Հայերեն   English   Русский  

​Դատական հայց՝ Գյումրիում Իտալիայի հյուպատոսի դեմ


  
դիտումներ: 364

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արման Մազմանյանի հայցն ընդդեմ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի:

Արման Մազմանյանն հանդիսանում է հյուպատոսարանի հյուպատոսական ծրագրերի համակարգող: Աշխատանքի է ընդունվել 01.02.2006-ից, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, անակնկալ կերպով, 2015թ. սեպտեմբերի վերջին բանավոր տեղեկացրել են, որ աշխատանքից ազատված է:

ՙ27.11.2015թ. գրավոր դիմել եմ հյուպատոսին, խնդրել եմ տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, ինչպես նաև տեղեկություններ աշխատանքից ազատման հիմքերի և պատճառների վերաբերյալ: Սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել՚, - հրավիրված մամլո ասուլիսում նշեց Արման Մազմանյանը:
Երկար ժամանակ պատասխանի սպասելուց հետո փաստաբանների պալատի անդամ Արմենուհի Ղանդիլյանի կողմից նամակ է ուղարկվել Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ խնդրելով տրամադրել այդ փաստաթղթերը: Սակայն դեսպանատնից Մազմանյանին պատասխանել են, թե նշյալ հարցով կարող է պատասխանել միայն հյուպատոսարանը:
Անտոնիո Մոնտալտոյին կրկին է նամակ ուղղվել նույն պահանջով, որին այս անգամ կցվել է նաև դեսպանի պատասխանը: Այդպես էլ հյուպատոսից պատասխան չստանալով, հունիսի 27-ին Մազմանյանը նամակ է ուղարկել Իտալիայի Հանրապետության նախագահին և արտաքին գործերի նախարարին: Այստեղից էլ հեռախոսազանգով հայտնել են, թե իրենք խոսել են հյուպատոսի հետ և վերջինս կտրամադրի անհրաժեշտ տեղեկությունները: Մինչ օրս չստանալով ոչ մի պատասխան, Արման Մազմանյան դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հյուպատոսից ստանալ տեղեկատվություն աշխատանքից ազատման և հիմքերի տրամադրման պահանջով:

աշխատանքային գրքույկ

Արման Մազմանյանի հավաստմամբ, իր աշխատանքային գործունեության ընթացքում հյուպատոսի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել, և չի էլ պատկերացնում, թե ինչը կարող էր լինել իր ազատման պատճառը: Սակայն Մազմանյանին առավել զարմացրել է Անտոնիո Մոնտալտոյի դատարան ուղարկած գրությունը, որով հայտնել է, թե Արման Մազմանյանի աշխատանքային գրքույկի մեջ աշխատանքի ընդունման հրամանի տակ դրված ստորագրությունն իրեն չի պատկանում.
ՙՍակայն ստորագրության կողքին դրված է նաև կնիք: Ինչպես նաև նշել է, որ ընդհանրապես Իտալիայի պատվավոր հյուպատոսարան գոյություն չի ունեցել և չունի՚:
Հաջորդ դատական նիստի համար Արման Մազմանյանը պատրաստել է ապացույցներ այն մասին, թե ինչպես է Գյումրիում բացվել պատվո հյուպատոսարան, ինչ աշխատանքներ է կատարել, որոնք ամրագրված են նաև լուսանակարներով ու տեսանյութերով: Մազմանյանի փոխանցմամբ, կա նաև հեռուստահաղորդում, որում հյուպատոսն ինքն է պատմում Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի ստեղծման, իր նշանակման մասին:
Արման Մազմանյանը դիմել է Շիրակի մարզի դատախազություն ձեռագրաբանական փորձաքննություն կատարելու մասով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: