Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. 4-րդ տուրի արդյունքներ


  
դիտումներ: 160

Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարում երեկ տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:

Շրջանային մրցաշարում առաջինն ավարտվեց Վոյտեխ Պլատ – Դմիտրի Գորդիևսկի պարտիան, որում խաղի 45-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաջորդն իրենց այս տուրի մրցելույթներն ավարտեցին Դավիթ Պառավյանն ու Արման Միքայելյանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Պառավյանը: 4-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և առաջատարների խմբին միացավ Հովիկ Հայրապետյանը, ով 40 քայլում հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Մրցաշարի 4 առաջատարներից երկուսը` Լևոն Բաբուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը մրցում էին միմյանց դեմ. պարտիայում խաղացվեց 69 քայլ, սակայն այդ ամբողջ ընթացքում դիրքում պահպանվեց հավասարության նժարը և պարտիան ավարտվեց տրամաբանական ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրում վերջինն ավարտվեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի պարտիան մրցաշարում ամենացածր գործակից ունեցող Արամ Հակոբյանի դեմ: Սպիտակներով խաղացող Բոգդանովիչը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ թեթև առավելություն, բայց Հակոբյանը համառորեն պաշտպանվում էր, սակայն խաղի վերջնամասում Հակոբյանը թույլ տվեց որոշակի վրիպումներ և 88-րդ քայլին անձնատուր եղավ:

Այսպիսով, 4 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Հովիկ Հայրապետյանը վաստակել են 2.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու Դավիթ Պառավյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով, Վոյտեխ Պլատը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շվեյցարական մրցաշարերում նույնպես տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Արթուր Դավթյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 3 շախմատիստ առաջատարից հետ են մնում կես միավորով:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում 100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են Պողոս Այվազյանն ու Հրաչիկ Հովակիմյանը: 7 շախմատիստ վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են Համլետ Բրուտյանն ու Սևակ Մանուկյանը, ովքեր իրենց բոլոր 4 պարտիաներն ավարտել են հաղթանակով:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 10 շախմատիստ իրենց ակտիվում գրանցել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում Սյուզի Սահակյանը, Սաթենիկ Պողոսյանն ու Միլենա Ադաշյանը վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: