Հայերեն   English   Русский  

​ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ


ՖԲ գրառում


  
դիտումներ: 4730

Չգիտեմ` որտեղ եմ լսել մի արտահայտություն. ՙԳեղեցիկ խոսքերը ճշմարիտ չեն՚:

Սա առավել վերաբերում է Ռաֆայել Իշխանյանին, քանի որ գեղեցիկ և պաճուճազարդ խոսքերի կարիք նա չի զգում: Եվ իմ խորին համոզմամբ` չէր էլ սիրում երկար-բարակ, հավուր պատշաճի ասված խոսքեր: Նա գործի մարդ էր և գործում էր անդուլ ու անդադար: Գործելով հանդերձ` իր ողջ էությամբ ասում էր. ՙԱչք ունես` տե´ս, ականջ ունես` լսի´ր, սիրտ ունես` զգա´՚:

Եվ այսպես պարապ խոսքի մարդ չէր, գործում էր ամեն րոպե, ամեն պահ: Տարիների հեռավորությունից է միայն, որ սկսել եմ հասկանալ, թե ինչ էր անում մեզ համար ընկեր Իշխանյանը: Շատ հաճախ էր ասում. ՙԴուք էս ազգի աղն եք՚:
Ճանաչում էր իր բոլոր ուսանողներին, գիտեր մեր ուժեղ և թույլ կողմերը, պարզ տեսնում էր մեզ: Ինքը օրինակելի էր ամեն ինչով` կեցվածքով, խոսքով, վերաբերմունքով, հայասիրությամբ, իր գործին նվիրվածությամբ, ուսանողի նկատմամբ տածած հարգանքով, ավելին` մեզ` ապագա հայագետներիս և ուսուցիչներիս, լավ մարդ և լավ հայ տեսնելու նախանձախնդրությամբ:
Ձգտում էր, որ մենք կամենանք և սովորենք ինքնակրթվել և ինքնադաստիարակվել:
… Հաճախակի բավական պարզորոշ ակնարկներ էր անում ինձ, թե. ՙՔայլում ես, գիտես` աշխարհի տերն ես կամ էս քաղաքը քոնն է՚: Զարմանում էի` ինչ եմ արել, որ Իշխանյանին այդպես մտածելու առիթ եմ տվել: Մի օր էլ, երբ նորից այդ ոգով մի բան ասաց, չդիմացա ու նեղսրտած ասացի. ՙԼավ էլի, ընկե´ր Իշխանյան, սովորական աղջիկ եմ՚: Կարծես դրան էր սպասում: ՙԱպրե´ս, հենց էդ էի ուզում լսել: Իհարկե, սովորական աղջիկ ես՚: Ապա մոտեցավ ինձ ու ականջիս ասաց. ՙՉմեծամտանաս՚: Մինչ զարմացած ուզեցի տեղեկանալ, թե երբ եմ մեծամտացել, արագ հեռացավ: Բայց մինչև այսօր էլ հստակ լսում եմ նրա ձայնը, ու խոնարհաբար կախում եմ գլուխս, իհարկե, ինչո՞ւ պիտի մեծամտանամ: Գուցե միայն մի բանի համար, Ռաֆայել Իշխանյանի պես դասախոս եմ ունեցել, նրա ուսանողն եմ եղել:
Ես մտածում եմ, որ նա զարմանալիորեն ներդաշնակ անձնավորություն էր: Գրեթե երբեք դեմքին դժգոհության կամ նեղսրտության արտահայտություն չեմ տեսել: Խաղաղ ու պայծառ դեմք ուներ: Չեմ տեսել մի մարդ, որին այդքան վայելեր իր ազգանունը. ազնվական էր ու ազնվազարմ: Իմ մտապատկերի մեջ մանկավարժը, այդպիսին պիտի լինի` օրինակելի և առանձնահատուկ, այսինքն` անհատականություն: Իսկ Ռաֆայել Իշխանյանն անհատականությունն էր:
… Կուրսի աղջիկներով հավաքվել ենք համալսարանի դիմացի այգում: Բուռն ինչ-որ հարց ենք քննարկում. կուրսում արտառոց բաներ են եղել, վեճ ու կռիվ է ծագել:
Տեսանք` այգով անցնում է մեր պաշտելի Իշխանյանը: Լռեցինք, զգաստացանք, մոտեցանք ու շարվեցինք դիմացը: Բոլորիս լուռ զննեց ոտքից գլուխ ու սպասեց, որ պատմենք, թե ի´նչ է պատահել, ինչո´ւ ենք հուզված: Ուրիշ դասախոսի չէինք կարող վստահել, այսինքն` կլսեին որ…
Լսեց, լսեց, հետո, երբ մենք լռեցինք` սպասելով նրա դատաստանին, նա կկոցեց կապույտ աչքերը և ասաց. ՙԵթե ամեն մարդ մտածի, թե կռվի մեջ որն է իր մեղքը, կռիվ չի լինի՚: Միայն այդքանը, դե ուրեմն ականջ ունես` հասկացի´ր ասվածը, քննի´ր ինքդ քո մեջ, փորձի´ր այդ խոսքերի ճշմարտացիությունը կյանքում: Սա դաստիարակության Իշխանյանական սկզբունքն է:
…Հայոց լեզվի քննության օրն է: Հուզված եմ, անհանգիստ, ուզում եմ, որ ընկեր Իշխանյանը ուրախանա իմ պատասխանով, ուզում եմ, որ…
Մոտենում եմ սեղանին, նստում եմ զգույշ ու խոնարհ. ակնածանքով սպասում եմ, որ պատասխանեմ հարցերին: Այդ պահին մի անծանոթ տղա է ներս մտնում, Իշխանյանին պարզում մի գրություն: Առաջին անգամ եմ Իշխանյանին նեղսրտած, գրեթե զայրացած տեսնում: ՙԲա´ց արա, կարդա´ ինքդ՚: Տղան բաց է անում գրությունը և կարդում. ՙՀարգելի´ Ռաֆայել Ավետիկովիչ…՚: Իշխանյանի զայրույթը հասնում է գագաթնակետին, նա տղային ուղղակի դուրս է անում` առանց լսելու շարունակությունը, առանց պարզելու, թե ով էր վերջապես այդ գրության հեղինակը կամ ինչ էր ուզում: Նամակ գրողը երևի Իշխանյանին վատ գիտեր կամ բոլորովին չգիտեր, որ ռուսական ձևով` անուն-հայրանունով էր նրան դիմել:
Այսպես զայրացած էլ, առանց երեսիս նայելու, սկսում է գրել ստուգման գրքույկի մեջ: Հետո բարձրացնում է հայացքը և ասում. ՙԹամա´ր, բավարար ես ստանում՚: Ես զարմացած ու վիրավորված վերցնում եմ գրքույկը և մարտականորեն շարադրում միտքս. ՙԲայց ես չպատասխանեցի հարցերին, հետո էլ արդար չէ, որ զայրացաք, չթողիք` պատասխանեմ՚:
Հուզված դուրս եմ թռչում լսարանից, ստուգման գրքույկը ձեռքիս բռնած` հասնում եմ կանգառ, նստում տրոլեյբուս ու ինձուինձ ապշում, թե ինչպես կարող էր Իշխանյանը այդպես անարդար վարվել: Գնահատականը կարևոր չէր. ես սկսում էի կասկածել. Դո՞ւք էլ…
Տրոլեյբուսի մեջ տեսնում եմ, որ չարաբաստիկ ստուգման գրքույկը դեռ ձեռքիս է. ուզում եմ տեղավորել պայուսակիս մեջ, հետո ինքնաբերաբար բաց եմ անում… ՙԳերազանց՚:
Ողջ գիշեր չքնեցի, սոսկալի ամաչում էի Իշխանյանից: Նստեցի, մի նամակ գրեցի` մեղայական խոսքերով ու ներողամտություն հայցող բառերով: Երես չունեի նամակը հանձնելու: Ընկերուհուս խնդրեցի: Հաջորդ բոլոր օրերին զգուշանում էի, որ հանկարծ Իշխանյանին չտեսնեմ միջանցքներում: Բայց մի օր էլ անսպասելի դեմ դիմաց ենք դուրս գալիս, ես կծկվում եմ, կպչում պատին, իսկ Իշխանյանը, թե. ՙԱպրե´ս, լավ հայերեն գիտես՚: Միայն այդքանը…
Մոտ 5-6 տարի բախտ ունեցա աշխատելու ընկեր Իշխանյանի հետ: ՙՄայրենի լեզու՚ ուսումնական հաղորդաշար էր հեռարձակվում հանրային հեռուստատեսությամբ, մեր գիտական խորհրդատուն էր: Երբեք չէր կաշկանդում մեզ, նրբորեն հետևում էր, ուղղություն տալիս, միշտ մեր կողքին էր, ու մենք ուժեղ էինք: Մի օր միայն խորհրդակցության ժամանակ ասաց. ՙԱղջիկները մեծ գործ են անում՚: Հաղորդաշարի խմբագիր Լիլիկ Ստեփանյանը /նա էլ էր Իշխանյանի ուսանողը/ ու ես մի քանի օր անասելի երջանիկ էինք. Իշխանյանը մեզ գովել էր:
Դիտողություն երբեք ուղղակի չէր անում, բայց միշտ սովորեցնում էր: Մի օր զանգահարում եմ իրեն, վերցնում է լսափողը: Սովորության համաձայն` ասում եմ` ալո: Նա բավական կոշտ ձայնով պատասխանում է. ՙԱլոն չէ, Իշխանյանն է՚:
Ես միշտ մտածում եմ, որ մարդ բախտ պիտի ունենա 3-4 տարի անընդմեջ Իշխանյանին լսելու, նրա հետ շփվելու, նրա ուսանողը լինելու, հետո էլ նրա հետ աշխատելու: Եվ ես այդ բախտավորներից եմ:
Սկսեցի աշխատել դպրոցում. Իշխանյանը միշտ կողքիս էր: Հիշում էի` ինչ էր ասում մայրենի լեզվի դպրոցական դասավանդման մասին. գործնականություն և խոսքի ուսուցում: Քերականությունն ուսուցանել խոսքի մեջ, և երեխաներին անտեղի քերականախեղդ չանել:
Հիշում եմ` ինչպես մեզ ուղղագրություն, բառագիտություն, նախադասություն վերլուծել սովորեցրեց, ու ես դպրոցում փորձում եմ վարվել նույն կերպ: Իմ աշակերտները, ուսանողները հաճախ զարմանում են. ՙՈղջ Տերյանը անգիր գիտե՞ք՚: Իսկ ես ժպտում եմ ու մտքումս ասում` Իշխանյանի շնորհիվ: Եվ ինչո՞ւ միայն Տերյան…
Միշտ ասում էր, որ միջին դպրոցում հայոց լեզուն և գրականությունը միասնացած պիտի ուսուցանվեն, որ խոսքից դուրս քերականության ուսուցումը գրեթե չի նպաստում մարդու հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը: Որքա~ն արդիական է այդ մտահոգությունը նաև այսօր: Հպարտ եմ, որ ես` Ռաֆայել Իշխանյանի ուսանողս, կարողացել եմ ինչ-որ չափով կյանքի կոչել իմ դասախոսից սովորածս: Նրա` հայոց լեզվի դպրոցական դասավանդման շուրջ արտահայտած գաղափարներով զինված` անմիջական մասնակցություն ունեմ միջին դպրոցի առաջին օղակում` 5-րդ, 6-րդ դասարաններում մայրենի լեզու առարկայի դասավանդման գործում: Սկսած 2006 թվից` ողջ հանրապետության հանրակրթական դպրոցների վերոնշյալ դասարաններում ուսուցանվում է մայրենի լեզու, որը հայոց լեզվի և գրականության միանացած դասընթաց է: Այսինքն` լեզվական իրողություններն ուսուցանվում են ամբողջական բնագրեր ընթերցելուց, դրանք վերլուծելուց, լեզվաոճական առանձնահատկություն¬ները բացահայտելուց հետո: Դարձյալ Իշխանյանի շնորհիվ…
Ինքն էր, որ սովորեցրեց թափանցել գեղարվեստական խոսքի խորքերը, տեսնել, զգալ, լսել բառը: Սիրահարված էր հայերեն բառերին, հայերենին ընդհանրապես, և այդ սերը անմնացորդ մեզ էր փոխանցվում:
Հիշում եմ` ինչպես էր մեզ ինքնուրույնաբար աշխատեցնում տարբեր բառարաններով: Բառերի հսկա մի ցանկ էր տվել, հանձնարարել էր տարբեր բացատրական բառարաններով դրանք բացատրել և ներկայացնել: Մեր կատարած գործը հատված առ հատված ներկայացնում էինք լսարանում, միասին քննարկում, վերլուծում: Այսինքն` անընդմեջ հայերեն բառեր էինք սովորում և իրար սովորեցնում: Իսկ այսօր շարունակ խոսում են ուսանողի ինքնուրույնությունը, հետազոտական կարողությունները խթանելու և զարգացնելու մասին: Իսկ Ռաֆայել Իշխանյանը հենց դա էր անում…
Ընկեր Իշխանյանի հանձնարարությամբ կազմել էինք մեր խոսքի մեջ գործածվող օտար բառերի ցանկ, դրանց դիմաց գրել էինք հայերեն համարժեքները և մշտապես հետևում էինք մեր խոսքին, կիրառվող բառերին, արտահայտություններին, զբաղվում էինք ինքնակրթությամբ: Ռաֆայել Իշխանյանի շնորհիվ…
Հայոց լեզվից ինքնուրույն հետազոտական աշխատանքներ էինք անում. Օրինակ` ինձ հանձնարարել էր ուսումնասիրել տնտեսագիտական և բանասիրական ֆակուլտետների ուսանողների խոսքը և հանդես գալ զեկուցումով; Շատ հետաքրքիր աշխատանք էր, կարևորը` ինքնուրույն էր, կարևորը` դասախոսը վստահում էր քեզ, քեզ հետ վարվում էր որպես գործընկերոջ:
Տարբեր նախադասությունների հսկա փունջ էր կազմել, տվել էր մեզ, պահանջել էր, որ վերլուծենք շարահյուսորեն և ձևաբանորեն և ներկայացնենք լսարանում: Դժվարացող ուսանողներին առաջարկում էր խմբով աշխատել, միասին վերլուծել և իրար բացատրել: Այսօր դրան ասում են համագործակցային ուսուցում: 20-րդ դարի 70-ական թվականներին Իշխանյանն անում էր այն, ինչի մասին այսօր խոսում, բայց չեն կարողանում իրականացնել: Իսկ Ռաֆայել Իշխանյանը գործում և իրականացնում էր…
Ինձ համար հայոց լեզուն Ռաֆայել Իշխանյանի աչքերի գույնն ունի, նրա խաղաղ համբերատարությունը, անսեթևեթ բարությունը, պարզության և համեստության հետ անսահման խորությունը, աներեր համառությունը, պայքարի ջիղը…
Եվ ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես մարդ կարող է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ դառնալ առանց Ռաֆայել Իշխանյանի…

Թամար Ալեքսանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: