Հայերեն   English   Русский  

​Դինքի գործով 8 անձ կալանավորվել է


  
դիտումներ: 322

Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյունի կողմից հարուցված հետաքննությունը շարունակվում է:

Հետաքննության շրջանակներում մարտի 28-ին 8 մարդ կալանավորվել է:

Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, կալանավորված անձինք են լրագրող Մուամեր Այը, ինչպես նաև սպանության ժամանակ Սամսունի ժանդարմերիայի յոթ աշխատակից: Նշվում է, որ լրագրող Այը հանցագործությունից հետո՝ 2007 թ-ի հունվարի 20-ին՝ տեղի ժամանակով 21:03-ին, զանգահարել է Սամսունի ոստիկանության անվտանգության վարչության նախկին պետ, կասկածյալ Յաքուփ Քուրթարանին՝ հայտնելով, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Ստամբուլ-Տրապիզոն երթուղու ավտոբուսներից մեկով ուղևորվում է Սամսուն քաղաք: Նրա համար նախօրոք ամրագրված է եղել ավտոբուսի տոմս՝ «պարոն Սամասթ» անունով: Այդ պահի դրությամբ պաշտոնապես որևէ տեղեկություն չի եղել առ այն, որ Օգյուն Սամասթը Դինքին սպանողն է: Ոստիկանությունը հենց Սամսուն քաղաքի ավտոկայանի մոտակայքում էլ ձերբակալել էր Օգյուն Սամասթին:

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կասկածյալները կալանավորվել են «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «սահմանադրական կարգը խախտելու փորձ իրականացնելու» մեղադրանքներով, ինչպես նաև Դինքի սպանությունից հետո մարդասպան, թուրքական դրոշը ձեռքին պահած Օգյուն Սամասթի` պաշտոնյաների հետ արված լուսանկարները համացանցում տարածելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: