Հայերեն   English   Русский  

​Էներգամատակարարում (մաս 2)


  
դիտումներ: 4436

Նախորդ համարում խոսեցինք էներգամատակարարմանն առնչվող որոշ իրավական հարցերի մասին: Մասնավորապես բացահայտեցինք էներգամատակարարման պայմանագրի էությունը, դրա էական կողմերը, ինչպես նաև տարբերություններն այլ պայմանագրերից: Բացի այդ, անդրադարձանք էներգամատակարարման քանակին և որակին առնչվող կարգավորումներին: Այս համարում կխոսենք այլ կարևոր հարցերի մասին:

Բաժանորդի՝ ցանցերը, սարքերն ու սարքավորումները պահպանելու և շահագործելու պարտականությունը

Ընդհանուր կանոնի համաձայն՝ շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակի ու անվտանգության, էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմի պահպանության պարտականությունը դրված է աբոնենտի վրա: Նա պարտավոր է էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելիս առաջացած այլ խախտումների մասին:

Սակայն օրենսդիրն այս ընդհանուր կանոնից բացառություն է արել՝ սահմանելով, որ եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Ընդհանուր առմամբ էներգամատակարարողի պարտականություններն առնչվում են էլեկտրական էներգիայի որակին, սահմանված քանակին, անխափան էներգամատակարարմանը: Իսկ ահա աբոնենտի պարտականությունների առանցքը թերևս կարելի է համարել մատակարարված և սպառված էներգիայի համար վճարելու պարտականությունը: Աբոնենտը վճարում է, էներգիայի հաշվիչի տվյալներին համապատասխան, իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար:

Աբոնենտը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին Էներգամատակարարի կողմից սահմանված կարգով (մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հեռուստաեթերով, փոստային բաժանմունքներում փակցված հայտարարություններով) իրազեկելուց հետո 7 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ աբոնենտն իր վճարման պարտականությունը չի կատարում սահմանված ժամկետում, էներգամատակարարը մատակարարումը դադարեցնելուց առնվազն 3 օր առաջ նույն եղանակով կամ օրինակ՝ հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն, զգուշացնում է էներգամատակարարման դադարեցման մասին:

Էներգամատակարարման ոլորտում ձեր իրավունքների և պարտականությունների մասին առավել իրազեկ լինելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններից», որոնք սահմանվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թ. դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ (http://www.ena.am/upload/EMOK_arm.pdf):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: