Հայերեն   English   Русский  

Մասիսում շատ դժվար է եղել մեր տղաներին պահել, որ չդիմեն պատասխան գործողությունների. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 1302

Մասիսում տեղի ունեցած միջադեպը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,հաղորդում է news.am-ը:

«Այստեղ թաքցնելու որեւէ բան չկա, Սայաթ Նովայի մեր պատասխանատուներից մեկին Մասիսի հանրապետական պատգամավորի նախընտրական շտաբի հանրապետական ակտիվիստը դանակահարակել է: Ի դեպ, բավականին լուրջ վնասվածք էր ստացել, 4 տեղից ծակող լուրջ վնասվածք էր ստացել, երեկ տեւական ժամանակ Էրեբունի կլինիկայում վիրահատել են, փառք Աստծո, այսօր առավոտյան վիճակը կայունացել է, բայց, ինչպես ասում են, սա դեռեւս ծաղիկներն են: Մենք քանիցս զգուշացրել ենք, ռեյտինգային այս ընտրակարգն իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում ընտրապայքարը քաղաքական դաշտից գլադիատորների, ցլամարտի դաշտ տեղափոխելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, տեղերում քաղաքական ուժերի՝ «իրենց ամենակարող եւ բեսպրեդել համարող» որոշ թեկնածուները լավություն չեն անում իրենց կուսակցությանը, որովհետեւ այս ամենն արձանագրվում է հանրության եւ դիտորդական առաքելությունների կառույցների կողմից: «Դուք դրանով ուղղակիորեն ստվերում եք ձեր իսկ կուսակցության շատ պայծառ հայտարարությունները անբիծ ազատ եւ արդար ընտրությունների մասին: Ապրիլի 2-ով կյանքը չի ավարտվելու:

Դա պետք է հասկանանք բոլորս եւ նաեւ նրանք, ում համար մեկ քվեն շատ ավելին արժե, քան մարդու կյանքը: Շատ մեծ է վտանգն այս ռեյտինգային համակարգի դեպքում ընտրապայքարը քաղաքական դաշտից տեղափոխել գլադիատորական, ցլամարտի դաշտ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ամենահեշտ տարբերակը դանակին դանակով պատասխանելն է. «Բումերանգի էֆեկտը որեւէ մեկը դեռեւս չեղյալ չի հայտարարել, բայց այն քաղաքական ուժերը, որ մտածում են երկրի վարկանիշի մասին, պետք է սթափվեն, այլ տարբերակ չկա»:

Նա նկատեց, որ որոշ միջադեպերի մասին մամուլը չի տեղեկանում, արագ կոծկվում է. «Եթե քարոզարշավը քաղաքական տիրույթում չկարողանանք պահել, հետեւանքները լինելու են ուղղակի աղետալի»:

Կրկին անդրադառնալով Մասիսի դանակահարությանը, Զոհրաբյանն ասաց. «Տվյալ թեկնածուն Մասիսում ամենուր հայտարարում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է եւ ինքը ցանկացած գնով ապահովելու է իր քվեն: «Ցանկացած գին» ասվածը ես իրավունք ունեմ հասկանալ նաեւ մարդ սպանել, մարդ մորթել, ահաբեկել, շտաբ վառելու կոչեր անել եւ իրենք դրանով ՀՀԿ-ին բացարձակ լավ ծառայություն չեն մատուցում: Հետեւություններ պետք է անի արդեն կուսակցության ղեկավարությունը: Եթե նման մի թեկնածու, որին զգուշացվել է, որ իր բեսպրեդել վարքագիծը թարգի, հանվի ընտրապայքարից, կարծում եմ, սա դաս կլինի բոլոր պոտենցիալ գլադիատորների համար, ում համար ընտրությունը գլադիատորական ցլամարտ է, եւ ոչ թե ծրագրերի, գաղափարների պայքար»:

Պատգամավորը նշեց, որ իրենց բոլոր ռեյտինգային թեկնածուներին զգուշացված է` չներքաշվել որեւէ սադրանքի մեջ. «Մասիսում շատ դժվար է եղել մեր տղաներին պահել, որ չդիմեն պատասխան գործողությունների»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: