Հայերեն   English   Русский  

Բոսնիա Հերցեգովինայի սերբերը ցանկանում են անկախանալ եւ պատրաստվում են հանրաքվեի


  
դիտումներ: 431

Բոսնիա Հերցոգովինայի մաս կազմող Սերբական Հանրապետությունը, որին 1995 թվականին կնքված հայտնի Դեյթոնյան համաձայնագրով պարտադրվել է դաշնային պետություն ստեղծել բոսնիացի մահմեդականների ու խորվաթների հետ, ցանկանում է անկախանալ կամ վերամիավորվել Սերբիայի հետ: Հունվարի 9-ին Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում մեծ շուքով նշվել է 1992 թվականին ընդունված անկախության հռչակագրի ընդունման 25-րդ տարեդարձը, որին մասնակցել է նաեւ Համայն Սերբիայի պատրիարք Իրինեյն ու Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Մայրաքաղաքի փողոցներով շքերթով անցել են բոսնիական պատերազմի վետերանները,հաղորդում է armtimes.com-ը:

Սակայն միջոցառման սենսացիան եղել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ելույթը, որի ժամանակ նա առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Բոսնիա Հերցեգովինայի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու կամ Սերբիայի հետ միավորվելու մասին: «Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի բոլորին ցույց տանք, որ մենք միասնական ենք: Մեզ միավորում է Սերբական Հանրապետություն կոչվող գաղափարը: Այս տարածքում բնակվող սերբերը գիտեն, որ իրենք ազատություն չեն ունենա, եթե չունենան սեփական պետություն: Առանց մեր ազատության այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի: Բոսնիա Հերցեգովինան որպես պետություն ապագա չունի եւ դրա մեջ մտնող կազմավորումները՝ Սերբական Հանրապետությունն ու Խորվաթա-մահմեդական դաշնությունը ավելի լավ է սիրով բաժանվեն միմյանցից»,- ասել է Դոդիկը:

Վերջինս հայտարարել է, որ մտադիր է մինչեւ այս տարվա կեսը Սերբական Հանրապետության տարածքում Բոսնիա Հերցեգովինայի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն հռչակելու շուրջ հանրաքվե անցկացնել: «Հանրաքվեն սերբերի անօտարելի իրավունքն է»,- հայտարարել է Դոդիկը՝ խոստանալով նախապատրաստական աշխատանքներ սկսել դրա անցկացման համար: Նա գտնում է, որ Սերբական Հանրապետությունը, Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային տարածքները եւ Չեռնոգորիան ապագայում պետք է վերամիավորվեն Սերբիայի հետ:

Բոսնիա Հերցեգովինայի մոտ 3.5 միլիոն բնակչության մոտ 31 տոկոսը սերբեր են, որոնք միավորումը զբաղեցնում է երկրի տարածքի գրեթե կեսը: Սերբերը տեղի բնիկներն են, սակայն դարավոր թուրքական գերիշխանության ընթացքում նրանց թիվն աստիճանաբար նվազել է եւ տարածաշրջան են ներթափանցել մահմեդականները՝ դառնալով մեծամասնություն: Ներկայումս Բոսնիա Հերցեգովինայի 50 տոկոսը կազմում են բոսնիացի մահմեդականները, 15.2 տոկոսը խորվաթներ են:

Բոսնիացի մահմեդականների առաջնորդ Բաքիր Իզեթբեգովիչը կարգադրել է հետաքննություն սկսել, իր իսկ բնորոշմամբ, հակասահմանադրական միջոցառման եւ բոսնիական պատերազմի վետերանների շքերթի փաստի առթիվ: Իր հերթին, Բոսնիա Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը նման շքերթի անցկացումն անօրինական է ճանաչել: Բոսնիացի մահմեդականներն ու խորվաթները Դոդիկին արդեն մեղադրում են միջէթնիկական նոր բախում հրահրելու եւ դաշնային պետությունը քայքայելու փորձերի մեջ եւ խոսում են Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտության անհրաժեշտության մասին: Հենց վերջինիս միջամտությունն էր, որ բոսնիացի սերբերին ստիպեց հրաժարվել դաշնային պետություն ստեղծել մահմեդականների ու խորվաթների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: