Հայերեն   English   Русский  

​Կուսակցությունների խոստումները կրթության և գիտության ոլորտում


  
դիտումներ: 3760

Փորձենք համեմատել ՀՀ քաղաքացիների վստահության քվեի համար պայքարող ութ քաղաքական ուժերի տեսլականը կրթության և գիտության ոլորտում (Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ):

Սկսենք Հայ հեղափոխական դաշնակցությունից, որի ներկայացուցիչն է այժմ զբաղեցնում կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Սակայն զարմանալիորեն ՀՅԴ-ն անտեսել է կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչներին` ողջ ծրագրում տարբեր ոլորտների մասին խոսելիս երեք անգամ հիշատակելով կրթություն կամ գիտություն բառերը: Իսկ դրույթները հետևյալն են.

  • Կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն:
  • Օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը:
  • Ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին:

Ծառուկյան դաշինքը խոստանում է վերացնել բուհական ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը, լուծարել բուհերի կառավարման խորհուրդները, ապահովել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների դուրս չմնալը բուհից վարձավճարների պատճառով: Հանրակրթության ոլորտում դաշինքը խոստանում է վերանայել նախնական ռազմական պատրաստվածություն առարկայի ծրագիրը, կառուցել նոր հրաձգարաններ: Իսկ ահա գիտության ոլորտում նախատեսում է վերափոխել ԳԱԱ կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունը, գիտություն-արտադրություն, գիտություն-ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

ՕՐՕ դաշինքը որպես նպատակ է սահմանել մեծացնել գիտության դերը տնտեսական ու սոցիալական առաջընթացի ապահովման, երկրի պաշտպանունակության բարձրացման գործում, վերակազմավորել ռազմարդյունաբերական համալիրը, ապահովել կրթության համակարգի ապակենտրոնացումը և մրցակցությունը:

Այս նպատակի իրականացման համար ՕՐՕ դաշինքը նախատեսում է 10 տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի, գիտական սարքավորումների ներկրումն ազատել հարկումից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել օրենք գիտական փորձաքննության մասին, խթանել գիտություն-արտադրություն կապը, սերտ համագործակցություն հաստատել ՊՆ-ի և գիտական հաստատությունների միջև և այլն: Ընդհանուր առմամբ` ՕՐՕ դաշինքի նախընտրական ծրագրի գիտությանը վերաբերող բաժնում ներառված են բոլոր այն հիմնական դրույթները, որոնք ժամանակին բարձրացրել էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:

Դաշինքը նախատեսում է կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5.5 տոկոսին, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև ապահովել ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձի 20 տոկոս հավելավճարը, մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածություն սահմանել 18 ժամը, վերազինել ավագ դպրոցների լաբորատորիաները և արհեստանոցները: Բուհական կրթության առումով նախատեսում են բարեփոխել կրթությունը մանկավարժական բուհերում, ապակուսակցականացնել բուհերի կառավարման խորհուրդները և այլն:

Ընդհանուր առմամբ` ՕՐՕ դաշինքի ծրագիրը կրթության և գիտության ոլորտում բավականին բազմաբովանդակ է, պարունակում է քայլեր, որոնք պահանջված են հասարակության կողմից:

Կրթության և գիտության վերաբերյալ 13 դրույթներ է պարունակում Ելք դաշինքի նախընտրական ծրագիրը: Այն նախատեսում է արգելել ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի կուսակցական լինելը, հանրակրթական դպրոցներում ներդնել միջազգային բակալավրիատ ծրագիրը, ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների սոցիալական վիճակի քարտեզ և անապահով ու առաջադիմության խնդիր ունեցող աշակերտներով դպրոցներին հատկացնել լրացուցիչ ֆինանսավորում, գյուղական համայնքների դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների, հինգ տարվա ընթացքում կրկնապատկել հանրակրթությանը հատկացվող բյուջեն և այլն: Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսում են սահմանել պրոֆեսորադասախոսական կազմի դասաժամերի բաշխման մրցութային կարգ: Գիտության ոլորտում Ելք դաշինքը խոստանում է ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խոստանում է բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ սահմանել ՀՆԱ-ի 1 տոկոսը, իսկ հանրակրթության, միջին և նախնական մասնագիտական կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի: Բուհերին ըստ մասնագիտությունների պետպատվեր հատկացնելու փոխարեն այս քաղաքական ուժը նախատեսում է կրթական դրամաշնորհներ հատկացնել ուսանողներին` առաջնորդվելով կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշներով:

Գիտության ոլորտում առաջարկում են բազային ֆինանսավորում կիրառել միայն ռազմավարական նշանակության ծրագրերի դեպքում, իսկ գիտության ֆինանսավորումը հիմնականում իրականացնել թեմատիկ ֆինանսավորմամբ: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խոստանում է գիտության ֆինանսավորմանը հատկացնել ՀՆԱ-ի 1 տոկոսը: Ծրագրային դրույթներից է նաև դպրոցների և համալսարանների կուսակցականացման գործընթացի վերացումը, կրթության հավաստագրային ֆինանսավորումը:

Կրթության հավաստագրային ֆինանսավորում է խոստանում նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` նշելով, որ պետք է ֆինանսավորվեն ոչ թե կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն իրենց ուզած կրթօջախը:

«Ազատ դեմոկրատները» խոստանում են ավելացնել նաև կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը. սկզբում՝ ՀՆԱ-ի 3.2 տոկոսի չափով, ապա հասցնելով մինչև 4 տոկոսի (ներկայումս 2.8 տոկոս է): Ֆինանսավորման աճ է նախատեսվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` ՀՆԱ-ի առնվազն 0.8 տոկոս նվազագույն շեմով, որը պետք է ապահովվի 3 տարում: Իսկ գիտության առումով նախատեսում են գիտությունը տեղափոխել համալսարաններ և հաստատել ֆինանսավորման գրանտային համակարգ, ինչպես նաև գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը:

«Հայկական վերածնունդը» կրթությանը և գիտությանն անդրադառնում է երկու դրույթներով` առանց թվերի ու գործողությունների պլանի: Կուսակցությունը խոստանում է երկրում ստեղծել անվճար մանկապարտեզների ցանց, վերացնել ընդունելության քննությունները բուհերում, ավելացնել կրթության և գիտության ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը, ընդլայնել կիրառական բաղադրիչի ընդլայնումը գիտությունում, ընդլայնել կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը: Խոստումներից է նաև երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնումը` նախապատվությունը տալով կիրառական գիտություններին:

ՀՀԿ-ն կրթությանը և գիտությանը, ինչպես և մի շարք այլ ոլորտների, մի ամբողջական գլուխ է նվիրել, սակայն խուսափել է թվեր ու հստակ գործողություններ մատնանշելուց: «Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ»,- ասված է ծրագրում:

Եվ այս նպատակի իրագործման համար Հանրապետականը պատրաստվում է բարեփոխել բարձրագույն կրթության ֆինանսավորումը` կապելով յուրաքանչյուր առարկայի, ոչ թե կիսամյակի հետ, ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը` դիտարկելով այն 12-ամյա կրթության համակարգում ներառելու արդյունավետությունը, ապահովել առցանց դասընթացների ներդրումն ու հասանելիությունը գյուղական համայնքներում, առարկայական ծրագրերը համապատասխանեցնել արդի պահանջներին, իրականացնել բուհական համակարգի կառուցվածքային բարեփոխումներ, ձևավորել ինժեներատեխնիկական ու բնագիտական կլաստերներ, ընդլայնել բուհերի միջազգայնացման գործընթացը, գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ և այլն: Իսկ մանկավարժների մասին ծրագրում ասված է. «Մանկավարժները մեր երկրում պետք է լինեն գնահատված և զգան պետության հոգածությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: