Հայերեն   English   Русский  

Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հռչակել է Արցախի տարի


  
դիտումներ: 838

Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի:

Նախապատրաստվող ծրագրերի մասին այսօր լրագրողների հետ խոսեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Նա նշեց, որ տարին Արցախին նվիրելու համար հիմք է հանդիսացել 2016 թվականին սկիզբ առած «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը:

«2016 թվականին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական 8-րդ համագումարը, որի երկու օրն անցկացվեց Արցախում: Հենց այդ ժամանակ միտք առաջացավ սկսել շարժում հանուն Արցախի: Դրա արդյունքում ձևավորվեց «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը: Այն մեծ արձագանք գտավ Սփյուռքի տարբեր հատվածներում, ինչն էլ նպաստեց , որ նախարարությունը տարին հռչակի Արցախին նվիրված»,- ասաց Սերժ Սրապիոնյանը:

Մի շարք համայնքներում այն դարձել է գործունեության գլխավոր նպատակներից մեկը, այդ թվում՝ Գերմանիայում, Նիդերլանդներում, Ուրուգվայում:

Փոխնախարարն ընդգծեց, որ շարժման գլխավոր նպատակն է հայության համախմբումը . Արցախի անվտանգության կարևորությունը համահայկական է, որից կախված է նաև Հայաստանի անվտանգությունը. «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը որևէ մեկից հաշիվ պահանջելու նպատակ չի հետապնդում՝ ոչ անհատից, ոչ կազմակերպությունից: Շարժման ամենաառաջին նպատակն է հայության համախմբումը, ինչպես նաև ազգային տուրքի գաղափարի զարգացումն ու տարածումը մեր մեջ»,-ասաց փոխնախարարը:

Խնդիրը միայն Արցախին նյութական օգնություն տրամադրելուն չի վերաբերում, այլ այն որ արցախցին չհուսահատվի և զգա, որ միայնակ չէ իր պայքարում: Այդ առումով շատ կարևոր է մշակութային կյանքի զարգացումը, փառատոնների կազմակերպումն այնտեղ, որոնց կմասնակցեն սփյուռքից ժամանակ տաղանդավոր երտասարդներ և երեխաներ:

Կապ է հաստատվել նաև սփյուռքահայ գործարարների հետ, որոնց ներդրումները կնպաստեն Արցախի տնտեսության զարգացմանը ու ինքնաբավ դարձնելուն:

«Քայլեր են կատարվում նաև արցախյան հարցի շուրջ ԼՂՀ-ն բանակցությունների անմիջանակ կողմ դարձնելու մասին բարձրաձայնելը տարբեր երկրներում: Նման քայլ արդեն իսկ կատարվել է ԱՄՆ-ում»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Շարժման շրջանակներում 2017 թվականի հունիս ամսին Արցախում անցկացվելու է «Քեզ համար, Արցախ» փառատոնը, որտեղ սփյուռքից ժամանելու են տարբեր երգչախմբեր և պարային խմբեր:

Մոտ ապագայում Արցախ կհասնի Գերմանիայի հայ համայնքի կողմից 25 տոննա հումանիտար օգնություն՝ սնունդ, հագուստ և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: