Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ են ոմանք քնի մեջ խոսում


  
դիտումներ: 752

Կան մարդիկ, որոնք լուռ են, քչախոս, մյուսները՝ հակառակը: Լինում են մարդիկ էլ, որոնք չեն լռում ոչ միայն օրվա ընթացքում, այլև գիշերը:

Երազախոսները

Վիճակագրության համաձայն՝ 20 հասուն մարդկանցից մեկը պարբերաբար խոսում է քնած ժամանակ: Երեխաների շրջանում դա ավելի հաճախ հանդիպող երևույթ է. նրանցից յուրաքանչյուր երկրորդը սիրում է «արտահայտվել» քնի ժամանակ:

Կարծիք կա, որ երազախոսության (սոմնիլոքվիա) հակումը ժառանգաբար է փոխանցվում: Գիտությունն այդ երևույթի բնույթը մինչև վերջ չի բացահայտել, սակայն գիտնականները ենթադրում են, որ երազախոսությունը կապված է նախօրեին ունեցած սթրեսի հետ, որը, ի դեպ, պարտադիր չէ, որ բացասական լինի, բայց անպայման շատ վառ է եղել ու խիստ էմոցիոնալ:

Նախօրեին ուժգին հոգեկան լարվածության դեպքում քնի ժամանակ լարվում են գլխուղեղի կեղևի խոսքի համար պատասխանատու կենտրոնները, ինչի հետևանքով լեզվի «կապերն արձակվում են»:

Հստակ արտահայտվեք

Երազախոսության դիպվածները հիմնականում դանդաղ քնի փուլում են լինում: Ուստի, երբ մարդը ննջում է, սկսում է խոսել այդ անհասկանալի լեզվով, սակայն շատ շուտով լռում ու հանգիստ շարունակում է քնել մնացած ողջ գիշեր: Որոշ մասնագետներ էլ ենթադրում են, որ այդպիսով որոշ մարդիկ իրենց քնեցնում են, այդ ժամանակ հնչյուններ արտաբերելը յուրօրինակ ռեակցիա է, որն օգնում է քնի մի փուլից անցնել մյուսը:

Ենթագիտակցության աշխատանքը

Ինչպե՞ս են երազները օգնում լուծել խնդիրներն ու ի հայտ բերել հիվանդությունները:

Որքան էլ երազախոսությունը անսովոր լինի, այն իրականում հիվանդություն չէ: Եթե առավոտյան արթնանալով «ծանր գիշերվա» հետքերը զգացնել չեն տալիս, ապա ամեն ինչ կարգին է ու անհանգստանալու պատճառ չկա: Եվ իզուր չէ, որ 2005 թ. երազախոսությունը քնի խանգարումների դասակարգման մեջ որպես պայմանական նորմալ դրսևորում է գրանցվել: Իսկ երազախոսության հավանականությունը նվազեցնելու համար պետք է քնից առաջ օդափոխել սենյակը, ստեղծել քնի համար հարմարավետ պայմաններ, սարսափ ֆիլմեր չդիտել ու վատ լուրեր՝ նույնպես: Չի կարելի քնից առաջ կուշտ ուտել, այսինքն՝ պետք է բացառել այն բոլոր գործոնները, որոնք լարվածության, նյարդայնության ու գերգրգռվածության պատճառ կդառնան:

Ե՞րբ է անհանգստության սահմանը սկսվում

Ցավոք, ոմանց երազախոսությունը հոգեկան խնդիրների հետ կապ ունի, և հաճախակի կրկնվող ու արդեն անհանգստացնող երազախոսության պարագայում պետք է խորհրդակցել մասնագետի հետ՝ տարբերելու սովորական, անվնաս երևույթը հիվանդագին վիճակից:

Եթե նկատում եք, որ ձեր հարազատի երազախոսությունը սկսվում է գիշերային քնի ժամանակ, որոշակի ժամանակահատվածում և ուղեկցվում է խոսողի ագրեսիայով, երբ փորձում են նրան արթնացնել, ուրեմն մասնագետի մոտ գնալու կարիք կա: Նման երևույթ լինում է էպիլեպսիայի դեպքում: Պետք է առանց հապաղելու դիմել նյարդաբանի օգնությանը, եթե դա ուղեկցվում է նաև գիշերամիզությամբ, լուսնոտության, ատամները կրճտացնելու, շնչահեղձության նոպաների, թքահոսության, գիշերային մղձավանջի հետ:

Հետաքրքիր է

Մեծ Բրիտանիայում հիմա մեծ ճանաչում է վայելում Կարեն Լեննարդի բլոգը: Նա 36-ամյա Ադամի կինն է, որը հաճախ է խոսում քնած ժամանակ: Սկզբում կինն իր բլոգում հրապարակում էր արտահայտություններ ամուսնու երազախոսությունից, որ բարեկամներն ու հարազատները զվարճանան, սակայն ժամանակի ընթացքում երկրպագուների թիվը մեծացավ: Ամուսինները հիմա շատ լավ են վաստակում իրենց անվան շնորհիվ, իսկ ինտերնետ խանութում Ադամի արտահայտություններով հուշանվերներ են վաճառվում: Ահա այդ գիշերային հայտարարություններից մեկը. «Դու շատ, շատ սիրուն ես, սիրուն ես, սիրուն ես: Իսկ հիմա գնա այստեղից և ուրիշ վայրում սիրուն եղիր: Ինձ դա արդեն ձանձրացրել է»: Կամ. «Ցըկ, ցըկ, ցըկ: Այնպես արեք, որ սմբակները չդոփեն: Ո՞վ է այս ձին բերել ննջարան: Հաաաաա,. երևում է ես քնել եմ ախոռո՞ւմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: