Հայերեն   English   Русский  

Բուժող քարեր


  
դիտումներ: 1495

Կիսաթանկարժեք քարերը ոչ միայն գեղագիտական հաճույք են պարգևում, այլև բուժիչ հատկություն ունեն: Եվ հնագույն ժամանակներից կիսաթանկարժեք քարերը կիրառվել են որոշակի հիվանդությունների բուժման նպատակով:

Ագաթներ

Սրանք տարբեր գույնի են լինում, և յուրաքանչյուր գունախումբ որոշակի հատկությամբ է օժտված: Օրինակ՝ եթե գաստրիտ կամ աղեստամոքսային տրակտի խնդիր կա, ապա կօգնի դեղին գույնի ագաթը: Իսկ վահանագեղձի խնդիրների դեպքում՝ երկնագույնը: Եթե բնակության վայրը բարձր ռադիացիոն գոտում է գտնվում, ապա ոչ միայն պետք է կրել ագաթ, այլև տանն ունենալ ագաթից պատրաստված իրեր, որովհետև այն չեզոքացնում կամ նվազագույնի է հասցնում ճառագայթման մակարդակը:

Ակվամարին (ծովակն)

Օգնում է հասնելու ներդաշնակության ու հավասարակշռության, հոգեկան հանգիստ ու չափավորություն է հաղորդում: Իսկ եթե սիրում եք ճանապարհորդել ու մաշկի վրա եք զգացել, թե ինչ է ծովային հիվանդությունը, ապա այս քարը կօգնի նաև հեռու մնալ այդ տհաճությունից:

Փիրուզ

Ամենազարմանալի հատկություններով օժտված քարերից է, քանի որ ասես «զգում» է իր տիրոջը: Բանն այն է, որ այն կրողի առողջական վիճակի վատթարացման առաջին իսկ ախտանշանների դեպքում փիրուզը խամրում է` այդպիսով ասես հուշելով նոր սկսվող հիվանդության մասին: Սակայն բավական է` այն առողջ մարդը սկսի կրել, իսկույն գույնը պայծառանում է, իսկ քարի բուժիչ հատկությունը՝ վերականգնվում:

Մարգարիտ

Դեռևս Ավիցենան իր «Կանոն»-ում հիշատակել է այս քարի հրաշագործ հատկության մասին: Այն օգնում է կատարակտների ու աչքի մյուս հիվանդությունների դեպքում, արյան բարձր ճնշման, նևրոզների ժամանակ, կանխում է երիկամներում քարառաջացումը: Ըստ ավանդության՝ Կլեոպատրա թագուհին իր գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար ամեն երեկո գինի էր խմում, որի մեջ մարգարիտ էր լուծված:

Կատվաչք

Սա պահպանիչ հատկությամբ օժտված քար է համարվում, չար աչքից է պաշտպանում: Այս քարին վերագրվում է նաև ընտանեկան հարաբերություններն ամրապնդող հատկություն, հեռու է պահում ամուսնական անհավատարմությունից: Կարող է օգնել բրոնխիալ ասթմայի, նևրոզների, անեմիայի դեպքում:

Մալաքիտ

Աշխարհի շատ ժողովուրդների մոտ այս քարը բուժիչ է համարվում, քանի որ բարերար է ազդում հորմոնալ համակարգի վրա: Այս քարն օգնում է բացելու էներգետիկ արգելքներն ու ուղիները: Առավելագույնս օգտակար է շղթայով կրելու պարագայում:

Նեֆրիտ

Հունարենից թարգմանաբար նշանակում է երիկամ, ու այդ նշանակությունը լրիվ արտացոլում է այս հանքանյութի հատկությունները: Եթե երիկամային խնդիրներ ունեք, ապա այս քարը երիկամների շրջանում կրելով՝ կարելի է նվազեցնել ցավն ու բարելավել այդ օրգանի վիճակը: Ասում են նաև, որ այս քարը կենսական էներգիա, երկարակեցություն ու պինդ առողջություն է պարգևում այն կրողին: Իսկ կարմիր գույնի նեֆրիտը բարելավում է սրտի ու մարսողական համակարգի աշխատանքը:

Սաթ (յանտար)

Տևական ուսումնասիրություններով հաջողվել է ապացուցել, որ սաթաթերապիան դանդաղեցնում է ուռուցքների աճը. սաթին հակաքաղցկեղային հատկություն է վերագրվում: Եթե ձեր սիրած անձնավորությունը ծխում է, ապա կարելի է նրան (եթե հանդիպի) նվիրել սաթե ծխամորճ, դա ոչ միայն առանձնահատուկ նվեր կլինի, այլև՝ օգտակար: Այն կարող է օգնել նաև գլխացավի դեպքում, վահանագեղձի խնդիրների ժամանակ:

Հասպիս (յաշմա)

Չինաստանում այն համարվում է կանացի սկզբի՝ ինի կրողը, ավելի ճիշտ՝ խորհրդանշում է կնոջ գեղեցկությունը, և դա պատահական չէ: Այդ քարից պատրաստված զարդերը բուժում են կանացի հիվանդությունները, իսկ եթե այն նաև կարմիր գույնի է, ապա կարող է դադարեցնել արյունահոսությունը, կտրել ատամնացավը:

Ուրեմն՝ կիսաթանկարժեք քարերից զարդեր ընտրելիս առաջնորդվեք դրանց հատկություններով ու նաև ձեր ինտուիցիայով:

Եթե քարի հետ շփումից ձեռքերն անմիջապես տաքանում են, ուրեմն դա հստակ հուշում է, որ այն հարմար է ձեզ: Ու հակառակը, եթե այն սառն է մնում, կնշանակի քարի էներգետիկան ձեզ վրա չի ազդում:

Գտեք այն քարը, որին կարձագանքի ձեր հոգին ու թող այն ձեզ ներդաշնակություն բերի ու լավ ինքնազգացողություն:

Թող ձեր տղամարդիկ նվիրեն ձեզ զարդի տեսքով բուժիչ ու հանգստություն պարգևող քարեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: