Հայերեն   English   Русский  

​ Ամփոփվել են ՀՀ մշակույթի, առողջապահության ու սպորտի և երիտասարդության նախարարությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները


  
դիտումներ: 700

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ մշակույթի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով 2016թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ: Առաջին երևանյան միջազգային բիենալեի նախաձեռնող խմբի կողմից որոշվել է անցկացնել «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն, որի աշխատանքները կընթանան 2017 թվականին: Վերանորոգվել է 3 տուն-թանգարան, իսկ նոր մշտական ցուցադրություններով վերաբացվել են 2-ը: Արտերկրում բացվել է մեծամասշտաբ 4 ցուցահանդես: Հաղպատում անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Ստեղծվել է «Հայկական կինո» տեղեկատվական շտեմարանը, ավարտվել է համատեղ 3 ֆիլմերի արտադրությունը, թվայնացվել է 7 ֆիլմ, 1 կինոնախագիծ ընթացքի մեջ է: Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների խթանում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական բաղադրիչի մեծացում, հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված ստեղծագործական ծրագրերի իրականացում:
Հայկական մշակույթի տարածման ու ճանաչելիության բարձրացման նպատակով Կարեն Կարապետյանը կարևորել է մշակույթի կապիտալիզացիան՝ ընդգծելով, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ: «Թատրոնները և մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես պետք է կապիտալիզացնել, որակ փոխել և կառավարման մշակույթ ներդնել: Պետք է նման ծրագրերով առաջ գնանք», - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև համաշխարհային մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումների անցկացումը Հայաստանում:

***

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում կատարվել է մարզային բժշկական կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և վերազինում։ Շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ և նորակառույց 5 գյուղական առողջության կենտրոնները։ Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Արդիականացվել և վերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»:
Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով հաշվետվության արդյունքները, նշել է, որ 2017 թ. ԱՆ անձնակազմից ակնկալում է չափազանց արդյունավետ աշխատանք: «Ձեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում, որովհետև ոլորտին 85 մլրդ ՀՀ դրամ ենք հատկացնում, որը շատ չէ, բայց ավելի լավ արդյունք կարելի է ստանալ՝ քիչ գումարով: Սպասում եմ, որ քիչ թե շատ կայացած կլինիկաները մարզեր գնան, մշակույթ փոխեն, սպասում եմ էլեկտրոնային առողջապահության, նաև մյուս ծրագրերին ու ընդհանրապես ձեզնից հեղափոխություն եմ սպասում լավ իմաստով: Լիքը բան ունենք անելու և այս ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք», - ասել է կառավարության ղեկավարը:

***

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ հաշվետու տարում մշակել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք որոշումներ և հայեցակարգեր: Իրականացվել են բնակչության տարբեր խմբերի շրջանում սպորտային մասնակցությունը խրախուսող մի շարք միջոցառումներ: Երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման և մասնակցային գործընթացների խթանման նպատակով 2016 թ. գործարկվել է երիտասարդական պորտալը՝ նոր գործիքակազմով և ժամանակակից լուծումներով, իրականացվել են վերապատրաստման ծրագրեր:
Նախարարը զեկուցել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածումը, երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակումը, հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումը, ֆիզկուլտուրայի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը, բակային մարզական միջոցառումների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացումը և այլն:
Կառավարության ղեկավարը կարևորել է գերակա խնդիրների կատարման նպատակով առկա խնդիրների գույքագրումը, առաջարկությունների հավաքագրումը և կոնկրետ միջոցառումների իրականացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: