ հաղթահարելու պատրաստ չեն: Երկրորդ՝ չպետք է սկսել մի բան, որը տվյալ պահին շուկա չունի, իսկ դու պատրաստ չես սպասել, մինչև համապատասխան շուկան ձևավորվի կամ ինքդ ձևավորես: Արման Աթոյանը նշում է նաև, որ ցանկացած նոր բան սկսելն ամենևին հեշտ չի լինում, տարբեր փուլերում տարբեր խնդիրներ են առաջանում, որոնք պետք է լուծես ու առաջ շարժվես: Ուստի ընկերությունը պետք է կարողանա ճիշտ դիվերսիֆիկացնել իր գործունեությունը, ուղղությունները, շուկաները և այլն:

Arloopa սարքերը ստեղծելով՝ ընկերությունն ու նրա հիմնադիր տնօրենը գումար աշխատելու նպատակ չեն դրել, այլ փորձում են դառնալ այս շուկայի պիոներներից մեկը, որ մարդիկ տեսնեն ու հարց տան, թե ինչ է Arloopa-ն, սկսեն հետաքրքրվել ընկերության ստեղծած պրոդուկտներով:

«Ես հավատում եմ, որ այս ուղղությամբ ինչ-որ բան անելու, խորշ գրավելու լուրջ շանս կա, բայց նաև գիտակցում եմ, որ չի կարելի դա անել մենակ: Դրա համար ես դառնում եմ VR-ի քարոզող, ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդ միանա սրան: Սա շատ կարևոր է: Եթե մենք այս ոլորտում առաջ գնալու մեծ հավակնություններ ունենք, ուրեմն անհնար է դա անել մեկ կամ երկու ընկերությունով: Ուստի կարևոր է հետաքրքրություն առաջացնելն այս դաշտի նկատմամբ: Մենք այս քայլով ցանկացանք, որ այս ուղղությունը հասանելի լինի տարբեր ոլորտներին՝ ռազմական, գիտական, կրթական և այլն, որպեսզի տարբեր մարդիկ կարողանան դրա նշանակությունը տեսնել, դրանից հետո արդեն նրանց հետ խոսելն ու գործդ ներկայացնելն ավելի հեշտ լինի, քանի որ սա շատ մեծ ապագա ունի և շատ հետաքրքիր ու հեռանկարային ուղղություն է: Նաև խորհուրդ կտայի որ ավելի շատ ուսանողներ, ծրագրավորողներ, ավելի շատ սթարթափներ մտածեն այս ուղղության մասին, քանի որ սա վաղը լինելու է այն շուկան, ինչ ինտերնետն էր, երբ նոր-նոր էր ձևավորվում: Մենք պատրաստ ենք ցանկացած մարդու խորհուրդ տալ, թե ինչպես այս դաշտ մտնել»,- եզրափակում է Արման Աթոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: