Հայերեն   English   Русский  

Կոմունիստները պայքարելու են մարմնավաճառության և աղանդների դեմ


  
դիտումներ: 688

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եզակի քաղաքական ուժ է , որը 114 տարվա պատմություն ունի և հույս ունի հայտնվել խորհրդարանում 2017 թվականի ընտրությունների արդյունքում:

Իրենց ծրագրերի մասին այսօր լրագրողների հետ խոսեց ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի լավագույն տարիները եղել են ԽՍՀՄ կազմում անցկացրած 70 տարիները:

Նրա խոսքով, նախորդ ընտրություններում ՀԿԿ-ն չհայտնվեց խորհրդարանում, որովհետև տեղի ունեցան ընտրակեղծիքներ, ոչ թե որովհետև իրենք թույլ էին:

«Տարիներ առաջ մենք կարողացանք ոչ միայն ոտքի հանել քայքայված տնտեսությունը, այլև տասնյակ անգամներով ավելացնել դրա զարգացման տեմպերը: Այժմ մենք ցավում ենք, որ մեր կողմից ձեռք բերվածն ուղղակի զրոյացվեց, թալանվեց, այն էլ՝ իշխանությունների գիտությամբ»,- ասաց ՀԿԿ ղեկավարը:

Որպես ՀՀ գլխավոր խնդիրներ պարոն Սարգսյանը ներկայացրեց արտագաղթը և աղքատությունը:

Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում փակվել է 400 մանկապարտեզ, 200 դպրոց և 800 մշակութային օջախ:

Տաճատ Սարգսյանը հերքեց, որ իրենց ֆինանսավորում են ստանում ՌԴ-ից. «Մենք ունենք 20 հազար անդամ, որոնք անդամավճար են մուծում, ինչպես նաև համակրիրներ, որոնք աջակցում են մեզ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կուսակցության վարչապետի թեկնածուին. ապա Տաճատ Սարգսյանը խոստացավ նրա անունն հրապարակել ԱԺ մտնելու դեպքում:

Նա նաև շեշտեց, որ ԱԺ-ում հայտնվելու դեպքում կտրելու են մարմնավաճառության «քոքը»:

«Խորհրդային տարիներին անբարո վարքագիծ ունեցողներին մատով էին ցույց տալիս, հավատացնում եմ ձեզ: Մեր պետության հիմքը ընտանիքն է ու կարևոր է կարգապահությունը, քանի որ այդպիսին կլինի նաև պետությունը: Այսօր մասսայաբար Թուրքիա են մեկնում հայ կանայք, իսկ տղամարդիկ գլուխները բարձր քայլում են, մի բան էլ ասում են, թե կինս գումար էր ուղարկել այս ամիս: Ամաչում ենք, որ նման մարդիկ կան մեր երկրում: Պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ կամաց-կամաց դրանց քոքը կտրվի»,-նշեց Տաճատ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ակտիվ պայքարելու են նաև զանազան աղանդների դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: