Հայերեն   English   Русский  

Դպրոցում վերցված նմուշներում հայտնաբերվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ». դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է


  
դիտումներ: 253

Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխաների հիվանդության պատճառների վերաբերյալ։

Վարույթն իրականացնող մարմինն այսօր «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մասնաճյուղից ստացել է լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ հոսպիտալացված 4 երեխայի փսխման մասսայից, շրջակա միջավայրից վերցված 20 լվացուկներից 2-ում՝ ճաշի ափսե, աթոռի թիկնակ, անջատվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ», որը կարող էր հավանական պատճառ հանդիսանալ:


Վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ գյուղի դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչից հետո մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: