Հայերեն   English   Русский  

​Գիտնականներն ուսումնասիրել են միգրացիոն իրավիճակը Հայաստանում և կառավարությանը հուշել ցանկալի գործողությունները


  
դիտումներ: 2634

Նախորդ տարի կառավարությունը նախաձեռնեց միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն: Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ) հատկացվեց 13 մլն դրամ, որն էլ այն հատկացրեց Սլավոնական համալսարանի գիտական խմբին` հետազոտությունն իրականացնելու համար: Նշենք, որ վերջին անգամ միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն Հայաստանում կատարվել էր 2007-ին` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջոցներով:

«ՀՀ միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտության միջոցով» ծրագիրը ղեկավարել է տ.գ.թ. Ալբերտ Վարդանյանը, թեմայի գիտական ղեկավարն է տ.գ.թ. Ռուբեն Եգանյանը: Հարցման արդյունքները, սակայն, երկար ժամանակ չէին բարձրաձայնվում: Այս տարվա սեպտեմբերին անգամ ԱԺ-ում հարց բարձրացվեց` պետբյուջեից հատկացված 13 մլն դրամը նպատակայի՞ն է ծախսվել, թե՞ ոչ: Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունը կա, կառավարությունը համապատասխան եզրակացություններ արել է, իսկ ուսումնասիրությունը կարող է տրամադրվել բոլոր ցանկացողներին:

ԳՊԿ-ն ուսումնասիրությունը պահում է պետական գաղտնիքի պես

«Անկախը» նախ փորձեց բանավոր դիմումով ստանալ ուսումնասիրությունը ԳՊԿ-ից, սակայն գրավոր դիմելու առաջարկ ստացավ: Այնուհետև տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՆ, որն էլ այն ուղղորդեց Գիտության պետական կոմիտե: Այստեղից, սակայն, «Անկախի» հարցմանն ի պատասխան նշեցին, թե «նման տեղեկատվության տրամադրումը դուրս է կոմիտեի իրավասությունների շրջանակից»`չհիմնավորելով, թե ով ունի նման իրավասություն:

ԳՊԿ գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնի ղեկավար Լևոն Մարդոյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրության արդյունքները չեն կարող հրապարակել ոչ թե գաղտնիության պատճառով, այլ հեղինակային իրավունքը չխախտելու համար: Նրա խոսքով` ուսումնասիրության արդյունքները կարող է տրամադրել միայն կառավարությունը կամ հեղինակային խումբը: Դիտարկումը, թե ԿԳՆ-ն կողմ է արդյունքների տրամադրմանը և անգամ այնտեղ զարմանքով են տեղեկացել հարցումը մերժելու մասին, Մարդոյանը պատասխանում է. «Կողմ են, թող իրենք էլ տան»:

Ի տարբերություն ԳՊԿ-ի, ծրագրի ղեկավար Ալբերտ Վարդանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության հրապարակման հետ կապված որևէ խնդիր չկա, և Սլավոնական համալսարանն այն տեղադրել է իր կայքում:

Հայաստանից միգրացիայի սեռական բաշխվածությունը կարող է փոխվել

Գիտնականների խմբի իրականացրած հարցմանը մասնակցել է 7890 տնային տնտեսություն կամ 32 430 մարդ` ՀՀ բնակչության ընդհանուր թվի 1 տոկոսը:

Ուսումնասիրվել են ՀՀ-ում բնակչության արտաքին միգրացիոն տեղաշարժերը 2007-2013 թթ.: Ընդ որում, հարցմանը մասնակցել են միայն Հայաստանում գտնվող տնային տնտեսությունները` ներկայացնելով տեղեկություններ իրենց անդամների միգրացիայի մասին: Իսկ այն տնտեսությունները, որոնք լքված են ու բոլոր անդամները մինչ հարցումն են մեկնել արտերկիր, հարցմանը չեն մասնակցել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2002-2006 թթ. համեմատությամբ, 2007-2012 թթ. 20 տոկոսով աճել է Հայաստանից բնակչության արտահոսքի ծավալը: Տեղի է ունեցել նաև արտահոսքի կառուցվածքի փոփոխություն, եթե 2002-2006 թթ. մեկնածների 40 տոկոսն էին ընտանիքով հեռացողները, իսկ 60 տոկոսը աշխատանքային միգրանտներ էին, որոնց վերադարձը չէր բացառվում, ապա 2007-2012 թթ. դեպքում ցուցանիշը 50/50 է:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 10 մեկնումներից 8-ն աշխատելու նպատակով է իրականացվում: Մասնագետները նշում են նաև, որ արտագաղթը ձեռք է բերել առավելապես ընտանեկան բնույթ, այսինքն` մարդիկ ողջ ընտանիքով են հեռանում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց մոտ 9 տոկոսը վերադարձել է մշտական բնակության նպատակով, այսինքն` այլևս արտագնա աշխատանքի չմեկնելու մտադրությամբ, իսկ 2 տոկոսն էլ Հայաստան է վերադարձել աշխատելու համար, ավելի հստակ` Հայաստանում աշխատանք են գտել ու վերադարձել հայրենիք:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ ամբողջական կազմով ընտանեկան միգրացիան վերաբերում է հիմնականում տղամարդկանց: Նաև մեկնած ու չվերադարձած 10 միգրանտներից գրեթե 9-ը տղամարդիկ են:

Թե՛ մեկնողների, թե՛ վերադարձողների թվում համեմատաբար փոքր թիվ են կազմում կենսաթոշակային` 63 և բարձր տարիքի մարդիկ: Միգրանտները հիմնականում 20-62 տարեկան անձինք են, ինչը ևս մեկ անգամ հաստատում է միգրացիայի արտագնա աշխատանքային բնույթը:

Միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը. մեկնումների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում այս երկրին: Երկրորդ տեղում Ֆրանսիան է, բայց այս երկրին բաժին է ընկել ուղևորահոսքերի ընդամենը 1,5 տոկոսը: Հայաստանցիների արտաքին միգրացիոն հաղորդակցությունն ընդհանուր առմամբ ընդգրկել է աշխարհի հինգ մայրցամաքների 39 երկրներ:

Զբաղվածության մասին ուսումնասիրությունները վկայում են, որ աշխատանք ունեցող 20-34 տարեկան անձանցից ամեն 5-րդի կամ 20 տոկոսի աշխատավայրն արտերկրում է, 34-49 տարեկան աշխատանք ունեցողների շուրջ 16 տոկոսի աշխատավայրն է արտերկրում, նախակենսաթոշակային տարիքի անձանց պարագայում` 9 տոկոսինը և 63 ու ավելի բարձր տարիքի անձանց պարագայում` 4 տոկոսինը:

Ուսումնասիրությունների պահի դրությամբ Հայաստանի բնակչության շուրջ 7,5 տոկոսը առնվազն մտորել է արտագաղթելու հնարավորության մասին (չհաշված տվյալ պահին արտագնա աշխատանքում գտնվողները): Արտագաղթելու մտադրություն ունեցողների շուրջ 45 տոկոսը կանայք են եղել, մինչդեռ արտագնա աշխատողների ընդամենը 15 տոկոսն են կազմում կանայք: Այս տվյալը հիմք ընդունելով` ուսումնասիրողները կարծում են, որ առաջիկայում տեղի կունենա միգրանտների սեռային բաշխվածության փոփոխություն: Ընդ որում, մեկնել ցանկացող անձանց թվում գերակշռում են բարձրագույն կրթություն ունեցողները: Ուսումնասիրողները եզրակացնում են, որ երևույթը կարող է հանգեցնել ուղեղների նոր արտահոսքի, ինչն էլ իր հերթին հղի է տնտեսական ու սոցիալական վտանգներով: Հատկանշական է, որ մեկնել ցանկացողների թվում գերակշռում են երբևէ չամուսնացածները և ամուսնալուծվածները:

Մեկնել ցանկացողների թվում մեծ մաս են կազմում նաև ինքնազբաղված մարդիկ, այսինքն` ՓՄՁ ներկայացուցիչները, որոնց հեռանալու պարագայում մի շարք աշխատատեղեր կկրճատվեն, դա էլ արտագաղթի նոր ալիքի պատճառ կդառնա: Ուստի ուսումնասիրողները հատկապես կարևորում են կառավարության քայլերը ՓՄՁ ներկայացուցիչներին երկրում պահելու ուղղությամբ:

Արտերկրում ձեռք բերված վաստակի չափը համեմատելով հայաստանյան վաստակի հետ` ուսումնասիրողները եզրակացրել են, որ եթե Հայաստանում ստեղծվեն 150-200 հազար դրամ ամսական մաքուր վաստակ ապահովող, ոչ բարձր որակավորում պահանջող բավարար թվով աշխատատեղեր, սեզոնային արտագնա աշխատանքային միգրանտների զգալի մասը կգերադասի մնալ հայրենիքում:

Ուսումնասիրողներն անդրադարձել են նաև ներքին միգրացիային` արձանագրելով, որ գյուղերի բնակչությունը նվազում է` ի հաշիվ դեպի քաղաք հոսքի, իսկ մարզերի բնակչությունն էլ նվազում է դեպի Երևան հոսքի պատճառով:

Ուսումնասիրությունը կառավարության ձեռքին է արդեն մի քանի ամիս: Ժամանակը ցույց կտա, թե ինչ եզրակացություններ է արել գիտական հետազոտությունից և ինչ քայլեր պիտի ձեռնարկի իրավիճակը բարելավելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: