Հայերեն   English   Русский  

​Վարչարարություն (մաս 4)


  
դիտումներ: 4267

Նախորդ համարներում խոսեցինք վարչարարության սկզբունքների մասին, անդրադարձանք մասնավորապես վարչարարության օրինականության սկզբունքին, ձևական պահանջները չարաշահելու արգելքին, հայեցողական լիազորությունները սահմանափակելուն և կամայականության արգելքին: Շարունակենք բացահայտել վարչարարության մյուս սկզբունքները:

Վարչարարության համաչափությունը

Ինչպես գիտենք, վարչական մարմինները շատ հաճախ օրենքով օժտվում են որոշակի հայեցողական լիազորություններով, այսինքն՝ հնարավորություն են ունենում մի քանի իրավաչափ լուծումներից կիրառել որևէ մեկը: Հենց այդ հայեցողական լիազորությունների ճիշտ իրացմանն էլ ուղղված է վարչարարության համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Առավելագույնի սկզբունքը

Այս սկզբունքը բաղկացած է երեք ինքնուրույն տարրերից:

Առաջին՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձերից պահանջելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են և կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Երկրորդ՝ եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլևս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձևով: Ի՞նչ է սա նշանակում: Եթե օրինակ՝ որևէ վարչական վարույթով վարչական մարմին եք ներկայացրել մի փաստաթուղթ, որը պարունակում է նաև այն տեղեկատվությունը, որը պետք է ներկայացնեիք մի ինչ-որ տեղեկանքով, ապա վարչական մարմինը չի կարող հավելյալ անգամ պարտավորեցնել ներկայացնելու նաև այդ տեղեկանքը: Հակառակ դեպքում վարչական մարմինը կխախտի առավելագույնի սկզբունքը:

Երրորդ՝ եթե վարչական մարմինների կողմից անձանց տրված թույլտվությունները բովանդակային առումով ներառում են այլ թույլտվություններ, ապա դրանք նույնպես համարվում են տրված:

Մյուս երկու սկզբունքների՝ հավաստիության կանխավարկածի և տնտեսվարության սկզբունքի մասին կխոսենք մյուս համարում և կամփոփենք վարչարարության սկզբունքների թեման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: