Հայերեն   English   Русский  

​Կանացի պատերազմ. ամեն ինչ՝ հանուն կյանքի


  
դիտումներ: 8410

Հայոց բանակի 25 տարիներն ու Արցախյան պատերազմը մեզ բազում հպարտանալու առիթներ են տվել: Բայց վերջերս ընթերցած բելառուս հեղինակ Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» խորագրով գիրքը, 2015-ին արժանացած գրականության Նոբելյան մրցանակի, մտորելու լուրջ առիթ տվեց` արդյոք մեր պատերազմը հերոսական ու հաղթական արարքների շա՞րք է միայն, ինչպես պատմում են տղամարդիկ, և արդյոք կա՞ տարբերություն տղամարդկանց և կանանց ներկայացրած ու ապրած պատերազմների միջև: Այս և այլ հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել Արցախյան պատերազմի մասնակից, այսօր Կենտրոնական հոսպիտալի վիրակապարանի բուժքույր Զինաիդա Գրիգորյանի հետ: Նա պատերազմին մասնակցել է երկու ամիս` լինելով Հադրութի հոսպիտալում որպես վիրահատարանի բուժքույր, բայց պատերազմի օրերից և դրանց հաջորդող տարիներից բազում վիրավոր հուշեր ունի և երկու անվերադարձ կորուստ (ամուսինը` Արշակ Գրիգորյանը և թոռը` Արշակ Հարությունյանը), որոնցից առաջինն իր կյանքը հերոսաբար զոհել է Արցախյան պատերազմի օրերին` 1994-ին Ֆիզուլիում, իսկ երիտասարդ Արշակը` մերօրյա դիվերսիոն հարձակումներից մեկի զոհն է դարձել 2015-ին:

Տիկին Զինաիդան խորապես հավատացած է` կանայք իրենց մայրական ու քրոջական գորովանքով և հոգեբանական աջակցությամբ խիստ անհրաժեշտ են պատերազմի դաշտում և՛ որպես կռվող, և՛ որպես բուժաշխատող:

- Գնացի 15 օրով ամուսնուս` Արշակի թույլտվությամբ, բայց մնացի երկու ամիս: Ամուսինս ինձնից հետո է մեկնել: Գնացի բոլոր այն կանանց պես, որոնք տանը թողել էին իրենց երեխաներին ու շտապել մի տեղ, ուր գուցե ավելի անհրաժեշտ էր իրենց ներկայությունը: Բայց հիմա, երբ հետ եմ նայում, սկսում եմ վարանել` ինչպես եմ կարողացել երեք երեխաներիս թողնել տանը, երբ ինձ հետ ամեն վայրկյան ամեն բան կարող էր պատահել: 1994-ի սկիզբն էր` պատերազմի վերջը, ծանր մարտեր էին ընթանում, դժվարությամբ տեղ հասանք, և միանգամից սկսվեց շուրջօրյա աշխատանքը: Լինում էր` երկու օր վիրահատարանի սեղանից չէի կարողանում հեռանալ, բուժքույրերի լուրջ պակաս կար: Այսպես սկսվեց կյանքի ու մահվան պայքարը: Պատերազմում ամենից դժվար կորուստների հետ ես հաշտվում: Անգամ, երբ ռումբ էր պայթում, չէի պատկերացնում` ինչպես կարելի է հիվանդին թողնել ու վազել նկուղ, բայց Արցախում մարդիկ սովոր էին դրան: Խոստովանեմ, որ մահվան սարսուռ կամ վախի զգացում աշխատանքի ընթացքում չեմ ունեցել: Պատերազմը ստիպում է գերազանցել ինքդ քեզ: Պիտի կարողանաս այնքան ակտիվ լինել, որ հասցնես և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Մի քանի րոպեն էլ կարող է ճակատագրական լինել վիրավոր զինվորի համար: Երբ տուն էի վերադարձել, երբեմն այնպիսի զգացողություն էի ունենում, որ ուզում եմ էլի գնալ: Պետքական լինելու զգացումն է դա, այն դեպքում, երբ գնալուց առաջ չէի էլ պատկերացնում, թե ուր եմ գնում:

- Հանդիպե՞լ եք մեր թշնամուն դեմ առ դեմ, և ի՞նչ եք զգացել:

- Ստեփանակերտում ես տեսել եմ գերիների` սառած, խեղճացած, նույնիսկ սկզբում չեմ էլ իմացել, որ թշնամի են: Պատկերացրեք` սիրտս նրանց համար էլ ճմլվեց, չէ՞ որ նրանք էլ մայր ունեն: Ստեփանակերտի հոսպիտալում մի թուրք վիրավոր կար, երկու ոտքը պիտի վիրահատեին, մեր հայ տղաներից թաքցրել էին, որ չվնասեին: Շփվել եմ նրա հետ թարգմանչի միջոցով, շատ ուրախացավ և ասաց` մենք պատերազմ չենք ուզում, սա մեր կռիվը չէ:

Ամեն դեպքում նրանք ելուզակ են, արնախում, նրանց հոգում մարդկային խիղճ ասվածը երևի չկա: Մեր բժիշկները շատ գերիների են վիրահատել, որովհետև մենք հայ ենք, ուրիշ դաստիարակություն ունենք, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Հատկապես զինվորական բժիշկը երկու երդում է տալիս` զինվորական և բժշկական. օրենք կա` ով ուզում է լինի, թեկուզ՝ թշնամի, նրա կյանքը պիտի փրկել:

- Ի՞նչ գույն ունի կանացի պատերազմը:

- Ճիշտն ասած, ոչ թե կանացի, այլ ընդհանրապես պատերազմը ցավ է, որը գույն չունի, ես պատկերացնում եմ սև կամ մոխրագույն, որովհետև տարիներ շարունակ գույներն իմ աչքում չեն վերականգնվել: Ցավ է, որ շատերի համար կնոջ ներկայությունը պատերազմում վատ ընդունվեց: Բայց եթե սա մեր տունն է, մեր հայրենիքը և մենք էլ մեր տան մայրն ենք, ուրեմն հայրենիքին էլ պիտի մայր լինենք, ես այդպես եմ մտածում, և ըստ դրա էլ գործել եմ իմ կյանքում:

- Պատերազմը հասունացնո՞ւմ է մարդուն, թե՞ ծերացնում:

- Երկուսն էլ. երբ ես հետ էի եկել, ինձ թվում էր` հարյուր տարով մեծացել եմ, երբ ամուսինս զոհվեց` նորից հարյուր տարով: Դա այնպիսի ցավ է, որ բառերով չես բացատրի, խորը նստած է հոգու խորքում:

- Այն, ինչ հիմա պատմում եք, ճշմարիտ պատերա՞զմն է, թե՞ ժամանակը փոխում է բնութագիրը, կամ ինքներդ եք որոշ բաներ փոփոխում կամա թե ակամա, և իրական պատերազմն այդպես էլ մնում է անհայտ՝ չիմացողներիս համար:

- Ես ընդհանրապես ո՛չ հարազատներիս, ո՛չ էլ երեխաներիս հետ երբեք չեմ կիսում իմ ցավը, որովհետև իրենք արդեն այդ ողբերգությունն ապրել են, օտարներին էլ չեմ կարող ասել, նրանք չեն հասկանա ինձ: Եվ կան բաներ էլ, որ հանրությանը ներկայացնելու չէ, դրանք մնալու են մեր հոգիներում: Ու թեև արդեն քանի տարի է անցել, բայց այդպիսի օր չկա, որ ես չհիշեմ պատերազմի ողջ սարսափը:

- Պատերազմը ավարտվե՞լ է Ձեր ներսում:

- Ոչ, հատկապես թոռնիկիցս հետո իմ ներսի պատերազմը կրկնապատկվեց: Նա զոհվեց 20 տարին լրանալուց 4 օր հետո: Շատ ուժեղ կամքի տեր երիտասարդ էր, հասուն մարդ ու հրաշալի, անձնազոհ զինվոր, որ մինչև արյան վերջին կաթիլը մարտնչել է թշնամու դեմ: Շատ ծանր բան է պատերազմը: Չգիտեմ` գոնե այս կյանքից հեռանալիս կտեսնե՞մ այս երկիրը, այս հողը խաղաղ, թոռներս ապահով, թե ոչ: Տղայիս որդի Արշակը 5 տարեկան է, մտածում եմ` կարո՞ղ է` պատերազմն իրեն էլ հասնի:

- Ինչպե՞ս եք վերագտնում Ձեր կանացիությունը պատերազմից հետո:

- Ես դժվարին ու փշոտ ճանապարհ եմ անցել, փուշը վնասում է, հետքը լավանում է, բայց իմ հետքը չի լավանում: Ուղղակի մարդ պիտի կարողանա ինքն իրեն հաղթել: Եթե չհաղթահարեցիր բարդությունները, շարունակելու ես ապրել անցյալով: Ես ուժեղ մարդ եմ, գուցե շատերն ասեն` չոր եմ, ոչ կանացի, բայց ներքուստ շատ փխրուն եմ: Պարզապես, երբ կորցնում ես ամուսնուդ, կորցնում ես կանացիությանդ կեսը, ուզում ես այնպես շարժվել, որ որևիցե մեկը հանկարծ ավելորդ անգամ մի բան չխոսի: Ամուսնուցս հետո կարծես նոր էի ծնվել, բայց դա ես էի զգում միայն: Դու քո մեջ նորից կյանքդ վերադասավորում ես, որ կարողանաս ապրել այնպես, որ ընտանիքդ չտուժի, չէ՞ որ երեխաները մեղավոր չեն, որ հայր են կորցրել:

- Զինվորական կին և անձնական կյանք հասկացությունները հնարավո՞ր է համատեղել:

- Պատկերացրեք` հնարավոր է: Իմ ընտանիքում ես միշտ խիստ եմ եղել, կարգուկանոնով, բայց դա բնավորություն է, ձև չէ: Ես ուր էլ գնում եմ՝ այդ սթափությունն իմ մեջ կա: Առավել ևս, երբ զինվորական հագուստ ես հագնում, կրծքանշաններ ունես, ավելի զգաստ ես դառնում: Շատ ծանր եմ ապրել ամուսնուցս հետո, բայց երբեք ցույց չեմ տվել: Արշակից հետո տղաս գնաց բանակ: Երկու տարի տանը մենակ եմ ապրել` Աստվածաշունչը գրկած, ու չնայած բոլոր դժվարություններին` անգամ Նոր տարի եմ նշել, որ ամուսինս չմտածի, թե դավաճանում եմ ուրախ, լավ ապրելու իր սկզբունքին: Այդ պայմաններում երեխաներ եմ ամուսնացրել, թոռներ են ծնվել: Ճիշտ է, շատ չեմ արել, բայց բացթողումներ չեմ ունեցել:

- Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքում հերոսուհիներից մեկն ասում է. «Մարդ մի սիրտ ունի, և պատերազմի ընթացքում ես միշտ մտածել եմ` ինչպես փրկեմ իմ սիրտը»: Դուք փրկեցի՞ք Ձեր սիրտը:

- Չգիտեմ, իմ սրտում այնքան ցավ կա, այնքան սև գույներ, որ չգիտեմ` արդյոք դա փրկություն է, թե ոչ: Մինչև այսօր էլ ոչ մի վայրկյան չեմ մոռանում պատերազմը: Հատկապես երբ երեկոն գալիս է, պատերազմը, իմ անցած ուղին, ընտանիքիս անդամների տանջանքներն աչքիս առաջ են գալիս ամբողջ գիշեր միացրած հեռուստացույցի ձայնի տակ, և երբեմն զարմանում եմ` ինչպես եմ կարողանում առավոտյան գնալ աշխատանքի: Միայն մի բան գիտեմ` հանուն երեխաներիս՝ սիրտս պիտի աշխատի, որովհետև ես իրենց պետք եմ:

- Ի՞նչն է Ձեզ ապրելու ուժ տալիս:

- Այն, որ թեկուզ քիչ, բայց ինչ-որ մի բան արել եմ այս հողի համար: Ամուսնուցս հետո ուզում էի մեռնել, բայց երեխաներս ասացին` մամա, դու մեզ պետք ես: Դա արդեն ինձ ուժ տվեց, որ վերականգնվեմ: Այսօր` երկու Արշակների մահից հետո, ուզում եմ` այս տարիների ընթացքում Հայոց բանակի տված կորուստներն իզուր չլինեն, որ այն դառնա մեր ժողովրդի երազած բանակը, որ բազում այսպիսի հոբելյաններ նշենք, որ գոնե երրորդ Արշակս, մյուս թոռներս խաղաղության մեջ ապրեն:

Արփի Խաչատրյան






Մեկնաբանություններ - 1

Մարիա     05.02.2017 Ինքս լինելով պատերազմի մասնակից կին, շատ լավ հասկանում եմ տիկին Զինաիդային: Պատերազմի մասին դժվարա խոսել օտարների հետ, պատերազմը միշտ մնումա քո ներսում ,անկախ նրանից ավարտվելա այն,թե դեռ շարունակվումա...
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: