Հայերեն   English   Русский  

Մանր ու մեծ ձևերով վրեժխնդիր են լինում Վահան Շիրխանյանից. փաստաբան


  
դիտումներ: 4789

«Իմ աչքի առաջ է Վահան Շիրխանյանի առողջական վիճակը աստիճանաբար վատացել: Ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ ամեն անգամ նախորդ այցելության համեմատ նրա վիճակը վատանում է: Մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք նրան փրկել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նոյան տապան մամուլի կենտրոնում, հայտարարեց Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը մեկ ժամ առաջ էր այցելել իր պաշտպանյալին նրա առողջական վիճակի մասին թարմ տեղեկություններ իմանալու համար:

Մինչև փետրվարի 22-ը Եվրոպական դատարանը ժամանակ էր տվել ՀՀ կառավարությանը Վահան Շիրխանյանի առողջության հետ կապված հարցերին պատասխանելու համար:

«Կառավարությունը, հասկանալով, հավանաբար, որ առանց պարոն Շիրխանյանի հիվանդանոց տեղափոխելու չի կարող արդարացնել իր քայլին ամսի 22-ի իրենց պատասխանի մեջ գրում եյ, որ վաղը իրենք պատրաստվում են Վ. Շիրխանյանին տեղափոխել հիվանդանոց: Նրանք տանում են պարոն Շիրխանյանին ստացիոնար հետազոտությունների և բուժման»,- ասաց փաստաբանը:

8 օր անց ամբաստանյալին դուրս են գրում հիվանդանոցից և տեղափոխում Երևան քրեակատարողական հիմնարկ: Ըստ Հայկ Ալումյանի` սա խոսում է այն մասին, որ Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միակ նպատակը Եվրոպականի դատարանին ցույց տալն էր, որ ինչ-որ մի բան պետությունը անում է իր պարտականություններից:

«Եթե նա կարիք ուներ հետազոտությունների ու բուժման, ապա ինչո՞ւ դա չէր անում նախկինում մեկ տարվա ընթացքում, երբ մենք աղաղակում էինք դրա մասին: Եթե ստացիոնար հետազոտությունների և բուժման համար հիվանդանոց էին տեղափոխել, ինչո՞ւ չպահեցին հետագա բուժման համար, այլ միանգամից բանտախուց տարան»,- նշեց պարոն Ալումյանը:

Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր ներկայացնել բոլոր բժշկական փաստաթղթերը. «Որքան էլ աբսուրդ է հնչում, մեզ այդ փաստաթղթերը չէին տրամադրել: Պատկերացնո՞ւմ եք, պարոն Շիրխանյանին և իր պաշտպանին իր վերաբերյալ բժշկական քարտը չեն տրամադրել»:

Երբ պաշտպանը դիմեց դատարան, որից հետո այն պահանջեց այդ քարտը ներկայացնել, քրեակատարողական հիմնարկը անգամ դատարանին հրաժարվեց ներկայացնել դա: Դրանից հետո Եվրոպական դատարանը պահանջեց բոլոր այդ փաստաթղթերը.« 179 թերթից բաղկացած փաստաթղթերից նրանք ներակայացրել են միայն 49-ը` ասելով, որ դա է ամբողջը: Բարեբախտաբար, մենք ապացույց ունենք, որ ոչ թե 49 է, այլ 179 թերթ: Քրեակատարողական հիմնարկը դատարանին գրել էր, որ բժշկական քարտը 179 էջից է բաղկացած: Այն, ինչ իրենց չի վնասում դա են ներկայացրել Եվրադատարան: Մենք հայտնել ենք այս մասին Եվրադատարանին: Նրանք փորձում են «կացնային» միջոցներով ապացուցել, որ իրենք ճիշտ են, իսկ մենք` սխալ: Սակայն նրանց ստերը և խաբեությունները շատ հեշտ են բացահայտվում»:

Ըստ Փաստաբանի, այս քայլերից հետո քրեակատարողական հիմնարկում սկսել են վրեժխնդիր լինել Պաշտպանության նախկին փոխնախարարից.

«Հավանաբար, զայրացած լինելով այն բանից, որ մենք Եվրոպական դատարան ենք դիմել, բերել և գցել են ամենախոնավ և ամենանեղ, ամենավատ պայմաններով խուցը Նա ինձ պատմեց, որ գիշերը խոնավությունից հատակը սևանում է, ցերեկա ընթացքում դա գոլորշիանում է: Երբ պարոն Շիրխանյանին նետում են այդ խուց, ևս երեք հոգի է լինում այնտեղ, այն դեպքում, որ խուցը շատ նեղ է: Պարոն Շիրխանյանը դժգոհությունն է հայտնում: Բանտապետը ինչ-որ բանով օգտակար լինելու փոխարեն, այդ խուց հինգերորդ մարդն է տեղափոխում: Մանր ու մեծ ձևերով վրեժխնդիր են լինում Վահան Շիրխանյանից: Մենք պահանջեցինք, որ դիտորդներ գան, դա տեսնեն: Մեր բարձրացրած աղմուկից հետո հինգերորդին շտապ տեղափոխեցին այլ խուց»,- նշեց Հայկ Ալումյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: