Հայերեն   English   Русский  

​Աննա մայրիկ. ազատագրական պայքարի աննվաճ ոգին


  
դիտումներ: 3010

Հայ ազատագրական պայքարի պատմության մեջ կանանց բազմաթիվ հզոր կերպարներ կան, որոնք, ցավոք, հանրության լայն զանգվածներին հայտնի չեն: Նրանցից է Աննա մայրիկը, որը հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Կարո Սասունու մայրն է, ինչպես նաև նշանավոր հայդուկապետ և հայ ազատագրական շարժման ականավոր ու առաջատար գործիչ Հրայրի (Արմենակ Ղազարյան) ազգականուհին:

Էդիկ Մինասյանի և Տաթևիկ Մինասյանի «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» գրքում Աննա մայրիկի մասին նույնպես ուշագրավ հիշատակումներ կան, որոնց աղբյուր են հանդիսացել նաև Աննայի որդու` Կարո Սասունու հուշերը:

Աննան ծնվել է 1847 թվականին, Խուլբի շրջանի Ահրոնք գյուղում: Ազգային-ազատագրական պայքարի շրջանում նա Խուլբի ամբողջ շրջանի, մասնավորապես Ահրոնք գյուղի ոգին էր: Աննան իր ողջ կյանքը նվիրել է ազատագրական պայքարին՝ մասնակցելով Սասունի 1894, 1904 թվականների ինքնապաշտպանական մարտերին:

Այդ հերոսուհին իր ազդեցությունն ուներ լեռնաշխարհի բնակչության վրա. նրան հաշվի էին առնում ոչ միայն հայ իշխաններն ու քուրդ աշիրեթապետները, այլև շրջանի թուրք կառավարիչները:

Աննան Ահրոնքի իշխաններից Խաչեենց միակ աղջիկն էր, և նա բոլորի ուշադրությունը գրավել էր իր խելացիությամբ, կամքի ուժով և նախաձեռնությամբ: 1865 թվականին ամուսնացել էր Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի հետ:

Ժամանակակիցների վկայությամբ՝ 1875-1915 թվականների ընթացքում Աննա մայրիկն առնչություն ուներ Տարոնի բոլոր վանահայրերի, աշիրեթապետների և թուրք կառավարիչների հետ: «Աննան իր զորավոր նկարագրով, համարձակախոսությամբ և խելքով գրավել էր բոլորի ուշադրությունը: Հերոսուհու իսկական տիպար էր նա: 1880-1890-ական թվականներին բարենորոգումների հարցի շուրջ հաճախ քննարկումներ ու վեճեր էր ունեցել Վարդան վարդապետի, Մ. Տամատյանի, հոգևոր առաջնորդ Ն. Խարախանյանի և նշանավոր այլ այրերի հետ: 1880 թվականին հայերը հրաժարվել էին քուրդ աղային վճարել «10 փարա» կոչվող հակաօրինական տուրքը, որի համար Միրզա աղան խաբեությամբ սպանել էր Ահրոնքի իշխան Գրգոյին: Աննա մայրիկի կոչով և գլխավորությամբ ոտքի ելած ահրոնքցիները հարձակվել էին Միրզա աղայի տան վրա և այրել ու հողին հավասարեցրել այն: Թեև Միրզա աղան, խույս տալով հայերի վրեժխնդրությունից, փախել էր լեռները, հայերի բարձրացրած աղմուկն ու ըմբոստությունն այնքան ուժեղ ու ազդու էին եղել, որ թուրքական իշխանությունները ստիպված բանտարկել և կախաղան էին հանել նրան: Այս դեպքերից հետո Աննա մայրիկը դարձել էր պատմական անձնավորություն. նրա մասին տարբեր պատմություններ էին շրջանառվում և նույնիսկ երգեր հյուսվում»,- գրում են Մինասյանները:

Որդին` Կարո Սասունին, իր հուշերում գրում է. «Իշխան Գրգոյի մահեն ետք, Մանկոյենց տունն էր գյուղին առաջավորը և ամենահարուստը: Երբ Միացյալ ընկերութիւնը Տալվորիկի և Խուլբի շրջաններուն համար Ահրոնքի մեջ դպրոց բացավ, Աննա մայրիկն իր վրա առավ ուսուցիչները և դուրսեն եկած աշակերտները տեղավորելու գործը և գյուղացի կիները կազմակերպեց՝ անոնց կարիքները հոգալու համար: Մեծ նվիրում ուներ կրթական գործին հանդեպ և ուսումը հրամայական պահանջ կը նկատեր հայկական գյուղերուն համար: Մեծ հետաքրքրությամբ կը հետևեր ազգային կյանքին, կը մտածեր պատահող դեպքերուն մասին և իր առողջ դատողությամբ կը վերլուծեր զանոնք»:

Թուրքական բարենորոգումներն անհասկանալի էին Աննա մայրիկի համար:

1894 թվականին՝ Սասունի ապստամբության պարտությունից հետո, երբ իշխան Գրգոն սպանվել էր, իսկ Հրայրը ձերբակալվել, Աննա մայրիկն անմիջապես գործի էր անցել: Խուլբի հայ գյուղերի մեջ տեղավորել էր նահանջող ուժերին, հալածվող ընտանիքներին ու որբերին և այդ ձմեռ ինքն անձամբ էր հոգացել նրանց կարիքները:

Աննա մայրիկը վայելում էր բոլորի վստահությունը, մեծապես հարգված ու սիրված էր իր վճռականության, քաջության ու հանդգնության շնորհիվ: Հնարավոր չէր ընկճել նրա ազատ, հպարտ, ըմբոստ ոգին:

Կարո Սասունին գրում է, որ 1894 թվականի դեպքերի ժամանակ Ահրոնքի բնակիչներին լուր է հասել, թե զինված քրդերի մի խումբ Ահրոնքով պիտի անցնի և պետք է ճաշի գյուղում: Աննա մայրիկը կարգադրում է, որ գյուղն ամբողջովին դատարկվի և ժողովուրդը ապաստանի լեռներում: Գյուղում մնում է ինքը` օգնական 20 կանանցով: Հյուրասիրության պատշաճ պատրաստություն տեսնելուց հետո, երբ զինյալ քրդերի խումբը հասնում է գյուղ, Աննա մայրիկը միայնակ դուրս է գալիս խմբին դիմավորելու: Ճաշից հետո, երբ տեսնում է, որ զինվորներից մեկը թանի պղնձե թասը գաղտագողի ծոցն է դնում, օձիքից բռնում է, իսկ երբ քուրդը հերքում է գողությունը, Աննա մայրիկը ապտակում է նրան և աշիրեթապետին խիստ դիտողություն անում: Քուրդ պարագլուխը հանկարծակիի է գալիս հայ կնոջ վարմունքից և հիանում նրա պահվածքով:

«Աննա մայրիկը հայտնի էր նաև գաղտնի գործեր գլուխ հանելու տեսակետեն,- մեկ այլ առիթով գրում է Կ. Սասունին,- առասպելական էին վտանգի րոպեին իր վճռականությունն ու քաջությունը: Հրայր Դժոխքը հաճախ իրեն կը վստահեր գաղտնի գործերը, ինչպէս, օրինակ, Խուլբի շրջանին, պատուհաս Շավեշ Չավուշի մաքրագործումը: Բիթլիսի բանտեն ազատելե ետք, Հրայր Ահրոնք եկավ և Աննա մայրիկին հետ երկարորեն խորհրդակցեցավ: Հրայրի մեկնումեն ետք, մայրիկը զենքի և կապարի փոխադրության իր երկու գործակատարները` Մանոն և Առքոն, կանչեց և իր թելադրությունները ըրավ: Անոնց անվրեպ գնդակն էր, որ Շավեշ Չավուշ տեղն ու տեղը սպաննեց»:

Աննա մայրիկն ուներ 6 որդի, որոնց դաստիարակել էր հայրենիքի ազատության գաղափարներով ու սկզբունքներով: Նա ակտիվորեն մասնակցել է նաև 1904 թվականին Սասունի ապստամբությանը իր Գալուստ և Աբրահամ որդիների հետ: Ապստամբության պարտությունից հետո, երբ Գալուստը ձերբակալվել է, շրջանի ղեկավար է դարձել Աննա մայրիկը և տղայի վրեժը լուծել: Նրա հրահանգով Ահրոնքի սահմաններին մոտեցող թշնամին կանգնեցվել ու ետ էր շպրտվել, որից հետո շրջակա հայկական գյուղերը ևս մնացել էին անձեռնմխելի:

Աննա մայրիկը կազմակերպել է նաև շրջանի կանանց, քանի որ նրանց տղամարդկանց մեծ մասը կա՛մ բանտարկված էր, կա՛մ ապաստանել էր լեռներում, ուստի գործելու դեպքում անմիջապես կասկած կառաջացնեին:

Այդ տարիներուն Աննա մայրիկը շատ հաճախ կանանց ընկերակցությամբ բողոքի էր գնում Փասուր՝ կառավարական կենտրոն, երբեմն էլ այս ու այն պաշտոնյայի դեմ բողոքի հեռագրեր ուղարկում Պոլիս:

1908 թվականի ապստամբությունից հետո Գալուստը բանտից ազատվել է: Մոր թելադրանքով տղան շարունակել է շրջանները զինելու գործը՝ ինքնապաշտպանության պատրաստ լինելու նպատակով:

Աննա մայրիկն ու Վարդան վարդապետը հաճախ էին վիճում: Նա մեղադրում էր վարդապետին, որը, թուրքերին հավատալով, ժողովրդին հեռու էր պահել մարտական վիճակից, կոչ չէր արել զինվելու, թեկուզ գաղտնի չէր հրահանգել նրանց: Վարդապետը պատասխանել էր, որ ժամանակները փոխվել են, պետք չէ կատաղեցնել գազանին, պետք է սպասել, մինչև որ նոր լույս կբացվի:

Ինչպես վկայեցին հետագա դեպքերը, Աննա մայրիկը ճիշտ էր ու հեռատես: 1915 թվականին այդ հերոսուհի հայուհին ու մեծ մայրը երեխաների հետ ձերբակալվում է: Մեծ եղեռնի օրերին, չհամաձայնելով Վարդան վարդապետի հնազանդության կոչերին, որոշում է իր 6 որդիների հետ կռվել մինչև վերջ: Սակայն զենքի բռնագրավումից հետո բանտ է նետվում և իր երեք որդիների հետ Բիթլիս տանող ճանապարհին նահատակվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: