Հայերեն   English   Русский  

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աղմկահարույց գործում յոթ ամիս է, ինչ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել


  
դիտումներ: 793

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում դեռևս ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլին հաղորդում էր ստացվել, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը ծեծի է ենթարկում երեխաներին և յուրացնում նրանց համար նախատեսված գումարները: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջամտության արդյունքում տնօրենը աշխատանքից ազատվեց: Մի շարք հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ հանցագործությամ մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազին: Փաստերի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Տիգրան Հայրապետյանի խոսքով` նախկին տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ունեցել է հովանավորներ, այդ թվում` փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով աչք է փակել տնօրենի ապօրինությունների վրա, և հաստատության աշխատակիցների բոլոր բողոքների մասին հայտնել տնօրենին, ով էլ հետագայում հաշվեհարդար է տեսել բողոք ներկայացնողների նկատմամբ:

«Փաստորեն վերջին 7 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների անգործության հետևանքով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Պարզվել է նաև, որ նախաքննությունը ընթանում է միայն տնօրենի կողմից կատարած ֆինանսական չարաշահումների մասով, իսկ փոխնախարարի կամ երեխաների նկատմամբ կիրառված ծեծի և բռնությունների մասով ընդհանրապես քննություն չի կատարվել»:

Ըստ փաստաբանի` այս ամենը մտահոգության տեղիք է տալիս. «Գործի ձգձգվելու պատճառով այն կարող է փակվել, և մեղադրանք չի առաջադրվի: Այդ դեպքում հովանավորները ևս պատասխանատվության չեն ենթարկվի»

Երեկ հաղորդում ներկայացրած անձինք քննիչի և դատախազի անգործությունը բողոքարկել են դատարան, որպեսզի բոլոր մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: