Հայերեն   English   Русский  

Հաստատվել է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը


  
դիտումներ: 1705

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ 2016 թվականի գործունեության հաշվետվությունը և Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը:

ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը զեկույցով ներկայացրեց Հիմնադրամի 2016 թվականի գործունեության առանցքային կետերը:

Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ նշվեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել Հայաստանում գործող բոլոր խոշոր բուհերը, ինչի արդյունքում ներկայում հայաստանյան ուսանողների շուրջ 90 տոկոսը սովորում է հավատարմագրված բուհերում: ՈԱԱԿ-ի և հավատարմագրված բուհերի քննարկումների արդյունքում ձևավորվել է ծրագրային աուդիտի տեսլականը: Այդ թեմայով քննարկումները շարունակվում են:

ՈԱԱԿ-ը 2016-ի ընթացքում համագործակցել է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ. վերապատրաստվել են 44 ուսումնական հաստատությունների աշխատակիցներ՝ ՄՈՒՀ-երում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման նպատակով:

Հաշվետու տարում Հիմնադրամն իրականացրել և հրապարակել է ՀՀ կրթական համակարգի համակարգային վերլուծություն 2012-2015թթ. համար:

Առանձնապես կարևորվեց միջազգայնացման ուղղությամբ արձանագրված հաջողությունը. ՈԱԱԿ-ը նախորդ տարի անցել է արտաքին գնահատում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից, ինչի արդյունքում արդեն այս տարի Հիմնադրամին շնորհվել է ENQA լիիրավ անդամակցություն:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց ՈԱԱԿ 2016թ. գործունեության հաշվետվությունը: Հաջորդող քննարկումից հետո հաստատվեց նաև Հավատարմագրման հանձնաժողովի կազմը: Մինչ նիստը Հոգաբարձուների խորհուրդն անհատական հանդիպումներ էր ունեցել Հավատարմագրման հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ:

Նոր ձևավորված Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են.

1.Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Սամվել Ավետիսյանը,

2.ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աշոտ Սաղյանը,

3.ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը,

4.Հասարակական գիտությունների թեկնածու, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) գործող նախագահ Սուսաննա Կարախանյանը,

5.Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը,

6.Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը,

7.ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահին առնթեր հանրային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ Աննա Երզինկյանը,

8.ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,

9.Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սեկելցիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը,

10.Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: