Հայերեն   English   Русский  

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման վերաբերյալ քննարկմանը առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ. Գևորգ Կոստանյան


  
դիտումներ: 3938

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալուն և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015-ի հունիսին։

ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ Նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը, որին առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ:

«Առաջին օրը հանդիպեցին ցածր պաշտոնյաներ, իսկ հաջորդ օրը բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունեցան: Ինձ ասացին, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց ԼՂՀ ներկայացուցչի: Ի սկզբանե անհամաձայնություն կար, չէինք կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել: Ես պատասխանեցի, որ առանց ԼՂՀ ներկայացուցչի մեր պատվիրակությունը չի մասնակցի կոմիտեի նիստին և կվերադառնա Երևան: Դրանից հետո, համաձայնություն ձեռք բերվեց, և հանդիպմանը մասնակցեց նաև ԼՂՀ ներկայացուցիչը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով` նախկինում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները լուռ համաձայնության են եկել, որպեսզի այդ երկու գործը չմտնի Նախարարների կոմիտեի օրակարգ, որտեղ հարցերը լուծվում են քվեարկությամբ: Անցյալ տարի Ադրբեջանը պնդեց, որ հարցը Նախարարների կոմիտեում քննարկման առարկա դառնա:

«Մեր պատվիրակությունը կարողացավ այն հետաձգել գոնե մինչև մարտի 7-9-ը: Մեր նպատակն էր, որպեսզի այս քննարկումներին ներգրավվենք նաև ԼՂՀ-ին: Արդյունքում ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը ևս մասնակցեց քննարկմանը և ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումը: Նա հայտնեց, որ որոշումը կայացվել է ԼՂՀ նախագահի և այլ ուժերի հետ քննարկման արդյունքում: Բնականաբար, Ադրբեջանը դեմ արտահայտվեց ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությանը, սակայն հայկական պատվիրակությունն ասաց, որ ոչ ոք իրավունք չունի դահլիճից դուրս հրավիրել Հայաստանի պատվիրակության անդամին»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Նա տեղեկացրեց, որ երկու գործով կողմերը պետք է ներկայացնեին իրենց առաջարկները որոշման վերաբերյալ: Ադրբեջանը կոչ արեց, որ երկու գործերով էլ կողմերը գործողությունների ծրագիր ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա հունիս ամիս: Իրենք սկզբունքայնորեն դեմ էին և առաջարկեցին քվեարկություն: Ադրբեջանի առաջարկությունները դրվեցին քվեարկության և մերժվեցին:

«Կողմ էին միայն Ադրբեջանն ու Թուրքիան, բայց ամենակարևորն այն էր, որ չգիտեմ ինչպես, Ադրբեջանը քվեարկությունից չհանեց նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով մինչև հունիս գործողությունների ծրագիր ներկայացնելու հարցը և դրան կողմ քվեարկեց 35 երկիր, դեմ էր միայն Ադրբեջանը, Թուրքիան ձեռնպահ էր: Քվեարկությունների արդյունքում, Հայաստանը պարտավորվեց շարունակել քննարկումները Նախարարների կոմիտեի հետ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման, իսկ Ադրբեջանը մինչև հունիս պետք է ներկայացնի իր գործողությունների ծրագիրը»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանի խոսքով` հայկական կողմն անընդունելի է համարում հարցի քննարկումը առանց Արցախի ներգրավվածության:

«Պարտավորությունների կատարման համար Հայաստանը երեք նախապայման ունի՝ ֆիզիկական անվտանգության երաշխիք, վստահության մթնոլորտի ձևավորում, որի հիմնական ձևը հետաքննության մեխանիզմների ստեղծումն է և ԼՂՀ-ին վերաբերող հարցերում ԼՂՀ-ի ներգրավվածությունը: Այս երեքի պարագայում Հայաստանը պատրաստ է քննարկել փոխհատուցման հարցը»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանն ամեն ինչ արել է «օկուպացված տարածքներ» բառը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործում ներգրավելու համար, ինչը նախադեպային կլիներ, սակայն հայկական կողմն ու ինքն անձամբ դեմ է արտահայտվել` հիմնավորելով իր դիրքորոշումը, այժմ նման բառակապակցություն գործում չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: