Հայերեն   English   Русский  

Տոներն ազդել են Մինսկի խմբի աշխատանքի և ոճի վրա. Սերգեյ Մինասյան


  
դիտումներ: 2125

«Չէի ասի, որ Չինարիի միջադեպից հետո չափից ավելի լարվածություն կա սահմանագծում: Սա իր ռազմաքաղաքական բնույթի բացատրությունն ունի»:

«Չէի ասի, որ Չինարիի միջադեպից հետո չափից ավելի լարվածություն կա սահմանագծում: Սա իր ռազմաքաղաքական բնույթի բացատրությունն ունի»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախյան հակամարտության զարգացումներին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Այն հարցին, թե Մինսկի խմբի հայտարարությունն ինչու այդքան ուշ տարածվեց, քաղաքագետը նշեց, որ բացատրությունը շատ պարզ է, բայց դրանից ոչ պակաս տարօրինակ. տոները ազդել են Մինսկի խմբի աշխատանքի և ոճի վրա. «Արված հայտարարության առաջին երկու նախադասությունները փաստացի իրար հակասում են: Մի կողմից փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև, չնայած չեմ կարծում, որ Մինսկի խմբի համանախագահների համար գաղտնիք է, թե իրականում որ կողմն էր դեկտեմբերի 29-ի գործողությունը նախաձեռնել, մյուս կողմից, երկրորդ նախադասության մեջ համանախագահները խոսում են ադրբեջանական դիվերսանտին վերադարձնելու մասին: Անհասկանալի է՝ եթե ադրբեջանական կողմը չէր սկսել գործողությունները, ապա ինչո՞ւ պիտի ադրբեջանցի դիվերսանտի դին հայտնվեր հայկական կողմում», - նշեց Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ Մինսկի խմբի այս հայտարարությունը կարևոր է այն առւմով, որ հերթական անգամ նշվեց՝ կողմերը պիտի կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչպես նաև սահմանագծում վսահության մեխանիզմին ուղղված քայլեր ձեռնարկեն. «Եթե կողքի դնենք այդ բոլոր ուղերձների դիվանագիտական ասպեկտը, ապա դրանք բացառապես ադրբեջանական կողմին են ուղղված», - ընդգծեց նա:

Սերգեյ Մինասյանը նշեց, որ ընդհանուր առմամբ համաձայն է ՀՀ ԱԳՆ պատասխանին՝ հնչած հայտարարության հետ. «ԱԳՆ հայտարարության մոտեցումներն ու գնահատականներն, ըստ էության, համապատասխանում են իրար»:

Ինչ վերաբերում է սահմանին լարվածության աճին, քաղաքագետը նշեց, որ նավթի գների նվազմանը զուգահեռ կպահպանվի Բաքվի ռազմատենչ հռետորիկան. «Ապրիլից հետո Ադրբեջանն իրեն համեմատաբար զուսպ է պահում ռազմաճակատում, բացառությամբ Չինարիի դեպքի: Դա նշանակում է՝ կամ ապրիլյան դեպքերից հետո լուրջ հետևություններ է արել, կամ նախապատրաստվում է նոր գործողությունների, որոնց մակարդակը գուցե որոշակիորեն համեմատվի ապրիլյան դեպքերի հետ: Հնարավոր են կրկին բախումներ, բայց կարծում եմ՝ ադրբեջանական կողմն, ինչպես ապրիլին, ի վիճակի չեղավ գնալ լայնածավալ պատերազմի, այնպես էլ առաջիկայում չի գնա նմանօրինակ էսկալացիայի»,-ասաց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: