Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս է կատարվում ծնողական իրավունքների սահմանափակումը


  
դիտումներ: 3728

Հայկական ընտանիքներին յուրահատուկ է ավանդապաշտությունն ու բարոյական նորմերի խիստ պահպանումը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում դրանց հետևել` պայմանավորված որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով:

Այս ամենի հաշվառմամբ և ելնելով երեխայի շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն):

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից: Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականություններ, նախադպրոցական, հանրակրթական և այլ կազմակերպություններ:

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը: Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից, այսինքն` խոսքը ալիմենտ վճարելուն է վերաբերում:

Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ներառյալ՝ ժառանգություն ստանալու իրավունքը): Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին։

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին: Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: